Սուրեն Պապիկյանի՝ բանակ կատարած այցերը հիմնականում ճաշարանում կամ սննդի օբյեկտներում են։ Նկարներն էլ մեծ պատասխանատվությամբ հանրությանն է ներկայացնում՝ իբր մի մեծ գործ է արվում․ ճաշում է զինվորների հետ ու դա էլ ներկայացվում է որպես համարյա մարտական առաջադրանք։
Հրապարակ թերթը գրել է․ Ճաշարանից դեռ դուրս չեկած՝ հերթական զինվորի ինքնասպանության մասին ենք լսում ու ակամայից մտածում՝ Բանակում առաջնայինը ո՞րն է։ Շերեփը տեղում է, իսկ զինվո՞րը․․․
Առաջնային ու երկրորդական, տասներորդական հարցերը մեր երկրում կարծես տեղերով փոխվել են։ Ամենաառաջնային մասում հայտնվել են շոուները, համերգները, քեֆերը, նկարները, տեսանյութերը, ուղեղն անջատած ապրելը․․․ Իսկ բանակի իրական խնդիրները մնում են հերթի վերջում։
Ակամայից հիշում եմ սովետի տարիները, երբ այցի էի գնում կոլխոզներ։
Ֆերմայի վարիչին էի առաջինը հանդիպում՝ իմանալու՝ կովի կաթնատվությունը ինչքան է բարձրացել։ Ֆերմայի վարիչները, որոնք չգիտեմ ինչու, բոլորն էլ կարմարաթուշ էին, կովերին էին ցույց տալիս, որոնք անխռով արածում էին։ Վարիչը ժպտում էր․ կերը տեղը լինի՝ ամեն ինչ լավ է։
Այսօր բանակ այցելող մեր պաշտոնյաներին նայում ես ու հազար ներողություն՝ ոնց որ այդ ֆերմայի վարիչները լինեն։ Միայն թե այնտեղ կովի կաթնատվությունն էր առաջնային, այստեղ՝ ափսեի պարունակությունը ցուցադրելը։
Բայց բանակը ճաշարան չէ։ Եվ զինվորը զինվոր է իր հոգեկերտվածքով, ապրումներով ու հոգեբանությամբ։
Բանակում, իհարկե, զինվորը պիտի լավ սնվի։ Բայց եթե շերեփն է դառնում բանակի գլխավոր ցուցանիշը, էլ ի՞նչ է մնում։ ՊՆ-ն շերեփը ձեռքը վերցնի ու հայտարարի․
-Հանգիստ եղեք, բանակը կերակրված է։
Մնում է միայն հարցնել՝ իսկ Բանակը պաշտպանվա՞ծ է․․․
Որովհետև երբ հերթական զինվորի ինքնասպանության մասին ենք լսում, շերեփի ձայնը միանգամից լռում է։ Արդեն ոչ թե ճաշացանկի, այլ այն մասին ենք մտածում, թե ինչ է կատարվում մեր զինվորների հետ, ինչու է մեկը հասնում այդ վերջին քայլին, և ինչ ենք մենք անում, որ մյուսը չհասնի։

Բաց մի թողեք
«Եթե Փաշինյանը գնաց, մենք կորած ենք»
Յուվեցի Կարոյի որդու գազալցակայանները կամաց վերագործարկվում են
Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները»