Հայ-ռուսական հարաբերություններում մի սահման, կարծես, սկսում է ջնջվել։ Եթե նախկինում գազը, ռազմաբազան և անվտանգային պայմանավորվածությունները ներկայացվում էին նույն «դաշնակցային հարաբերությունների» տարբեր բաղադրիչներ, այսօր Երևանում արդեն հրապարակայնորեն առաջարկվում է դրանց արժեքը հաշվել առանձին։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը բարձրացնի Հայաստանին վաճառվող գազի գինը, Երևանը կարող է քննարկել նաև Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության ֆինանսական պայմանների վերանայումը՝ ավելացնել վճարները կամ վերանայել Հայաստանի հաշվին տրամադրվող ծառայությունները։ Հայտարարությունն արդեն տարածել են ռուսական լրատվամիջոցները։
Առաջին հայացքից սա բանակցային պատասխան է հնարավոր թանկացմանը։ Իրականում հարցը շատ ավելի խորն է։ 1995 թվականի ռազմաբազայի մասին պայմանագիրը կառուցված էր այլ քաղաքական դարաշրջանի տրամաբանությամբ։
Ռուսաստանը ստանձնում էր բազայի հիմնական ֆինանսավորումը, բայց Հայաստանը նույնպես կրում էր դրա պահպանման ծախսերի մի մասը և ապահովում էր բազան էլեկտրաէներգիայով, ջրով ու այլ կոմունալ ծառայություններով։ Այսինքն, սա երբեք սովորական առևտրային վարձակալություն չի եղել։ Այն անվտանգության փոխադարձ հատուկ պայմանավորվածության մաս էր։
2010 թվականին պայմանագրի գործողությունը երկարաձգվեց մինչև 2044 թվականը, իսկ դրա քաղաքական հիմնավորումն առավել հստակ դարձավ․ ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, Հայաստանի զինված ուժերի հետ միասին պետք է մասնակցեր նաև Հայաստանի անվտանգության ապահովմանը։
Հենց այստեղ է այսօրվա բանավեճի իրական ծանրությունը։ Եթե Հայաստանը այլևս չի համարում, որ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն է, իսկ Ռուսաստանն իր հերթին գազը, շուկան կամ այլ տնտեսական կապեր ավելի բացահայտ կապում է Հայաստանի արտաքին քաղաքական վարքագծի հետ, ապա հին «դաշնակցային փաթեթը» սկսում է քանդվել բաղադրիչների։
Գազը դառնում է ապրանք, ռազմաբազան՝ ծառայություն, տարածքը՝ արժեք, արտոնությունը՝ հաշվարկի առարկա։ Այս փոփոխությունը շատ ավելի նշանակալի է, քան հնարավոր վճարի չափը։ Դաշնակցային հարաբերություններում որոշ առավելություններ սովորաբար չեն չափվում անմիջապես շուկայական գնով, որովհետև կողմերը ենթադրում են, որ ընդհանուր անվտանգության համակարգից երկուսն էլ շահում են։ Բայց երբ այդ քաղաքական վստահությունը կորչում է, սկսվում է հաշվապահությունը։
Ո՞վ ում ինչ է տալիս, որքա՞ն արժե այն, և ի՞նչ է ստանում դրա դիմաց։ Սեպտեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր, որ Հայաստանը ռուսական ռազմաբազայի ներկայությունը այլևս կենսական անհրաժեշտություն չի համարում և չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել։ Գաբրիելյանի հայտարարությունը այդ մտքի տնտեսական շարունակությունն է։
Սակայն այստեղ Երևանը պետք է չափազանց զգույշ լինի։ Ռազմաբազայի հարցը չի կարող դառնալ գազի գնի շուրջ կարճաժամկետ սակարկության առարկա։ Այն կարգավորվում է միջպետական պայմանագրերով, երկարաժամկետ պարտավորություններով և անմիջականորեն առնչվում է Հայաստանի անվտանգության ամբողջ համակարգին։
Եթե Հայաստանը ցանկանում է վերանայել ռազմաբազայի ներկայության պայմանները, դա պետք է անի ոչ թե որպես պատասխան ռուսական հերթական տնտեսական ճնշման, այլ որպես ամբողջական պետական ռազմավարության մաս՝ գնահատելով, թե ինչ անվտանգային արժեք ունի Գյումրիի ռուսական ռազմաբազան այսօր, ինչ ծախսեր է կրում Հայաստանը, ինչ արտոնություններ են գործում և արդյո՞ք դրանք շարունակում են համապատասխանել Հայաստանի շահերին։
Նույն պահանջը վերաբերում է նաև Մոսկվային։ Եթե Ռուսաստանը հարաբերությունները սկսում է կառուցել առևտրային հաշվարկի տրամաբանությամբ՝ գազի գին, շուկայի հասանելիություն, երկաթուղի, ապա բնական է, որ Երևանն էլ վերագնահատի այն արտոնությունները, որոնք ձևավորվել էին բոլորովին այլ քաղաքական և անվտանգային պայմաններում։
Սկզբունքը պարզ է․ արտոնությունները գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան գոյություն ունի դրանց հիմքում ընկած փոխադարձ վստահությունն ու շահը։ Հայ-ռուսական հարաբերություններում գուցե հենց սա է ամենակարևոր փոփոխությունը։ Տասնամյակներ շարունակ երկու երկրները խոսում էին «հատուկ դաշնակցության» լեզվով։ Այսօր հարաբերությունները գնալով ավելի շատ տեղափոխվում են պայմանագրի, գնի, ծառայության և փոխադարձ շահի լեզու։
Դա կարող է ցավոտ լինել, բայց նաև առողջացնող, որովհետև պետությունների հարաբերություններում երբեմն ամենավտանգավորն այն արտոնությունն է, որի արժեքը վաղուց ոչ ոք չի հաշվել։ Եթե հին դաշինքի քաղաքական բովանդակությունը սպառվում է, բնական է, որ Հայաստանը սկսի վերանայել նաև այդ դաշինքից մնացած տնտեսական և ռազմական արտոնությունների արժեքը։

Բաց մի թողեք
Գանձասարի հարցը պետք է հանել միայն քարոզչական հակազդեցության դաշտից
Փոքր պետության անվտանգությունը միշտ չէ, որ կառուցվում է մեկ հզոր դաշնակցի վրա
Հիասթափվելու արվեստը