Էստոնիան տարիներ շարունակ հետևողականորեն բարելավել է իր կրթական համակարգը և աշակերտների ուսումնառության արդյունքները, որոնք գնահատվում են PISA-ի միջոցով, և այդ ճանապարհով կրթության ոլորտում դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը։
«Կրթական նորարություն և առաջնորդություն» որակավորումը ինձ հնարավորություն է տվել խորապես հասկանալու կրթության բարդությունը, կրթության ոլորտում առկա մարտահրավերների վերլուծության և լուծման ուղիները, փոփոխությունների վրա ազդելու և դրանք առաջնորդելու մեխանիզմները, ինչպես նաև՝ էստոնական կրթության հաջողության վերաբերյալ ապացուցահեն գիտելիքը՝ PISA-ի արդյունքների համատեքստում։
Հայաստանի PISA 2025 արդյունքները մտահոգիչ են, սակայն այն դիսկուրսը, որ դրանք ազդում են երկրի հանրակրթության վարկանիշի վրա, կարծում եմ՝ ուռճացված են:
2025 թվականի PISA արդյունքները պետք է դիտարկել որպես կրթական համակարգի անցումային փուլում ստացված արդյունք, այլ ոչ թե որպես հանրակրթության պետական չափորոշիչների վերջնական գնահատական: Այն չի կարելի համարել հանրակրթության վիճակի որոշիչ պատկեր. դա պարզապես միջազգային առաջին ախտորոշիչ գնահատականն է, որը պետք է հանդիսանա բարելավման ելակետ:
OECD-ի տվյալները և տարբեր վերլուծությունները ցույց են տալիս, որ PISA-ում բարձր արդյունքը համակարգային և երկարաժամկետ աշխատանքի արդյունք է։ Դեռևս 2011-ից Էստոնիայի ազգային ուսումնական ծրագրերը և չափորոշիչները հստակորեն հիմնված են կարողունակությունների ձևավորման տրամաբանության վրա։ էստոնիայի պետական չափորոշչում կարողունակությունները սահմանվում են որպես գիտելիքների, հմտությունների և մոտեցումների ամբողջություն, որը սովորողին հնարավորություն է տալիս ստեղծագործաբար, ճկուն և արդյունավետ դրսևորվել։ Ընդ որում՝ կարողունակությունները զարգացվում են ոչ թե մեկ, այլ բոլոր առարկաների միջոցով:
Էստոնիայի պետական ուսումնական ծրագրում առաջավորվում է այն մոտեցումը, որ աշակերտը պետք է լինի ուսուցման գործընթացի ակտիվ մասնակից, կարողանա ինքնուրույն սովորել, նպատակներ սահմանել և վերլուծել սեփական ուսումնառությունը։
Հայաստանի Հանրապետության նոր չափորոշիչների մշակման գործընթացում մեծապես հաշվի են առնված Էստոնիայի փորձից փոխառված մոտեցումները, որոնք հընթացս պետք է գործարկվեն: Սա հատկապես կարևոր դիտարկում է այն առումով, որ Հայաստանում իրականացվում են հանրակրթության ոլորտի բովանդակային, կառավարչական և ֆինանսական բնույթի մի շարք բարեփոխումներ։
PISA 2025-ի արդյունքները չեն փաստում, որ Հայաստանում կրթական բարեփոխումները սխալ ուղու վրա են, բայց նաև չեն էլ հաստատում, որ բարեփոխումները լիովին հաջողված են: Բարեփոխումները շարունակաբար իրականացվում են, և պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ ենք փոխում, և ինչ արդյունք է տալու այդ բարեփոխումը ապագայում:
PISA 2025-ը փաստացիորեն չափել է այն կրթական համակարգի արդյունքները, որի սովորողների հիմնական մասը կրթություն է ստացել նախորդ՝ գիտելիքահեն չափորոշչի պայմաններում։ Հետևաբար այս արդյունքները չեն կարող դիտարկվել որպես նոր՝ կարողունակությունների և կիրառական հմտությունների վրա հիմնված չափորոշչի ամբողջական ազդեցության գնահատում։ Ճիշտ կլինի դրանք որակել որպես ելակետային տվյալներ, որոնց նկատմամբ պետք է գնահատվի նոր չափորոշչի և դրան ուղեկցող բարեփոխումների հետագա ազդեցությունը։
Մենք այսօր չափում ենք հին համակարգի վերջին արդյունքները, բայց ցանկանում ենք դրանցով գնահատել նոր համակարգի արդյունավետությունը։ Սա մեթոդաբանական առումով կարծում եմ՝ ճիշտ չէ։
