13/09/2026

EU – Armenia

«Ռոմեո և Ջուլիետը»՝ նոր շնչով․ Սունդուկյանի 105-ամյա բեմի նոր բացահայտումները․ Լուսանկարներ

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորաբաց Բաց բեմում երեկ կրկին հնչեց այն պատմությունը, որի ավարտը մարդկությունը գիտի գրեթե հինգ դար, բայց որի հանդեպ հետաքրքրությունը կարծես երբեք չի ավարտվում։

Երկու անուն՝ Ռոմեո և Ջուլիետ։ Սեր, որը ծնվում է ատելության մեջ, ապրում է ժամանակի դեմ և մահանում՝ դառնալով հավերժություն։ Բայց այս անգամ այդ պատմությունը Սունդուկյանի բեմ վերադարձավ ոչ թե պարզապես որպես Շեքսպիրի դասական տեքստի հերթական բեմադրություն։ Այն վերադարձավ նոր շնչով, ժամանակակից բեմական լեզվով, շարժումով, գույնով և, հատկապես, երաժշտությամբ՝ բացելով թատրոնի 105-րդ թատերաշրջանը։

Եվ գուցե հենց երաժշտությունն է այն բանալին, որով այս «Ռոմեո և Ջուլիետը» փորձում է խոսել այսօրվա հանդիսատեսի հետ։ Որովհետև այս ներկայացման մեջ Շեքսպիրը միայն չի ասվում։ Նա նաև հնչում է ինչպես ջազի, այնպես էլ՝ հայկական երաժշտության տեսքով։

Դասական պատմություն՝ ժամանակակից սրտի ռիթմով

Ամերիկացի բեմադրիչ Ջոն Բլոնդելլի ընթերցմամբ «Ռոմեո և Ջուլիետը» կարծես հեռանում է այն ավանդական պատկերացումից, որտեղ Վերոնայի երկու պատանիները պարզապես սիրո մեծ ողբերգության հերոսներն են։

Այստեղ նրանք առաջին հերթին երիտասարդներ են։ Երիտասարդներ, որոնք փորձում են ապրել մի աշխարհում, որտեղ մեծերի թշնամանքը վաղուց որոշել է իրենց կյանքի կանոնները։ Իսկ նրանց սերը դառնում է այդ կանոններին չհնազանդվելու ամենահամարձակ ձևը։

Շեքսպիրի ողբերգության ուժը հենց այստեղ է՝ նա երբեք միայն երկու սիրահարների մասին չէ։ «Ռոմեո և Ջուլիետը» միշտ նաև աշխարհի մասին է, որն այնքան զբաղված է իր ատելությամբ, որ չի նկատում, թե ինչպես է կորցնում իր ամենաթանկը՝ երիտասարդությունը, սերը, ապագան։

Բլոնդելլի բեմադրությունն այդ պատմությանը նայում է ժամանակակից աչքով։ Եվ այդ հայացքը երբեմն կտրուկ է, երբեմն զգայական, երբեմն դինամիկ, իսկ երբեմն՝ գրեթե երաժշտական։

Երբ ջազը մտնում է Վերոնա. Այս բեմադրության ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկը երաժշտական միջավայրն է։ Ներկայացման ընթացքում հնչող երաժշտության զգալի մասը ջազային է, և դա պարզապես երաժշտական ձևավորում չէ։ Ջազը այստեղ դառնում է բեմական մտածողության մի մասը։

Ջազը, ի տարբերություն նախապես ամբողջությամբ կանխորոշված երաժշտության, իր բնույթով ազատության արվեստ է։ Այն ապրում է ռիթմի, իմպրովիզացիայի, անսպասելիության և ներքին լարվածության մեջ։

Իսկ ի՞նչ է «Ռոմեո և Ջուլիետը», եթե ոչ հենց այդպիսի պատմություն։ Երկու երիտասարդների կյանքը դուրս է գալիս նախապես գրված սցենարից։ Նրանց սերը իմպրովիզացիա է։ Նրանց հանդիպումները՝ անսպասելի ռիթմ։ Նրանց պայքարը՝ դիսոնանս։ Իսկ վերջնական ողբերգությունը՝ այն կտրուկ լռությունը, որ գալիս է ամենաուժեղ երաժշտությունից հետո։ Այդ իմաստով ջազը Շեքսպիրի համար օտար լեզու չէ։ Ընդհակառակը՝ այն կարող է լինել նրա ամենաժամանակակից թարգմանություններից մեկը։

