Իլհամ Ալիևը հոկտեմբերի 4-ին X-ում հրապարակված տեսանյութում հայտարարել է, որ եթե առաջնորդվեր զգացմունքներով, Երևանի կենտրոնում, հավանաբար, կկառուցվեր «երրորդ հաղթական կամարը»։ Այդ խոսքերը հնչել են հոկտեմբերի 2-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ Ադրբեջանի նախագահը բացատրում էր, թե ինչու է 2020 և 2023 թվականներին որոշել կանգնեցնել ռազմական գործողությունները։
Այս խոսքի հիմնական իմաստը Երևանը գրավելու իրական հնարավորության գնահատականը չէ։ Ալիևը փորձում է քաղաքական իմաստ տալ պատերազմը կանգնեցնելու իր որոշմանը։ Նա խաղաղությունը ներկայացնում է ոչ որպես հարկադրանքի կամ սահմանափակ հնարավորությունների արդյունք, այլ որպես հաղթողի գիտակցված ընտրություն․ կարող էինք շարունակել, բայց որոշեցինք կանգ առնել։
Ներքին լսարանի համար սա կարևոր կառուցվածք է։ Ռազմական հաղթանակների վրա կառուցված իշխանությունը խաղաղության անցնելիս պետք է բացատրի, թե ինչու չի շարունակել մինչև վերջ։ Ալիևի պատասխանը պարզ է՝ կանգ առնելը թուլություն չէր, այլ ռազմավարական հեռատեսություն։
Այստեղից էլ Երևանի հիշատակումը։ Այն պետք է ցույց տա չօգտագործված ուժի չափը։ Բայց հենց այստեղ էլ առաջանում է հակասությունը։ Երբ խաղաղությունը բացատրվում է նրանով, որ հաղթողը պարզապես որոշել է չգնալ ավելի հեռու, խաղաղությունն ընկալվում է ոչ թե որպես փոխադարձ պարտավորություն, այլ որպես նրա կամքի արդյունք։ Իսկ այն, ինչ կախված է մեկ առաջնորդի որոշումից, նույնքան հեշտ կարող է փոխվել նրա հաջորդ որոշմամբ։
Հայաստանի համար խնդիրը հենց սա է։ Երևանը նվաճելու մասին ակնարկը Հայաստանում բնականորեն ուժեղացնում է նոր պատերազմի մտավախությունը։ Եթե խաղաղության երաշխիքը Բաքվի այսօրվա զսպվածությունն է, ապա վաղը այդ զսպվածությունը կարող է վերանայվել։ Հետևաբար իրական խաղաղությունը պետք է կառուցվի այնպես, որ պատերազմ չսկսելը կախված չլինի Ալիևի տրամադրությունից, հաշվարկից կամ քաղաքական անհրաժեշտությունից։
Այդ պատճառով խաղաղության գլխավոր հարցը նույնիսկ Ալիևի մտադրությունները չեն։ Ավելի կարևոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ուժի նոր կիրառումը Ադրբեջանի համար կդառնա չափազանց թանկ, վտանգավոր և քաղաքականապես ոչ շահավետ։
Ներքին լսարանին Ալիևը ներկայանում է որպես առաջնորդ, որը կարող էր ավելին վերցնել, բայց իմացել է՝ որտեղ կանգ առնել։ Արտաքին գործընկերներին՝ որպես ուժ ունեցող, բայց այն վերահսկող ղեկավար։ Երկու լսարանի համար էլ նույն պատմությունն է աշխատում՝ Ադրբեջանը խաղաղություն է ընտրում ոչ թե որովհետև ստիպված է, այլ որովհետև իրեն դա ձեռնտու է։
Հենց այդ պատճառով Հայաստանի քաղաքականությունը չպետք է հիմնվի Բաքվի բարեհաճության վրա։ Խաղաղությունն ամուր է դառնում այն ժամանակ, երբ այն ձեռնտու է պահպանել և թանկ է խախտել։
Եվրոպական փորձի կարևոր դասերից մեկն էլ սա էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիան և Գերմանիան պարզապես չէին խոստացել այլևս չպատերազմել։ Շումանի ծրագրով ածխի և պողպատի՝ պատերազմի համար վճռական նշանակություն ունեցող արտադրությունը կապվեց ընդհանուր կառավարման համակարգի մեջ։ Նախկին թշնամիները աստիճանաբար այնպիսի փոխկախվածություն ստեղծեցին, որի պարագայում նոր պատերազմը հարվածելու էր նաև սեփական տնտեսությանը և սեփական շահերին։
