03/09/2026

EU – Armenia

Երկու դար անց Արաքսը կրկին աշխարհաքաղաքական սահմանագիծ է

Բիշքեկում Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը սովորական դիվանագիտական դրվագ չէ։

Այն տեղի է ունենում այն պահին, երբ Իրանը միաժամանակ ճնշման տակ է հարավից՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից, և անհանգստացած է հյուսիսում՝ Հարավային Կովկասի արագ փոխվող աշխարհաքաղաքականությունից։

Թեհրանի համար վտանգավորը ճանապարհը չէ։ Վտանգավորը ճանապարհից հետո առաջացող քարտեզն է։ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից և «Թրամփի ուղու» ձևավորումից հետո Հարավային Կովկասում սկսվել է մի գործընթաց, որի վերջնական արդյունքը կարող է լինել Ռուսաստանի ազդեցության նվազումը, ամերիկյան երկարաժամկետ տնտեսական ներկայությունը, Հայաստան-Ադրբեջան փոխկախվածությունը և Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը։

Իրանը այս փոփոխության գլխավոր հակառակորդը չէ։ Բայց ամենանյարդային դիտորդներից է։ Պատճառը պատմական է: Դարեր շարունակ Պարսկաստանը Կովկասը դիտել է ոչ միայն որպես իր հյուսիսային սահմանագիծ, այլև որպես անվտանգության կենսական գոտի։

XIX դարում Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը Թեհրանի համար սոսկ տարածքային կորուստ չէին․ դրանք Ռուսաստանի առաջխաղացումն էին մինչև Արաքս և ուժերի հավասարակշռության հիմնարար փոփոխություն Իրանի հյուսիսային սահմաններին։

Երկու դար անց Արաքսը կրկին աշխարհաքաղաքական սահմանագիծ է։ Միայն մտահոգության աղբյուրն է փոխվել․ եթե այն ժամանակ Թեհրանը հետևում էր Ռուսաստանի հարավային առաջխաղացմանը, այսօր նրա հիմնական մտավախությունը Հայաստանի հարավում ամերիկյան երկարաժամկետ ներկայության հնարավորությունն է։

Այստեղից էլ բխում է Իրանի հիմնական կարմիր գիծը։ Թեհրանը կարող է ապրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի հետ։ Կարող է շահել տարածաշրջանային առևտրի աճից։ Նրան ձեռնտու է նաև կայուն Հայաստանը՝ որպես դեպի Վրաստան, Սև ծով և Եվրոպա հյուսիսային ելք։ Բայց նա չի ցանկանում, որ Արաքսի մյուս ափին ամերիկյան ազդեցությունը դառնա ինստիտուցիոնալ և երկարաժամկետ։

Սա բացատրում է նաև Ալիև-Փեզեշքիան հանդիպման իրական արժեքը։ Բաքուն Իրանին կարող է առաջարկել այն, ինչ աշխարհաքաղաքականությունում հաճախ փոխարինում է վստահությանը՝ շահ։

Արաքսի հարավային ափով Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցություն, Հյուսիս-Հարավ երթուղու զարգացում, սահմանային առևտուր, էներգետիկ համագործակցություն։ Այս ամենը Թեհրանին տնտեսական պատճառ է տալիս հարմարվելու այն նոր տարածաշրջանին, որը քաղաքականապես ամբողջությամբ իրեն դուր չի գալիս։

Սակայն այստեղ Հայաստանի համար կա ավելի կարևոր հարց։ Երևանը չպետք է թույլ տա, որ Իրանի հետ «Թրամփի ուղու» մասին խոսակցությունը վերածվի ընտրության՝ Վաշինգտո՞ն, թե՞ Թեհրան։

Հայաստանի հաջողությունը ճիշտ հակառակն է՝ դարձնել այդ ընտրությունը անիմաստ։ Հայաստանի տարածքով արևելք-արևմուտք հաղորդակցությունը և Իրան-Հայաստան հյուսիս-հարավ ճանապարհը մրցակիցներ չեն։ Դրանք կարող են հատվել նույն երկրում։ Եվ հենց այդ հատումն է Հայաստանի ամենամեծ աշխարհատնտեսական հնարավորությունը։

Փոքր պետությունները հազվադեպ են կարողանում ընտրել աշխարհագրությունը։ Բայց երբեմն կարողանում են ստիպել աշխարհագրությանը աշխատել իրենց օգտին։

Եթե Հայաստանը միաժամանակ կապվի Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով Եվրոպային, Իրանի միջոցով Պարսից ծոցին, Վրաստանի միջոցով Սև ծովին և Կասպիցի միջոցով Կենտրոնական Ասիային, նրա անվտանգությունը միայն սահմանապահների թվով չի չափվի։

Այն կսկսի չափվել նրանով, թե քանի պետություն շահ ունի Հայաստանի կայունությունից։

Սա է ճանապարհների իրական քաղաքականությունը։ Հռոմեական ճանապարհները կառուցվում էին լեգեոնների համար, բրիտանական երկաթուղիները՝ կայսրության համար, խորհրդային գծերը՝ կենտրոնի վերահսկողության համար։ Այսօր միջանցքները կառուցվում են կապիտալի, տվյալների, էներգիայի և ազդեցության համար։ Բայց սկզբունքը նույնն է. ճանապարհը ուժ է տալիս նրան, ով ոչ միայն անցնում է դրանով, այլ սահմանում է դրա կանոնները։

Այդ պատճառով Հայաստանի պատասխանը Իրանի մտահոգություններին պետք է լինի պարզ՝ հայկական տարածքում չկա արտատարածքային միջանցք, չկա օտար ինքնիշխանություն, չկա հայկական իրավազորությունից դուրս գոտի։

Բայց պետք է լինի բաց ճանապարհ։ Դեպի Ադրբեջան՝ այո։ Դեպի Թուրքիա՝ այո։ Դեպի Իրան՝ առավել ևս։ Եվ դեպի Վրաստան ու Սև ծով՝ անպայման։ Այդ դեպքում Հարավային Կովկասի նոր քարտեզում Հայաստանը այլևս չի լինի տարածք, որի շուրջ ուրիշներն են համաձայնության գալիս։

Կլինի հանգույց, որի հետ բոլորը ստիպված են համաձայնության գալ։ Իրանի հետ Հայաստանի դիվանագիտության նպատակը, հետևաբար, Թեհրանին համոզելը չէ, որ տարածաշրջանը չի փոխվում։

Այն փոխվում է։ Նպատակը ցույց տալն է, որ ուժեղ և բաց Հայաստանը Իրանի համար ավելի անվտանգ հարևան է, քան թույլ և մեկ կենտրոնից կախված Հայաստանը։

Երկու հարյուր տարի առաջ Արաքսը դարձավ մեծ տերությունների բաժանման գիծ։ Հայաստանի խնդիրն այսօր այն հաղորդակցության գիծ դարձնելն է։ Պատմությունը սահմաններ է գծում ուժով։

Խելացի պետությունները երբեմն կարողանում են այդ սահմանների վրա ճանապարհներ կառուցել։