Հայաստանի եվրոպական կուսակցությունը, որի առաջնորդը Տիգրան Խզմալյանն է, Մեղրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Այսպիսով Մեղրիի ընտրություններին մասնակցելու է 4 ուժ` «Ապրելու երկիր»-ը, ՔՊ-ն, Հայաստանի եվրոպական եւ Հայաստանի շնորհապետական կուսակցությունները։
Հրապարակ թերթի հետ զրույցում խոսելով Մեղրիում իրենց մասնակցության, շանսերի եւ սպասելիքների մասին՝ Տիգրան Խզմալյանը նկատել է.
«Մենք ելնում ենք երկու հանգամանքից: Հայաստանի եվրոպական կուսակցությունը որոշել էր չմասնակցել հունիսի 7-ի պառլամենտական ընտրություններին` ինչու, որովհետեւ արեւմտամետ ուժերը չմիավորվեցին, եւ անիմաստ դարձավ առանձին-առանձին մասնակցելը: Եվրադաշինք այդպես էլ չկազմվեց, եւ առանձին արեւմտամետ ուժերը պարտության էին դատապարտված: Պարզ է, որ մենք այդ խայտառակությանը չէինք մասնակցելու: Այժմ մենք կարծում ենք, որ քաղաքական պայքարը պետք է տեղափոխենք մարզային կառավարման մակարդակի շրջաններ: Մենք այսօր չունենք խորհրդարան: Այսօրվա խորհրդարանը նախորդի քոփի փեստն է, հայաստանյան պառլամենտն այսօր քաղաքական կառույց չէ: Մեկ տարի առաջ մեր կուսակցության փոքր պատվիրակությունն անցավ Հյուսիս-Հարավ ճանապարհով, այն, մեր համոզմամբ, Հայաստանի իրական փրկությունն է: Այն արդեն մոտ 10 տարի է՝ ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Այդ ընթացքում մենք կանգառ կատարեցինք Մեղրիում եւ հանդիպումներ ունեցանք բնակիչների հետ: Հենց այդ ժամանակ այնտեղ ծանոթացա Մեղրիի նախկին քաղաքապետ Արշալույս Հովհաննիսյանի հետ: Նա 2012-2016 թթ․ եղել է քաղաքապետ: Այս ընթացքում քաղաքական գործունեությամբ չէր զբաղվում, մեղվաբուծությամբ էր զբաղվում, սակայն հետաքրքրվում էր քաղաքականությամբ, հատկապես` Եվրոպական կուսակցության գործունեությամբ։ Նա մոտեցավ մեզ, ասաց, որ ամբողջապես կիսում է մեր մոտեցումները եւ կարծում է, որ Եվրոպան է մեր փրկությունը: Հետո վերջերս զանգահարեց ինձ, եւ ես տվեցի իմ համաձայնությունը, որպեսզի նա մեր կուսակցությամբ մասնակցի Մեղրիի ավագանու ընտրություններին: Մենք որոշել ենք մասնակցել այս ընտրություններին, Մեղրին մեզ համար շատ կարեւոր քաղաք է: Մի քանի համայնքներում քննարկումներ ունեցանք եւ կանգնեցինք Մեղրիի վրա: Այն Հայաստանի ռազմավարական կարեւորագույն կետն է»:
Նա ասում է, որ այս պահի դրությամբ ամեն բան նորմալ է, իշխանությունները դեռ խոչընդոտներ չեն ստեղծել իրենց համար. «Խոչընդոտներ եղան 2025 թվականին` «Եվրաքվեի» հետ կապված: Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եվրաիմիտացիա է ստեղծել, նա օլիգարխիկ թիմի շարունակությունն է: Հայաստանի իշխանությունը վարում է աղետալի քաղաքականություն, Եվրոպայի դրոշը ձեռքին պահած՝ գնում է լրիվ այլ ուղղությամբ»:

Բաց մի թողեք
Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին
Նոր դեկաններ են նշանակվել․ Լուսանկար
Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս