03/10/2026

EU – Armenia

Երեւանյան գիտաժողովում նաեւ ադրբեջանցի Գյունել Ալասգարովայի զեկուցումն է ներկայացվել

Օգոստոսին «Հրապարակը» գրել էր, որ Երևանի պետական համալսարանը Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ սեպտեմբերի 17-ից 19-ը գիտաժողով է անկացնելու, որը նվիրված է Հարավային Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատմության, քաղաքականության, մշակույթի և հասարակության բազմակողմանի ուսումնասիրությանը։ Հանրությանն ամենից շատը զայրացրել էր այն հանգամանքը, որ մայր բուհը գիտաժողով է կազմակերպում, որի շրջանակներում ընդգրկված է նաեւ Ադրբեջանի պատմության և մշակույթի թեման, իսկ Ադրբեջանը պետական մակարդակով ամենուր հերքում է հայոց պատմությունը, խեղաթյուրում է այն եւ փորձում է սեփականացնել:

Վերջերս էլ Իլհամ Ալիևի օգնական Հաջիևը Գանձասարում ծաղրում էր հայկական հազարամյա գրերերը, հայկական վանքերն էլ ներկայացնում էր որպես աղվանական, և այլն: Մեր նախորդ հրապարակումից հետո ԵՊՀ-ն անգամ ինչ որ տեքստ տարածեց` հերքման, թե պարզաբանման նման, որտեղ չէր հերքում մեր տեղեկատվությունը, այլ ընդամենը հայտարարում էր, որ համաժողովի նախաձեռնողն իրենք չեն, իրենք միայն համագործակցում են Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտի հետ, իսկ գիտաժողովը պետք չէ ասոցացնել մայր բուհի հետ, թեպետ գիտաժողովի մասին հայտարարությունը դրվել է մայր բուհի կայքէջում: Մեզ պատմեցին, որ Հաջիեւի միջադեպից հետո կարծիքներ են հնչել, որ գոնե հիմա պետք չէ Ադրբեջանին անդրադառնալ, բայց կազմակերպիչները պնդել են, որ պետք է: Գիտաժողովը կայացել է նշված օրերին:

Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտը հաղորդում է, որ գիտաժողովի նպատակն էր ամփոփել վերջին երկու տասնամյակների ընթացքում ARISC-ի անդամների և կազմակերպության հետ համագործակցող հետազոտողների գիտական աշխատանքները, ինչպես նաև հարթակ տրամադրել ավագ գիտնականներին, երիտասարդ հետազոտողներին և ուսանողներին՝ ներկայացնելու իրենց նոր ուսումնասիրությունները։ Գիտաժողովի յոթ էջանոց ծրագրում ընդգրկված են եղել հնագիտությանը, պատմությանը, քաղաքականությանը, մշակույթին, լեզվին, հասարակությանը և տարածաշրջանային կապերին վերաբերող զեկուցումներ։ Քննարկումներն անցկացվել են երկու առցանց սրահներում՝ զուգահեռ նիստերով։ Գիտաժողովի առաջին օրվա նիստերից մեկը նվիրված է եղել Հարավային Կովկասի հնագիտական պեղումներին՝ նեոլիթից մինչև բրոնզի դար։ Ներկայացվել են մի շարք ուսումնասիրություններ. Վեդիի ամրոցի հնագիտական տվյալների տարածական վերլուծությունը՝ խառը և լրացված իրականության տեխնոլոգիաների կիրառմամբ։ Շահումյանի դամբարանի ուսումնասիրությունը և Արարատյան դաշտի հասարակության սոցիալական ու մշակութային առանձնահատկությունները։ Դեբեդավանի նորահայտ նեոլիթյան բնակավայրը և դրա տեղը Կուրի հովտի հնագիտական ավանդույթներում։ Ոսկեբլուրի վաղ բրոնզի դարի բնակավայրը, դրա ժամանակագրությունն ու տարածաշրջանային համատեքստը։

Վրաստանին նվիրված նիստում քննարկվել են պետական իշխանության, ազգային փոքրամասնությունների և հասարակական փոփոխությունների հարցերը։ Զեկույցների շարքում եղել են Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցերը և դրանց արտացոլումը երկրի քաղաքական փոփոխությունների համատեքստում: Վրաստանի ադրբեջանցիների հավաքական հիշողությունը 1990-ականներին: Հայաստանի մշակութային ժառանգությանն ուղղված քննարկումներից մեկի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի սահմանամերձ շրջանների մշակութային ժառանգությունը: Օրինակ` Սյունիքի և Տավուշի սահմանային հուշարձաններին, մասնավորապես` Տավուշի Մովսես գյուղի աղբյուր-հուշարձաններին, և սահմանամերձ բնակավայրերի ճարտարապետական ժառանգությունն ու խորհրդային ժառանգության ազդեցությունը։ Մեզ ասացին, որ քննարկվել են նաև աշխարհաքաղաքական հարցեր հետևյալ թեմաներով` Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և իրավունքը, փոքր պետությունների արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանի միջազգային հարաբերությունները և իրավական մշակույթը։

Օրինակ, Հարավային Կովկասի փոքր պետությունների արտաքին քաղաքականության փոփոխությունները, Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք, Ռուսաստանի և Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ Արևմուտքի ազդեցության համատեքստում, պայմանագրերից և քաղաքական արշավներից դուրս՝ տարածաշրջանում իրավական մշակույթի դերը։

Եւ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` գիտաժողովի ընթացքում անդրադարձել են նաև Ադրբեջանին վերաբերող թեմաներին: Ներկայացվել է Գյունել Ալասգարովայի՝ աղջիկների կրթության ընդհատման վերաբերյալ զեկուցումը՝ «Երբ ամուսնությունը դառնում է կրթության ավարտը․ աղջիկների դպրոցից դուրս մնալը Ադրբեջանում» վերնագրով։
Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտի կայքէջում նշված էր, որ Հայաստանի գիտական հաստատություններից մասնակցել են, ԵՊՀ-ից` Աննա Գևորգյանը, Նարեկ Սուքիասյանը, Գիտությունների ազգային ակադեմիայից` Էմիլ Օրդուխանյանը, Արտյոմ Անանյանը, Հայկ Ազիզբեկյանը, Արմինե Հարությունյանը, և այլք: