Մեկ տարի առաջ, երբ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց, իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությունը հայտարարում էր, թե «Գյումրին պետք է ազատագրվի», անհրաժեշտ են նոր, արտահերթ ընտրություններ։
Հրապարակ թերթը գրել է․ Հիմա էլ պարբերաբար ասում են, թե Գյումրիում նոր ընտրություններն անխուսափելի են, սակայն ակնհայտ է, որ այդ պրոցեսը կանգ է առել։ Նախ Վարդան Ղուկասյանի կալանքը թեթեւացրին՝ տնային կալանք սահմանելով, ապա ՔՊ-ի Գյումրու կառույցը վերադարձավ ու սկսեց մասնակցել ավագանու նիստերին, իսկ արտահերթ ընտրություններ անելու ուղղությամբ ոչ մի քայլ չկա։
«Հայաստան» դաշինքից ԱԺ նախկին պատգամավոր, շիրակցի Մհեր Մելքոնյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ՔՊ-ականների ներկայիս վարքագիծը զուտ ժամանակավոր տակտիկա է․ «Իշխանությունը ոչ մի վայրկյան ու ոչ մի րոպե չի նահանջել իր մտքից, միեւնույն է՝ իրենց նպատակը Գյումրին զավթելն է։ Այն, որ հիմա ՔՊ-ականները մասնակցում են ավագանու նիստերին, դեռ չի նշանակում, թե հարցը փակված է։ Նրանք մասնակցելու են նաեւ հաջորդ նիստերին, ավելի են թեժացնելու մթնոլորտը եւ իրենց հարցերն են բարձրացնելու։ Օրինակ՝ առաջիկայում նորից բարձրացնելու են Գյումրու տոնի հարցը, թե տեսեք՝ «մեծ եղբայրն» է նշում տոնը, խոսքը բարերարի մասին է, թե տեսեք` Գյումրին մուրացկան են սարքել եւ այլն։ Կարծում եմ, որ ամենաուշը մինչեւ դեկտեմբեր նրանք կրկին անցնելու են Գյումրիի հարցով զբաղվելուն եւ չեն թողնելու, որ գործող քաղաքային իշխանությունն իր 5 տարին շարունակի։ Հիմա պարզապես ուրիշ առաջնահերթություն ունեն․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Շիրակի մարզի 3 խոշորացված համայնքներում՝ Ախուրյանում, Ամասիայում եւ Արթիկում, ընտրություններ են։ ՔՊ-ն հիմա լծված է դրանցով, եւ գրեթե վստահ ենք, որ երեք տեղում էլ իրենք միանձնյա հաղթանակ են տանելու, տարածքն իրենցով են անելու։ Այ, դրանից հետո նոր անպայման կանցնեն Գյումրուն ու քաղաքի հարցերը վերջնական լուծելուն»։ Իսկ գուցե իշխանության պասիվությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքապետի հարմար թեկնածու չունե՞ն։ Մհեր Մելքոնյանը քմծիծաղով արձագանքեց․ «Վա՛յ, թեկնածուն ի՞նչ է, որ իրենք չունենան․․․ Իրենք ամեն ոլորտում էլ «հարմար» թեկնածուներ ունեն, հարցը թեկնածուի պակասը չէ, այլ իրենց քաղաքական հաշվարկներն ու ժամանակացույցը»։
Գյումրեցի ակտիվիստ Մհեր Խաչատրյանը, որի նկատմամբ իշխանությունը քրեական գործ է հարուցել ֆեյսբուքյան գրառման համար, նույնպես վստահ է, որ ՔՊ-ն չի հրաժարվել Գյումրու ղեկը վերցնելուց, բայց բախվել է տեղացիների դիմադրությանը։ «Գյումրին զավթելն իշխանության ամենօրյա երազանքն է, եւ, բնականաբար, դրանից չեն հրաժարվել ու չեն էլ հրաժարվելու։ Պարզապես այստեղ իրենք հանդիպում են լուրջ դիմադրության։ Փառք ու պատիվ մեզ՝ գյումրեցիներիս։ Ասեմ, որ ո՛չ Մարտուն Գրիգորյանի, ո՛չ էլ Վարդան Ղուկասյանի կողմնակիցն եմ, որեւէ քաղաքական թիմի չեմ հարում, բայց պետք է արձանագրեմ, որ երկու կողմն էլ, չնայած տարբեր ճնշումներին, բանտարկություններին ու իշխանության տարածած ֆեյք լուրերին, թե իբր համաձայնության են գնացել, տեղի չտվեց։ Վստահ եմ՝ նման համաձայնություն չի եղել ու չի էլ լինելու։ Տեսանք Գորիսի օրինակը, թե ինչպես Առուշ Առուշանյանը, որն իբրեւ թե պինդ ընկույզ էր ու ամենառեմբո կերպար, ինչի վերածվեց։ Ի տարբերություն Գորիսի ու նրա համայնքապետի՝ Գյումրիում գյումրեցիները դեռ գովելու տեղ ունեն, այդ պինդ ընկույզը քաղաքում դեռեւս կա»,- ասաց մեր զրուցակիցը։