Նոր չափորոշչի հաջողությունը պետք է գնահատվի ոչ թե դրա ընդունման կամ ներդրման փաստով, այլ այն բանի հիման վրա, թե առաջիկա տարիներին որքանով այն կփոխի ուսուցման փորձառությունը և, ի վերջո, սովորողների ուսումնառության արդյունքները։
ՀՀ հանրակրթության պետական նոր չափորոշչի գաղափարախոսության հիմքում դրված է կրթության նկատմամբ այլ մոտեցում՝ սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցել, այլև ձևավորել այնպիսի կարողունակություններ, որոնց միջոցով նա կարող է գիտելիքը կիրառել, վերլուծել, խնդիրներ լուծել, հաղորդակցվել և գործել փոփոխվող միջավայրում։ Այս մոտեցումը համահունչ է ժամանակակից եվրոպական կրթական զարգացումներին, այդ թվում՝ Էստոնիայի կրթական համակարգում ձևավորված կարողունակությունների վրա հիմնված մոտեցմանը։
Էստոնիայի փորձն ինձ համար առանձնահատուկ հետաքրքրություն ունի նաև մասնագիտական առումով․ վերջերս Էստոնիայի Տալլին համալսարանի «Կրթական գիտություններ» մասնագիտության կրթական ծրագրի շրջանակներում ստացել եմ «Կրթության Նորարարություն և Առաջնորդության» միկրոորակավորումը, որի կարևորագույն դասերից մեկն այն է, որ կրթական բարեփոխումը չի կարելի գնահատել միայն այն պահին, երբ այն ներդրվում է։ Նոր քաղաքականությունը պետք է ժամանակի ընթացքում վերածվի նոր մասնագիտական փորձառության, իսկ նոր փորձառությունը՝ սովորողների ուսումնառության չափելի փոփոխության։
Այս տրամաբանությամբ պետք է նաև մեկնաբանել Հայաստանի PISA 2025 արդյունքները։ Մենք չենք կարող վերցնել մի ցուցանիշ, որը մեծապես արտացոլում է նախորդ կրթական մոտեցման պայմաններում ձևավորված ուսումնառության արդյունքը, և դրանով վերջնական դատողություն անել նոր չափորոշչի արդյունավետության մասին։
Կրթության կառավարման և կրթական գործընթացի առաջնորդության տեսանկյունից պետք է արձանագրել ոչ միայն այն, թե ինչ է ներդրվում համակարգում, այլև՝ ինչ է փոխվում դրա արդյունքում։ Եթե ներդրվում է կարողունակությունների վրա հիմնված չափորոշիչ, պետք է տեսնենք՝ փոխվո՞ւմ է արդյոք դասավանդման փորձառությունը, թե՝ ո՛չ:
Եթե վերապատրաստվում են ուսուցիչները, պետք է գնահատենք նրանց մանկավարժական գործելակերպի փոփոխությունը: Եթե կառուցվում են ԲՏՃՄ լաբորատորիաներ, պետք է փորձենք հասկանալ, թե արդյոք բարելավվո՞ւմ են սովորողների բնագիտական մտածողությունն ու խնդիրների լուծման կարողությունները։ Եթե ավելանում է կրթության ֆինանսավորումը, պետք է կարողանանք ցույց տալ դրա կապը կրթական վերջնարդյունքների հետ։ Այս առումով նպատակային է Էստոնիայի փորձի ներդրման անհրաժեշտությունը, քանի որ բարձր արդյունքը միայն լավ մշակված չափորոշիչը չէ։ Այն վկայում է նաև դպրոցների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների, դպրոցական առաջնորդության, ինքնավարության և պատասխանատվության, որակի ապահովման ու տվյալների վրա հիմնված շարունակական բարելավման մասին:
Հայաստանի համար առաջիկա խնդիրը ոչ միայն PISA-ի միավորները բարձրացնելն է, այլև այնպիսի համակարգ ստեղծելը, որտեղ նոր չափորոշիչը իրականում փոխում է դասարանը, դասավանդողին և սովորողին:
Սոնա Հակոբյան
բ.գ.թ. դոցենտ, Էստոնիայի Տալլին Համալսարանի «Կրթական գիտություններ» մասնագիտության
«Կրթական նորարարություն և առաջնորդություն» միկրոորակավորման ծրագրի շրջանավարտ, հետազոտող

Բաց մի թողեք
Մարզպետը սպառնացել է տնօրենին` հերքեք, թե չէ կհեռացնեմ աշխատանքից
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվեց ԵՊՀ ռեկտոր. Լուսանկար
Հայաստանի 15 տարեկան երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին․ Գոհար Ղումաշյան