Ներկայացման կոմպոզիտորն ամերիկացի Սայմոն Բլոնդելլն է, և երաժշտական լուծումները, որոնք հար և նման էին, կամ՝ թերևս ոգեշնչված լեգենդար կոնտրաբասահար Դեյվ Հոլլանդի ու ազատ ջազի լեգենդ Ջոն Մքֆիի երաժշտություններից, հատկապես կարևոր է այն պատճառով, որ այն չի փորձում պարզապես «զարդարել» բեմը։ Այն ստեղծում է մթնոլորտ, փոխում է տեսարանների ներքին ջերմաստիճանը և երբեմն բառերից առաջ է ասում այն, ինչ հերոսները դեռ չեն արտասանել։ Ջազը կարող է շշնջալ։ Կարող է գոռալ։ Կարող է ծիծաղել։ Կարող է լռել։ Եվ հենց այդ բազմաշերտությունն է, որ այն այդքան բնականորեն կապում է Շեքսպիրի ողբերգության հետ։ Բեմը՝ որպես մեկ ամբողջական աշխարհ

Ներկայացման տեսողական աշխարհը ևս ստեղծվել է միջազգային ստեղծագործական համագործակցության արդյունքում։ Բեմանկարչությունն ու բեմազգեստները մակեդոնացի Բլագոյ Միցևսկին է։ Եվ այստեղ Բաց բեմը պարզապես գործողությունների վայր չէ։

Այն դառնում է Վերոնա՝ ոչ այնքան աշխարհագրական տարածք, որքան հոգեբանական տարածություն, որտեղ սիրո և ատելության, երիտասարդության և իշխանության, կյանքի և մահվան սահմանները մշտապես բախվում են։

Բեմազգեստները ևս կարևոր դեր են ստանում այդ ժամանակակից ընթերցման մեջ։ Դրանք հերոսներին չեն դարձնում թանգարանային կերպարներ՝ Շեքսպիրյան դարաշրջանի «պատմական վերակառուցման» շրջանակում։ Ընդհակառակը՝ կերպարները կարծես գալիս են մեր ժամանակ։ Եվ հենց դա է ինչպես վտանգավոր, այնպես ՝լ՝ անսահման հետաքրքիր։ Որովհետև երբ Ռոմեոն և Ջուլիետը սկսում են նմանվել մեզ, նրանց ողբերգությունն էլ դադարում է լինել հեռավոր պատմություն։ Այն դառնում է մեր պատմությունը։

Ռոմեո և Ջուլիետ՝ նոր սերնդի դեմքերով

Այս պրեմիերան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Քուշկյանի համար ուներ ևս մեկ՝ խիստ անձնական, բայց միևնույն ժամանակ թատերականորեն խորհրդանշական իմաստ։

Սեպտեմբերի 12-ին, երբ Մայր թատրոնի բեմում առաջին անգամ այս նոր ընթերցմամբ ծնվեց Շեքսպիրի Ռոմեոն, Արմեն Քուշկյանն իր ծննդյան օրն էր նշում։ Կյանքը երբեմն տարօրինակ ու գեղեցիկ զուգադիպություններ է բեմադրում։ Դերասանի ծննդյան օրը բեմ բարձրանալ՝ արդեն նվեր է։ Բայց ծննդյան օրը խաղալ Ռոմեո, այն էլ՝ նոր ներկայացման առաջին երեկոյին, պրեմիերային, թերևս այն նվերներից է, որ դերասանին կյանքը հազվադեպ է մատուցում։

Պրեմիերայից հետո՝ գինեձոնի ժամանակ, այս գեղեցիկ զուգադիպությանը անդրադարձավ նաև թատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վարդան Մկրտչյանը՝ ընդգծելով, որ միշտ չէ, որ դերասանին է վիճակվում հենց իր ծննդյան օրը բեմ բարձրանալ Ռոմեոյի կերպարում և առավել ևս՝ դա անել ներկայացման պրեմիերային։