Իրավաբան Աբրասիմ Աթոյանն էլ է այն կարծիքին, որ իշխանությունը նահանջ քայլ չի կատարել, եւ Գյումրին զավթելը շարունակում է արդիական մնալ։ Նրա գնահատմամբ՝ ՔՊ-ն այժմ Գյումրիում զբաղված է սեւ PR-ով եւ տեղական իշխանությանը քարկոծելով։ «Իշխանությունը ոչ մի նահանջ քայլ չի կատարել, եւ Գյումրին զավթելու միտքը նրանց համար շարունակում է արդիական մնալ։ Պարզապես այս պահին նրանք ակտիվ լծված են այն համայնքներում, որտեղ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են սպասվում՝ քարոզչությամբ եւ կազմակերպչական գործերով։ Իսկ Գյումրիում նրանք այս փուլում զբաղված են մասնավորապես սեւ PR-ով։ Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են ՔՊ խմբակցության ավագանու անդամները ֆեյսբուքյան տարբեր գրառումներ անում։ Օրինակ՝ վերջերս մի տնտեսվարող դատարկ արկղեր էր տարել ու լցրել աղբամանի շուրջը․ դա նկարել ու գցել էին Ֆեյսբուք՝ փորձելով իբրեւ խայտառակել տեղական իշխանությանը։ Կամ՝ մի փոս են նկարում կամ փողոցային առեւտուր անող մի առեւտրականի են տեսնում ու նկարում-տեղադրում։ Իրենք որպես ավագանու անդամներ՝ ի՞նչ են անում․ գնացե՞լ են, խոսե՞լ են տվյալ անձի հետ, փորձե՞լ են հասկանալ՝ ով է, ինչ է անում, հարցը ներկայացրե՞լ են համապատասխան բաժնին կամ մարմիններին։ Չէ՛, միանգամից նկարում են ու՝ Ֆեյսբուք․ բայց ֆեյսբուքյան տիրույթում միանշանակ համայնք կամ երկիր չեն կառավարում։ Կամ՝ հասարակ մի բան․ փողոցաշինության համար մրցույթ հայտարարելը տեւում է 6- 8 ամիս։ Ու քաղաքային այս իշխանությանը, որն ընդամենը տարիուկես կամ երկու տարի է, ինչ եկել է, քարկոծում են, թե ոչինչ չեք անում։ Իսկ մինչ այդ, երբ իրենք՝ ՔՊ-ն էր «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմել կամ փաստացի քաղաքապետ ուներ՝ փրայմերիզով ընտրված, իրենք ի՞նչ էին արել։ Կամ հիմա, երբ նախարարությունը քաղաքապետարանից պահանջել է կրճատել փորձագետների հաստիքները․ հիմա՞ են հասկացել, որ դրանք ավելորդ են։ Այսինքն՝ 7-8 տարի առաջ ավելորդ չէին, այդ լիազորություններն ունեին, իսկ հիմա հանկարծ ավելո՞րդ համարեցին»,- ընդգծեց Աբրասիմ Աթոյանը։
Սակայն նկատենք, որ իշխանությունն ընտրություններում պարտվելու վախից ու ՏԻՄ-երում այլ ընտրություններով զբաղված լինելուց զատ, ունի եւս մի լուրջ պատճառ, որի մասին խոսվում է քաղաքական կուլիսներում․ Գյումրին սերտորեն կապված է մեծ աշխարհաքաղաքականության եւ ռուսական 102-րդ ռազմաբազայի գործոնի հետ։ Երեւանի ու Մոսկվայի վատ հարաբերությունների ֆոնին, եթե իրադարձությունները գնան այնպես, որ ռազմաբազան Գյումրիից դուրս բերվի, քաղաքում կարող է լուրջ ճգնաժամ առաջանալ։ Ռազմաբազան Գյումրու ամենամեծ «գործատուներից» է․ հազարավոր գյումրեցիներ այնտեղ են աշխատում, ռուս զինվորականներն ու նրանց ընտանիքներն առեւտուր են անում, տներ են վարձում, քաղաքի տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեն։ Եթե բազան հեռանա, քաղաքում զանգվածային գործազրկություն կառաջանա, տնտեսությունը կկանգնի, նաեւ անվտանգային վախեր կառաջանան։ Նաեւ դա է հետ պահում նոր ընտրություններ անելու մտքից, որ հանկարծ այս երկու իրադարձությունները ժամանակային առումով չհամընկնեն։ Գյումրիում տնտեսական, սոցիալական, անվտանգային խնդիրների պարագայում անհնարին կդառնա ընտրություններում հաղթելը՝ մարդիկ մեղադրելու են իշխանություններին։ Դրա համար է իշխանությունը հապաղում քայլեր ձեռնարկել եւ որոշել է առայժմ պահպանել ստատուս-քվոն։

Բաց մի թողեք
Սոցփաթեթի «թաղումը». չեղարկվում է քաղծառայողի վերջին արտոնությունը․ Լուսանկար
Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ»
Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին