29/08/2026

EU – Armenia

Երեխաներին ընդունելու փոխարեն ասել են` մանկապարտեզը գնում է նորոգման

Երևանի թիվ 17 մսուր-մանկապարտեզում երեխաների ընդունելության շուրջ ծնողների համար անակնկալ իրավիճակ է ստեղծվել։

Մեր տեղեկություններով՝ կրտսեր առաջին խումբ ընդունվող երեխաների ծնողներին նախ զանգահարել են մանկապարտեզից, հրավիրել հանդիպման, իսկ նախատեսված հանդիպման օրը՝ առավոտյան, տեղեկացրել, որ երեխաներին չեն կարող ընդունել, քանի որ մանկապարտեզը պետական ծրագրի շրջանակում պետք է վերանորոգվի։
Ծնողներին առաջարկվել է երեխաներին հանել հերթագրումից և հերթագրել այլ մանկապարտեզում։

Մանկապարտեզի տնօրինությունը սակայն ծնողների բազմաթիվ հարցերին պատասխան չի տվել, մասնավորապես եթե մանկապարտեզը պետք է վերակառուցվեր և դրա պատճառով երեխաների ընդունելություն չէր նախատեսվում, ապա ինչո՞ւ էին երեխաներին նախապես հերթագրել, ինչո՞ւ էին ծնողներին հանդիպման հրավիրել, և ինչո՞ւ վերանորոգման մասին տեղեկությունը նրանց փոխանցվեց հենց նախատեսված հանդիպման օրը։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ Երևանի հ. 17 մսուր-մանկապարտեզն ընդգրկված է «Երևանի էներգաարդյունավետության 2-րդ» ծրագրով վերակառուցվող մանկապարտեզների ցանկում։

«Այս պահին մանկապարտեզում շենքային մի շարք խնդիրների պատճառով ընդունելությունը կազմակերպվում է միայն կրտսեր առաջին խմբում՝ ծնողների համաձայնագրի հիման վրա»,– հայտնել են քաղաքապետարանից։ Այլ մանրամասներ քաղաքապետարանը չհայտնեց։ Փորձեցինք կապ հաստատել նաև մանկապարտեզի հետ՝ պարզելու, թե երբ է հայտնի դարձել վերակառուցման անհրաժեշտության մասին, ինչու են երեխաներին հերթագրել և ծնողներին հանդիպման հրավիրել, եթե ընդունելությունը չէր նախատեսվում, սակայն մանկապարտեզից մեր զանգերին չպատասխանեցին։