Իսկապես, դժվար է ավելի թատերական ծննդյան պատկերացնել։ Դերասանը այդ օրը ոչ միայն հերթական անգամ մտավ բեմ, այլ կարծես իր ծննդյան օրը մի պահ ապրեց մեկ ուրիշի՝ Ռոմեոյի կյանքով։ Սիրեց նրա փոխարեն, տառապեց նրա փոխարեն, կորցրեց նրա փոխարեն, իսկ վարագույրի իջնելուց հետո վերադարձավ իր կյանքին՝ արդեն ծննդյան օրվա գինեջոնի, ծափերի ու գործընկերների շնորհավորանքների մեջ։

Գուցե հենց սա է դերասանի մասնագիտության ամենագեղեցիկ, երբեմն էլ ամենախորհրդավոր կողմը․ քո կյանքի ամենաինտիմ օրը դու կարող ես նվիրել մի կերպարի, որը ծնվել է հարյուրավոր տարիներ առաջ, բայց այդ երեկո ապրում է միայն քո մարմնով, քո ձայնով ու քո շնչով։

Եվ եթե Ռոմեոն սովորաբար ծնվում է Ջուլիետի հետ հանդիպման պահին, ապա այս անգամ նա կարծես երկրորդ անգամ ծնվեց՝ Արմեն Քուշկյանի ծննդյան օրը։ Շեքսպիրը, երևի, դեմ չէր լինի այդպիսի համընկնմանը։ Չէ՞ որ սիրո մասին ամենամեծ պատմությունը երբեմն հենց կյանքի հետ է գրում իր ամենագեղեցիկ բեմադրությունը։

Ջուլիետի կերպարը բեմադրության ընթացքում տարբեր կազմերով մարմնավորում են Լուսինե Կոստանյանը՝ Ջուլիետի նրբությունն ու բեմական լույսը։ Շեքսպիրի Ջուլիետը այն կերպարներից է, որի գեղեցկությունը միայն արտաքինի մեջ չէ։ Նա պիտի ունենա մի այնպիսի ներքին լույս, որ բեմ բարձրանալուն պես փոխվի ամբողջ տարածության մթնոլորտը։ Ջուլիետը պետք է լինի միաժամանակ աղջիկ և կին, փխրուն և համարձակ, անմեղ և իր զգացմունքների առաջ անզիջում։

Այս նոր բեմադրության մեջ այդ կերպարի մարմնավորման հնարավորությունը տրված է նաև Լուսինե Կոստանյանին՝ Սունդուկյանի թատրոնի դերասանուհուն, որի բեմական ներկայությունն առանձնանում է կանացի նրբությամբ և զգացմունքային անմիջականությամբ։

Լուսինեի Ջուլիետը պարզապես գեղեցիկ աղջիկ չէ։ Նա այն գեղեցկուհին է, որի գեղեցկությունը բեմում աստիճանաբար դադարում է լինել արտաքին հատկանիշ և վերածվում է կերպարի ներքին երաժշտության։ Եվ գուցե հենց այստեղ է նրա Ջուլիետի ամենահետաքրքիր կողմը։ Նա չի փորձում պարզապես «խաղալ» սիրահարված աղջկա։ Նա կարծես թույլ է տալիս, որ Ջուլիետի սերը անցնի իր միջով՝ հայացքով, շարժումով, լռությամբ, երբեմն նույնիսկ այն պահերին, երբ բառերն այլևս ավելորդ են։

Այս ներկայացման միջավայրում Ջուլիետի կերպարը հատկապես հետաքրքիր հնչերանգ է ստանում։ Նա միաժամանակ նուրբ է ու անկանխատեսելի, քնքուշ է ու ազատ։ Նրա զգացմունքը կարծես չունի նախապես գրված պարտիտուր․ այն ծնվում է հենց այդ պահին՝ Ռոմեոյի հետ կրքոտ հանդիպման, հայացքի, մոտեցման, բաժանման յուրաքանչյուր վայրկյաններին։

