«Հրապարակի» զրուցակիցը «Շանթ» դաշինքի հիմնադիր Շահեն Հարությունյանն է:
– Դուք եւ Արման Թաթոյանի «Միասնության թեւեր»-ը համատեղ էիք մասնակցում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: Ընտրություններից հետո Թաթոյանից եւ իր թիմից ձայն չի լսվում, այժմ Ձեր քաղաքական ուժն ինչո՞վ է զբաղված, ի՞նչ ծրագրեր ունեք, եւ, ի վերջո` Թաթոյանը եւ ձեր ուժը 2 տոկոսից ավելի ձայն հավաքեցին, սակայն ընտրություններից հետո որեւէ ակտիվություն չի նկատվում ձեր կողմից:
– Քաղաքականությունն ընտրությունից ընտրություն չպետք է լինի: Ճիշտ է, շատ ուժեր կան, որոնք ընտրությունից ընտրություն են հայտնվում, սակայն մեր պարագայում դա այդպես չէ: Իմ ընտանիքը մշտապես պայքարի մեջ է եղել: Ընտրություններին մասնակցեցինք, ինչ-որ արդյունք գրանցեցինք, որից, ի դեպ, ստեղծված պայմաններում այնքան էլ դժգոհ չենք: Մենք հիմա ունենում ենք քննարկումներ, ապագայի հետ կապված հարցեր ենք քննարկում, մի խոսքով, այն ամենը, ինչն անում են բոլոր նորմալ քաղաքական ուժերը: Զուգահեռաբար, նաեւ այլ իրադարձությունների ենք պատրաստվում, օրինակ` ՏԻՄ ընտրությունների եւ այլն:
– Ո՞ր համայնքների ՏԻՄ ընտրություններին եք մասնակցելու:
– Առաջիկայում կխոսենք այդ մասին, հիմա չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ դեռ հստակեցումներ պետք է անենք:
– Գուցե նորից Սյունիքո՞ւմ եք պատրաստվում մասնակցել, ինչպես 2021-ին:
– Տրամաբանական է, սակայն ժամանակի ընթացքում կխոսենք այդ մասին, ասեմ, որ մենք «Շանթ» դաշինքով ենք մասնակցելու, առանց որեւէ ուժի: Մենք երկու տեղ հաղթանակ ենք ունեցել Սյունիքում` 2021 թվականին, այնպես որ, հիմա էլ հավանական է: Հունիսի 7-ին էլ դաշինքով մասնակցեցինք, սակայն դա որեւէ կերպ մեր ինքնուրույնությանը չխանգարեց, բոլոր ուժերն էլ դաշինքներով են մասնակցում, բայց նախընտրական ֆունկցիան կատարելուց հետո ամեն մեկն իր քայլերն է անում: Մենք Արման Թաթոյանի հետ չունենք հակասություններ, իրարից նեղացած չենք, սակայն ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնում: «Շանթ» դաշինքը եղել է, կա ու լինելու է որպես անկախ միավոր:
– Ասում եք` սխալ է, երբ քաղաքական ուժերը ընտրությունից ընտրություն են հայտնվում, սակայն «Միասնության թեւերը», կարծես, այդ ուղին է հենց բռնել, ընտրությունից հետո անհետացել է: Դա նորմա՞լ է, ի վերջո` այդքան մարդ ընտրեց ձեր ուժին:
– Բայց հայտարարություններով ու գրառումներով հանդես եկել են, այնպես չէ, որ ոչ մի խոսք չեն ասել, անգամ ՍԴ-ում եղան թիմից մարդիկ, ովքեր ելույթներ ունեցան ընտրություններից հետո, ընտրության արդյունքներին անդրադարձան եւ այլն, ես չեմ կարող միանշանակ ընդունել, որ լռում են:
– Ամեն դեպքում, այսօր որեւէ տեղ Արման Թաթոյանի անունը չկա, մարդիկ սկսել են մոռանալ նրա գոյության մասին:
– Բայց կա՞ն այսօր ընդդիմադիր պրոցեսներ, որ լինեն: Պետք է պրոցես լինի, որ մարդիկ էլ ակտիվ լինեն: Բացի պառլամենտում տեղի ունեցողից ոչինչ տեղի չի ունենում մեր երկրում: Ամեն դեպքում մենք այդ հարցերը չենք էլ քննարկում միասին: Ամեն մեկս մեր ճանապարհով ենք գնացել:
– Իսկ ՏԻՄ ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք: Երկրում բռնատիրական կարգեր են գործում, այն բոլոր համայնքներում, որտեղ ընդդիմադիր ուժն է հաղթել, ընդդիմադիր համայնքապետերը բանտարկված են, տպավորություն է, որ շատերն այսօր անգամ վախենում են պայքարի մեջ մտնել:
– Եթե վախենում են, նորմալ է, որ չեն առաջադրվում, կյանքը ցույց կտա, սակայն ես չեմ կարծում, որ ով հաղթեց, կալանավորվելու է, պետք չէ ամեն դեպքում վախենալ, պետք է պայքարել, այո, կյանքը ցույց է տվել, որ շատերին հաղթանակից հետո բանտարկեցին, բայց լայնամասշտաբ ՏԻՄ ընտրություններ եղել են 2021-ին, չհաշված Գյումրու եւ Երեւանի ընտրությունները, սակայն հիմա պետք է մասնակցել ընտրություններին: Այս ընտրություններն այլ տրամաբանության մեջ են, պետք է նախ տեսնենք, թե որ համայնքներում են իրապես ընդդիմադիր ուժեր առաջադրվելու: Պրոցեսներից հետո նոր կարող ենք հստակ խոսել, թե որ համայնքներում էին իրապես ընդդիմադիրներ մասնակցում: Բոլոր համայնքներում էլ ընդդիմության անվան տակ մասնակցում են, սակայն չգիտես, թե վերջում ինչ կլինի, իշխանությունների հետ կմիավորվե՞ն, թե՞ ոչ:

Բաց մի թողեք
14 դպրոցում վարչատնտեսական համակարգողի պաշտոն թափուր է
Պարտության խորհրդանիշ անձի վարչապետության օրոք Անկախություն տոնելը տոնը ձեռ առնել է նշանակում
Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը