29/08/2026

EU – Armenia

Իսլամական նոր ՆԱՏՕ-ի ձևավորման արդյունքում Հարավային Կովկասի անվտանգային միջավայրը կարող է փոխվել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը առաջարկել է իսլամական պետությունների դաշինք ստեղծել և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։

Նրա հայացքով՝ իսլամական ոչ մի պետություն մյյուսի նկատմամբ տարածքային հավակնություններ չի կարող ունենալ, չպետք է իր տարածքը այլ երկրի տրամադրի։ Ավելի վաղ Իսլամական հանրապետության գերագոույն հոգեւոր առաջնորդի խորհրդական գեներալ Սաֆավին «Մեքքայի համաձայնագրին» միանալու առաջարկությունը «հետաքրքիր» է որակել։

«Մեքքայի համաձայնագրի» կողմերից Պակիստանը իրանա-ամերիկյան բանակցությունների ուղղակի միջնորդ է, գործընթացին որոշակիորեն ներգրավված է նաև Թուրքիան։ Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Իրանի դեմ ԱՄՆ հարվածները դադարեցնելու հարցում դեր է խաղացել նաև Սաուդյան Արաբիան, որի հետ դիվանագիտական հարաբերությունները Թեհրանը վերականգնել է Չինաստանի միջնորդությամբ։

Իրանի նախագահի առաջարկությունը, սակայն, ավելի խոր ենթատեքստ ունի։ Իրանի դեմ պատերազմը բացահայտել է, որ Պարսից ծոցի երկրների անվտանգային համակարգը խոցելի է։ Պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը արտասահմանյան առաջին այցը կատարել է Սաուդյան Արաբիա և Արաբական միացյալ էմիրություններ, ձեռք են բերվել ներդրումային խոշոոր համաձայնություններ։

Ամերիկյան աղբյուրները, թեեւ դժկամությամբ, բայց ստիպված են ընդունել, որ իրանական հարվածները զգալի վնաս են հասցրել Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմահենակայաններին և հետախուզական ենթակառուցվածքներին։

Իրանը փորձում է ԱՄՆ-ից արաբական երկրների հիասթափվածությունը կապիտալիզացնել և ձևավորել առնվան «քաղաքակրթական դաշինք»։ Իսլամական աշխարհի առաջնորդության է ձգտում նաև Թուրքիան։ Միջազգային մամուլը Թուրքիա-Պակիստան- Սաուդյան Արաբիա դաշինքը արդեն իսկ անվանել է «իսլամական ՆԱՏՕ»։

Հարավային Կովկասի շուրջ, այսպիսով, կարող է ձևավորվել անվտանգային նոր և ավելի բարդ միջավայր։ Ադրբեջանի Իսլամական համերաշխության և Իսլամական համագործակցության կազմակերպությունների անդամ է։

Այդ երկրի անվտանգության երաշխավորը Թուրքիան է, բայց Ադրբեջանի ապագան պայմանավորված է նաև Իրանի հետ հարաբերություններով։ Իհարկե, «իսլամական պակտի» գաղափարը, որ հնչեցրել է Իրանի նախագահը, կարող է և մնալ «ձայն բարբառո յանապատի», բայց չպետք է բացառել հեռանկարը, երբ Հարավային Կովկասի շուրջ կստեղծվի անվտանգային նոր և ավելի բարդ միջավայր։