Եվ եթե Ռոմեոն այս պատմության մեջ երիտասարդական կրքի ձայնն է, ապա Ջուլիետը նրա մեղեդին է։ Լուսինե Կոստանյանի կերպավորման մեջ այդ մեղեդին ունի իր առանձնահատուկ հնչերանգը՝ գեղեցիկ, կանացի, երբեմն գրեթե անորսալի, բայց բավական ուժեղ՝ ամբողջ ողբերգությունը իր շուրջը հավաքելու համար։ Որովհետև Ջուլիետը, ի վերջո, Շեքսպիրի ամենամեծ պարադոքսներից մեկն է․ նա դեռ գրեթե երեխա է, բայց իր սիրո համար ունի այնպիսի համարձակություն, որ հաճախ պակասում է մեծահասակներին։ Եվ գուցե հենց այդ պատճառով է նրա գեղեցկությունը վտանգավոր։ Որովհետև բեմում Լուսինե Կոստանյանի Ջուլիետը պարզապես գեղեցիկ չէ․ նա սիրո այն տեսակն է, որի կողքին աշխարհը հանկարծ չափազանց հին, չափազանց կոշտ և չափազանց աղմկոտ է թվում։ Իսկ երբ այդպիսի Ջուլիետը հանդիպում է Ռոմեոյին, պատմությունը այլևս կանգ չի առնում։ Սկսվում է սերը։ Եվ հետո՝ Շեքսպիրը ․․․

Բեմադրության դերակատարների կազմում են նաև Սիրանուշ Եսայանը, Տաթևիկ Միրզոյանը և Սաթենիկ Գասպարյանը, Ջուլիա Մովսեսյանը, Ռոման Բաբայանը, Ալեքսան Թադևոսյանը, Հայկ Իսրայելյանը և Արթուր Հարությունյանը։ Յուրաքանչյուր դերասան իր հետ բերում է կերպարի առանձին շերտ, և այդ բազմաձայնությունը նույնպես կարևոր է ներկայացման ընդհանուր ռիթմի համար։

Ի վերջո, «Ռոմեո և Ջուլիետը» երբեք մեկ ձայնով պատմվող պատմություն չէ։ Այն ունի սիրո ձայնը։ Ատելության ձայնը։ Ծնողների ձայնը։ Երիտասարդների ձայնը։ Եվ, վերջում, լռության ձայնը։

105-րդ թատերաշրջանի առաջին ակորդը

Սունդուկյանի անվան Մայր թատրոնի համար նոր թատերաշրջանը նման ներկայացմամբ սկսելը նաև խորհրդանշական է։ 105-րդ թատերաշրջանը բացվում է մի ստեղծագործությամբ, որը խոսում է ամենահին ու միաժամանակ ամենաժամանակակից թեմաներից մեկի մասին՝ մարդու՝ սիրելու իրավունքի։ Շեքսպիրը մեզ վաղուց ասել է, որ երբ աշխարհը կառուցված է բաժանարար գծերի վրա, սերը դառնում է ամենավտանգավոր ուժը։ Բլոնդելլի բեմադրությունն այդ միտքը տեղափոխում է մեր ժամանակ։

Մոնտեգյուներն ու Կապուլետները ներկայանում են կանանց կերպարներով

Բլոնդելլի «Ռոմեո և Ջուլիետ»-ում Մոնտեգյուներն ու Կապուլետները ներկայանում են կանանց կերպարներով, և հենց այս լուծումն է ներկայացման ավանդական կառուցվածքին հաղորդում նոր՝ ժամանակակից շունչ։ Ռեժիսորը ոչ թե պարզապես փոխում է կերպարների սեռային դիմագիծը, այլ վերաիմաստավորում է իշխանության, ընտանիքի և հակամարտության ամբողջ համակարգը։

Այս մեկնաբանության մեջ կանայք այլևս պատմության լուսանցքում կանգնած կերպարներ չեն․ նրանք հայտնվում են ընտանիքների կենտրոնում՝ որպես որոշումներ կայացնող, իշխանություն տնօրինող և այդ հին թշնամանքի ընթացքը պայմանավորող ուժ։ Մոնտեգյուների ու Կապուլետների աշխարհը, հետևաբար, դառնում է ոչ միայն երկու ընտանիքների, այլև երկու իշխանությունների բախման տարածք, որտեղ սերն ու անձնական ընտրությունը բախվում են սերունդներով փոխանցված օրենքներին։

Այս փոփոխությունը հատկապես հետաքրքիր է Շեքսպիրի ողբերգության համատեքստում․ երբ ընտանիքների ղեկավարող ուժը կանացի է, Ռոմեոյի և Ջուլիետի սիրո պատմությունը ստանում է մեկ այլ հնչերանգ։ Այն ավելի տեսանելի է դարձնում ոչ միայն երկու երիտասարդների ընդվզումը ընտանիքների դեմ, այլև այն աշխարհի կարծրությունը, որը պատրաստ չէ ընդունել մարդու՝ սեփական զգացմունքներով ապրելու իրավունքը։

