Հայաստանի կառավարությունը վերանայելու է քաղաքացիների մահվան դեպքում տրվող թաղման նպաստները:
Հրապարակ թերթը գրել է․ Այս մասին Փաշինյանը հայտարարել է օրերս «Բուն» TV-ին տված հարցազրույցում. «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ․ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել եւ մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»։
Փաստորեն, պետությունը հիմա էլ մահացածների փողն է որոշել «քերել»` դադարեցնելու է միանվագ տրվող աջակցությունը, թաղման գումարը միայն տալու են սոցիալապես անապահովներին: Միայն նրանք են ստանալու յուրաքանչյուր մահացածի համար սահմանված 200 հազար դրամները, իսկ ազատված գումարները որոշել են տալ թոշակառուներին` որպես գնաճի փոխհատուցում: Փորձեցինք պարզել, թե որքան գումար է ազատվելու, եւ որքանով է այդ չնչին ավելացումը ծածկելու գնաճի կորուստը:
Հարցին պատասխանելով՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշեցնում է, որ Հայաստանում տարեկան միջին հաշվով մահանում է 20-25 հազար մարդ: «Եթե սա բազմապատկում ենք 200 հազար դրամով, ստանում ենք 5 մլրդ: Սա բաժանում ենք 500 հազար թոշակառուի, ապա բաժանում ենք 12 ամիսների, ստանում ենք մոտ 800 դրամ ամսական: Այսինքն, ամեն թոշակառու կստանա 800 դրամ: Գնաճը 4,5-5 տոկոս է: Տարեկան առեւտուրը 3 տրիլիոն դրամ է, դրա 5 տոկոսը ստացվում է 250 մլրդ դրամ: Պատկերացրեք, այդ 5 մլրդ-ն, որը թաղման ծախսերն են, ինչ փոքր մաս է կազմում ընդհանուր գնաճի մեջ: Ժողովուրդը 250 մլրդ-ի տուժել է, իսկ ինքը 5 մլրդ-ով թոշակ է ավելացնում»,- ասում է նախկին վարչապետը:
Պետք է հաշվի առնել, որ ամսական 5 տոկոս գնաճն ընդհանրացված միջինացված թիվ է: Եթե բացում ենք սպառողական զամբյուղի առանձին տողերը, պատկերն ավելի մտահոգիչ է դառնում: Օրինակ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են շուրջ 6․4-7.3 %-ով: Նման գնաճի ֆոնին, երբ առաջնային սպառման ապրանքներն ու սնունդը թանկանում են շեշտակի տեմպերով, կառավարության առաջարկած «800 դրամանոց կոմպենսացիան» առոչինչ է: Այդ գումարով այսօր հնարավոր չէ գնել անգամ մեկ տուփ նորմալ կաթ՝ գազի սակագնի հնարավոր աճի շղթայական ազդեցությունն էլ չհաշված:
Այս ամենի ֆոնին պետական վերնախավն իր աշխատավարձն է ավելացնում: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի փոփոխություններով, ինչպես հայտնի է, առաջարկվում է ոչ թե նվազագույն աշխատավարձը բարձրացնել, ինչը շղթայականորեն կտարածվեր բոլորի վրա, այլ միայն ավելացնել բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրությունների հաշվարկման գործակիցները: Նոր կարգավորումներով՝ 2027 թվականի հունվարի 1-ից Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը ներկայիս 1.58 միլիոնից հասնելու է 2.66 միլիոն դրամի։ Նույն՝ 32 գործակցով՝ 1.5 միլիոնից 2.6 միլիոն դրամ է դառնում նաեւ հանրապետության նախագահի վարձատրությունը, իսկ ԱԺ նախագահինը կանցնի 2.4 միլիոն դրամը։ Փոխվարչապետների ամսականը կսահմանվի 2.1 միլիոն դրամ, իսկ նախարարների եւ պատգամավորների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվում են՝ 998 հազար դրամից դառնալով համապատասխանաբար մոտ 2 եւ 1.5 միլիոն դրամ։
«Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նման որոշում է ընդունվում: Եթե մեր ժամանակ նախարարը 3-4 անգամ ավել էր ստանում հասարակ աշխատողից, նա, ենթադրենք՝ 100 հազար էր ստանում, մինիստրը՝ 400 հազար, հիմա նախարարները 10 անգամ ավելի են ստանում, քան նախարարության մասնագետները»,- հիշեցնում է Հրանտ Բագրատյանը: Ի դեպ, նախկին վարչապետ Բագրատյանը տեւական ժամանակ է, ինչ դատական գործընթացների մեջ է Միասնական սոցիալական ծառայության դեմ՝ իրեն օրենքով հասանելիք նախկին վարչապետի հատուկ կենսաթոշակը պետությունը չի ուզում տրամադրել, որը կազմում է ընդամենը 1 մլն դրամ: Բագրատյանն անցել է դատական բոլոր ատյաններով, անգամ վճռաբեկ դատարանն է հօգուտ նրա որոշում կայացրել, որը մտել է օրինական ուժի մեջ, բայց իշխանությունը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը: Բագրատյանը ստիպված դիմելու է ՄԻԵԴ-ին: «Մարդն արդեն անուն-ազգանունով է աշխատավարձ բարձրացնում: Եթե անունդ Նիկոլ է, ազգանունդ՝ Փաշինյան, աշխատավարձդ բարձրացնում է: Եթե անունդ Հրանտ է, ազգանունդ՝ Բագրատյան, անգամ թոշակը բարձրացնել չի կարելի»,- նշում է Բագրատյանը:
Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող աշխատավարձի բարձրացումը վերաբերում է միայն կառավարող վերնախավին: Իրական աշխատանքն անող միջին օղակի պաշտոնյաների վարձատրության ավելացում նախատեսված չէ: Նրանք կարող են ավելացնել իրենց եկամուտները, եթե 80 տոկոսից ավելի կատարողական ցույց տան: Այդ դեպքում, ըստ կառավարության պարզաբանումների, վարչության պետերը ներկայիս 520-550 հազար դրամ միջին աշխատավարձի փոխարեն կկարողանան ստանալ 800-900 հազար դրամ, իսկ բաժնի պետերը՝ մինչեւ 740 հազար: Սա աշխատավարձի բարձրացում չէ, այլ նոր պայմաններ՝ ավելի շատ վաստակելու համար, ու այդ հնարավորությունն էլ գրված է սառույցին, քանի որ, ըստ որոշ աղբյուրների, բյուջեում փող չկա:
Իհարկե, փող չլինելը չի վերաբերում տոնակատարություններին` տեսարանների համար միշտ էլ փող կա: Մեռելներից 5 միլիարդ քերող կառավարությունն առանց աչք թարթելու Անկախության օրվա տոնախմբությունների, շոուների համար 3 մլն դոլար՝ շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դրամ ծախսեց: Այս գումարից 20 մլն դրամը, այսինքն՝ մոտ 50 հազար դոլար, միայն երգիչ Թաթայի հոնորարն է կազմել: Տեսարանների համար միջոցներ միշտ գտնվում են, իսկ մարդկանց դեպքում՝ ողջ, թե մեռած, պետական գանձարանը դատարկ է:

Բաց մի թողեք
Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները»
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է
ՔՊ-ում որոշել են մի քիչ փոխել տակտիկան