Խաղաղությունը ստացավ նյութական գին։ Հարավային Կովկասում հաղորդակցային ծրագրերը, այդ թվում՝ TRIPP-ը, կարող են ունենալ նման տրամաբանության որոշ տարրեր։ Ճանապարհները, երկաթուղին, էներգետիկ և այլ ենթակառուցվածքները ստեղծում են ներդրումներ, եկամուտներ, պայմանագրեր և արտաքին շահեր։ Որքան շատ կողմեր են տնտեսական ու քաղաքականորեն շահագրգռված դրանց անխափան աշխատանքով, այնքան բարձր է նոր պատերազմի գինը։
Տնտեսական փոխկախվածությունն ինքնին խաղաղության երաշխիք չէ։ Ճանապարհը, ներդրումը կամ հաղորդակցությունը կարող են կապել պետություններին, բայց կարող են նաև դառնալ ազդեցության գործիք։ Ամեն ինչ կախված է այն կանոններից, որոնցով դրանք գործում են։ Եթե այդ կանոնները հստակ չեն, տնտեսական կապը կարող է նոր կախվածություն ստեղծել՝ խաղաղության փոխարեն։
Այդ պատճառով խաղաղության ամրությունը չափվում է ոչ միայն բացված ճանապարհներով ու ներդրված գումարներով, այլև դրանց շուրջ ստեղծված քաղաքական և իրավական սահմանափակումներով։ Ինքնիշխանության հարգումը, հստակ իրավասությունները, ստանձնած պարտավորությունների վերահսկողությունն ու դրանց խախտման հետևանքներն են տնտեսական շահը վերածում անվտանգության գործոնի։
Նույն չափանիշով պետք է դիտարկել նաև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եթե դրանց հիմքում սահմանների անձեռնմխելիությունն ու ուժով տարածք ձեռք բերելու անթույլատրելիությունն են, ապա Երևանի կենտրոնում ադրբեջանական «հաղթանակ» պատկերող խոսքը հիշեցնում է, որ խաղաղության գործընթացի կողքին շարունակում է գոյություն ունենալ ուժի լեզուն։
Այստեղ է Հայաստանի հիմնական խնդիրը։ Խաղաղությունը չպետք է կախված լինի նրանից, թե տվյալ պահին Բաքուն որքան զուսպ է կամ ինչ հաշվարկով է առաջնորդվում։ Այն պետք է կառուցվի այնպես, որ ուժի կիրառումը հնարավոր լինի, բայց ոչ շահավետ։
Դրա համար Հայաստանը միաժամանակ մի քանի հենարան է պետք ամրացնի։ Սահմանազատումը պետք է հնարավորինս փակի տարածքային վեճերի տեսադաշտը, պաշտպանունակությունը՝ բարձրացնի ռազմական ճնշման գինը, տնտեսական կապերի բազմազանությունը՝ նվազեցնի արտաքին մեկ կենտրոնից կախվածությունը։ Միջազգային ներգրավվածությունը՝ պայմանավորվածությունների խախտումը դարձնի ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև դրանցում ներգրավված գործընկերների խնդիր։
Այս քայլերի նպատակը խաղաղությունը Ադրբեջանի բարի կամքից անկախ դարձնելն է։ Պետությունների միջև կայուն խաղաղությունը հազվադեպ է կառուցվում վստահության վրա։ Այն կառուցվում է շահերի, պայմանավորվածությունների և սահմանափակումների այնպիսի համակարգով, որտեղ նույնիսկ անվստահության պայմաններում պատերազմը վատթարագույն ընտրություն է դառնում։
Ալիևը Երևանի չկառուցված «հաղթական կամարը» ներկայացնում է որպես չօգտագործված ուժի ապացույց։ Հայաստանի պատասխանը այդ պատմության հետ վիճելը չէ։ Հայաստանի խնդիրը շատ ավելի մեծ է՝ կառուցել այնպիսի խաղաղություն, որտեղ Երևանի անվտանգությունն այլևս կախված չի լինի նրանից, թե Բաքվում որևէ ղեկավար որքան հեռու է պատրաստ գնալ և որ պահին է որոշում կանգ առնել։

Բաց մի թողեք
Ուժեղացել է պայքարը նոր տարածաշրջանային կարգի ձևավորման շուրջ
Զենքը սկսում է ընկալվել որպես վեճերն ու խնդիրները լուծելու սովորական միջոց
Քաղաքականությունը ապագայի մասին համոզիչ պատասխան տալու կարողություն է