Բլոնդելլի բեմադրության մեջ, կարծես, փոխվում են կերպարների տեղերը, բայց չի փոխվում Շեքսպիրի ողբերգության սիրտը։ Փոխվում է իշխանության դեմքը, բայց մնում է նույն հին հարցը՝ ո՞վ է իրավունք տալիս մարդուն որոշելու, թե ում կարելի է սիրել։ Եվ հենց այդտեղ է այս «Ռոմեո և Ջուլիետը» դադարում լինել միայն դասական ողբերգության հերթական բեմադրություն՝ վերածվելով մեր ժամանակի հետ խոսող թատերական փորձի։

Երբ Վերոնայում հնչում է հայկական «Սարերի հովին մեռնեմը ․․․»

Եվ ահա ներկայացման ամենաանսպասելի, գուցե նաև ամենահայկական դրվագներից մեկը․ Վերոնայում Ռոմեոն վերադառնում է և գտնում Ջուլիետին քնած՝ մահացած։ Շեքսպիրի ողբերգության ամենասարսափելի լռության պահին, երբ բեմը պիտի խոսեր մահվան, կորստի և անհնարին սիրո լեզվով, հանկարծ հնչում է հայկական ժողովրդական երգը՝ «Սարերի հովին մեռնեմ ․․․»։ Առաջին պահին դա կարող է տարօրինակ թվալ։ Ի՞նչ կապ ունի Վերոնան հայկական լեռների հովի հետ, ի՞նչ կապ ունի Շեքսպիրի Ջուլիետը հայ ժողովրդական երգի յարի հետ։ Բայց հենց այստեղ էլ սկսվում է բեմադրության հետաքրքիր գաղտնիքը։ Որովհետև երգը պատմական կամ աշխարհագրական կապ չի փնտրում Շեքսպիրի աշխարհի հետ․ այն գտնում է շատ ավելի կարևոր՝ զգայական կապը։ «Կայնել եմ՝ գալ չեմ կարող, Լցվել եմ՝ լալ չեմ կարող…»։ Այս տողերը հանկարծ դառնում են Ռոմեոյի ողբերգության ձայնը։ Նա եկել է, նա կանգնում է իր սիրո կողքին, բայց չի կարող նրան վերադարձնել։ Նա լցված է ցավով, բայց այդ ցավն արդեն այնքան մեծ է, որ նույնիսկ լացը բավարար չէ այն արտահայտելու համար։ Եվ երբ հնչում է՝ «Իմ յարի բոյին մեռնեմ ․․․», հայկական ժողովրդական երգը կարծես դարերի միջով անցնելով մտնում է Շեքսպիրի Վերոնա ու իր հետ բերում հայկական սիրո մի ամբողջ մշակութային հիշողություն։ Հայկական «յարը» և Շեքսպիրյան Ջուլիետը հանկարծ դառնում են նույն սիրո երկու տարբեր անուններ։

Այստեղ երաժշտությունը կատարում է այն, ինչ բառերն այլևս չեն կարող անել։ Այն ջնջում է Վերոնայի ու Հայաստանի, Շեքսպիրի ու հայ ժողովրդական երգի, օտար ողբերգության ու սեփական ցավի միջև եղած սահմանները։ Որովհետև սերը աշխարհագրություն չունի, իսկ մահվան առաջ կորուստը բոլոր ժողովուրդների համար նույն լեզվով է խոսում։

Գուցե հենց այդ պատճառով էլ այս տեսարանը, իր թվացյալ տարօրինակությամբ, դառնում է ներկայացման ամենահիշվող պահերից մեկը։ Ռոմեոն կորցնում է Ջուլիետին, իսկ բեմը նրա փոխարեն սկսում է երգել։ Եվ Վերոնայի այդ գիշերը հանկարծ հիշեցնում է հայկական լեռնաշխարհի մի հեռավոր երեկո, որտեղ ինչ-որ մեկը նույնպես սպասել է իր յարին, չի կարողացել գալ, չի կարողացել լացել և միայն երգի մեջ է կարողացել պահել իր սերը։

Շեքսպիրի ողբերգությունը այդ պահին այլևս միայն Ռոմեոյի ու Ջուլիետի մասին չէ։ Այն դառնում է բոլոր նրանց մասին, ովքեր սիրել են, կորցրել են և մնացել են իրենց սիրո վերջին երգի հետ։ Ու գուցե հենց այդ պահին Վերոնան առաջին անգամ իսկապես դառնում է Հայաստան։

Այդ պատճառով այս «Ռոմեո և Ջուլիետը» պարզապես հերթական վերադարձը չէ Շեքսպիրին։ Այն փորձ է Շեքսպիրին նորից լսելու։ Լսելու ոչ միայն նրա բառերի, այլև լռությունների մեջ։ Եվ երբ Վերոնայի պատերի փոխարեն բեմում հնչում է ջազի ազատ ու անկանխատեսելի ռիթմը, հանկարծ պարզ է դառնում, որ Ռոմեոյի ու Ջուլիետի պատմությունը վաղուց արդեն միայն միջնադարյան Վերոնայի մասին չէ։ Այն մեր աշխարհի մասին է, որտեղ մարդիկ դեռ սիրում են, ատում են, բաժանում են և երբեմն շատ ուշ են հասկանում, թե ինչ են կորցրել։

Գուցե հենց այդ պատճառով է Շեքսպիրը շարունակում ապրել։ Որովհետև նրա հերոսները մահանում են, իսկ նրանց սերը՝ ոչ։ Եվ Սունդուկյանի բեմում երեկ այդ սերը սկսեց իր նոր՝ 105-րդ թատերաշրջանը, ինչի առիթով հաջողություններ ենք մաղթում, և նախորդիվ հայտնել ենք, թե որքան շատ պրեմիերաներ են սպասվում թատերասեր հանրությանը։

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 105-ամյա պատմության մեջ նորարարությունը միայն բեմ բարձրացող ներկայացումների խնդիրը չէ։ Այն նաև տարածքի, հանդիսատեսի և թատրոնի հետ մարդու հարաբերությունը վերաիմաստավորելու համարձակությունն է։ Եվ այս առումով Վարդան Մկրտչյանի տնօրինության տարիներին Մայր թատրոնը կարծես անընդհատ փորձում է բացել իր համար նոր դռներ՝ երբեմն բառացիորեն։

Երեկ այդ նոր դռներից մեկը բացվեց վարչական շենքի չորրորդ հարկում՝ «Բաց բեմի» ստեղծմամբ։ Անվանումն արդեն իսկ հուշում է գաղափարի էությունը․ թատրոնը դուրս է գալիս իր ավանդական մեծ ու ծանր բեմի շրջանակներից և հանդիսատեսին ավելի մոտեցնում ստեղծագործական գործընթացին։ Այստեղ այլևս չկա այն դասական, անանցանելի սահմանը, որ բաժանում է բեմը դահլիճից։ Դերասանն ու հանդիսատեսը հայտնվում են նույն հարթության վրա՝ նույն տարածության, նույն շնչի և նույն թատերական պահի մեջ։

Եվ պատահական չէ, որ այս նոր տարածքի առաջին ներկայացումը դարձավ «Ռոմեո և Ջուլիետը»։ Շեքսպիրի սիրո ու ողբերգության պատմությունը կարծես հենց սկզբից պահանջում էր այդ մոտիկությունը․ երբ դերասանի շունչը հեռավորությունից չի հասնում քեզ, այլ բառացիորեն հայտնվում է կողքիդ, իսկ հանդիսատեսն այլևս պարզապես դիտող չէ, այլ տեղի ունեցողի կենդանի մասնակիցը։

Վարդան Մկրտչյանի այս նախաձեռնությունների մեջ, թերևս, ամենակարևորն այն է, որ 105-ամյա թատրոնը չի փորձում ապրել միայն իր մեծ անցյալի հաշվին։ Ընդհակառակը՝ այն փորձում է իր պատմական պատերի ներսում գտնել նոր տարածքներ, նոր ձևեր, նոր հանդիսատես և, ամենակարևորը, նոր թատերական շնչառություն։ Մայր թատրոնի համար սա պարզապես ևս մեկ բեմ չէ։ Սա բացվող ևս մեկ պատուհան է։ Իսկ թատրոնը, եթե ուզում է ապրել ևս հարյուր տարի, երբեմն պետք է համարձակվի բացել ոչ միայն վարագույրը, այլև իր պատերը։

Սիմոն Սարգսյան