Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմը պատրաստվում է 2027 թվականը դիմավորել աշխատավարձերի զգալի բարձրացմամբ։ Տիգրան Ավինյանի ամսական վարձատրությունը նախատեսվում է 1 միլիոն 320 հազար դրամից հասցնել 2 միլիոն 80 հազարի՝ շուրջ 58 տոկոս աճով։
Կբարձրանան նաև փոխքաղաքապետերի, վարչական շրջանների ղեկավարների և խորհրդականների աշխատավարձերը։ Նախագիծն այսօր կներկայացվի ավագանու քննարկմանը։ Միաժամանակ կառավարությունը պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսում է ավելի քան 25 միլիարդ դրամ լրացուցիչ ծախս։
Թվերը տպավորիչ են, սակայն առավել հետաքրքիր է դրանց հետևում կանգնած քաղաքական մտածողությունը։ Հայաստանի իշխանությունը սեփական աշխատանքի արժեքը վերագնահատելու վճռականություն է ցուցաբերում մի շրջանում, երբ քաղաքացին դեռ սպասում է պետական և համայնքային ծառայությունների որակական փոփոխությանը։
Բարձր վարձատրվող պետական համակարգ ունենալու գաղափարը միանգամայն ողջամիտ է։ Սինգապուրի պետական կառավարման հաջողության հիմքում, ի թիվս այլ գործոնների, պետական ծառայության մրցունակ վարձատրությունն էր, խիստ ընտրությունը, արդյունքի գնահատումը և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը։
Լի Կուան Յուն հասկանում էր պետական կառավարման պարզ տնտեսագիտությունը. որակյալ մասնագետ ներգրավելու համար պետությունը պետք է կարողանա մրցակցել մասնավոր հատվածի հետ։ Սակայն այդ համակարգի արդյունավետությունը պայմանավորված էր նաև պաշտոնյայի անձնական պատասխանատվությամբ։
Հայաստանի իշխանությունն այդ փորձից վերցնում է ամենահեշտ իրականացվող բաղադրիչը՝ աշխատավարձերի բարձրացումը։ Մնացածի վերաբերյալ հանրությունը դեռ համոզիչ պատասխաններ չունի։ Երևանցին, օրինակ, իրավունք ունի իմանալու՝ քաղաքապետի վարձատրության 58-տոկոսանոց աճի դիմաց ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում քաղաքի կառավարման մեջ։
Քանի՞ ժամով կկրճատվեն խցանումները, որքանո՞վ կբարելավվի հանրային տրանսպորտի հուսալիությունը, ի՞նչ ժամկետներում կլուծվեն աղբահանության, ապօրինի շինարարության, կանաչ տարածքների պահպանության և քաղաքաշինական անկանոն զարգացման խնդիրները։
Քաղաքային իշխանության աշխատանքի գնահատման չափանիշները պետք է հասկանալի լինեն յուրաքանչյուր հարկատուի։ Նույն հարկատուի հաշվին է վճարվելու նոր աշխատավարձը։ Հարցն ունի նաև սոցիալական զգայունություն։ Երբ պետական բարձրագույն պաշտոնյաների վարձատրությունն աճում է տասնյակ տոկոսներով, հասարակությունը բնականաբար հետաքրքրվում է ուսուցչի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի և շարքային համայնքային ծառայողի աշխատանքի գնահատմամբ։ Պետության առաջնահերթություններն առավել պարզ երևում են բյուջեի տողերում։ Յուրաքանչյուր հատկացում նաև քաղաքական որոշում է՝ իր սոցիալական հետևանքներով։
Հայաստանն այսօր գտնվում է տնտեսական և անվտանգային լուրջ վերափոխումների շրջանում։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը, արտաքին տնտեսական կախվածությունների նվազեցումը, եվրոպական ինտեգրումը և պետական ինստիտուտների ամրապնդումը պահանջում են բարձր որակավորում ունեցող, արդյունավետ ու մրցունակ պետական ծառայություն։ Այդ նպատակների համար ծախսվող գումարը կարող է արդարացված ներդրում լինել։ Սակայն ներդրումն ունի վերադարձի չափելի պահանջ։ Պետական կառավարման դեպքում այդ վերադարձը հասարակական բարիքն է՝ արդյունավետ ծառայություններ, կանխատեսելի որոշումներ, անվտանգ միջավայր և հանրային վստահություն։
Անձերի կամայականությունից անկախ գործող կառավարման համակարգը պետական կայունության հիմքն է։ Հայաստանում այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Պաշտոնների քաղաքականացումը, կառավարման որոշումների անձնավորումը և պատասխանատվության մշուշոտ սահմանները խանգարում են մասնագիտական պետական ծառայության կայացմանը։ Աշխատավարձերի նոր սանդղակն ինքնաբերաբար չի վերացնելու այդ արատները։
Աշխատավարձերի բարձրացումը պետք է ուղեկցվի կառավարման որակի նկատմամբ ավելի խիստ պահանջներով։ Ավագանին պարտավոր է հանրությանը ներկայացնել լրացուցիչ ծախսերի ամբողջական պատկերը, հստակ սահմանել յուրաքանչյուր պաշտոնյայի պատասխանատվությունն ու աշխատանքի գնահատման չափանիշները։ Քաղաքացին պետք է իմանա՝ իր վճարած հարկերի դիմաց ինչ արդյունք է ստանալու։ Այս սկզբունքը պետք է գործի պետական կառավարման բոլոր մակարդակներում։
Իշխանության նկատմամբ վստահությունը ձևավորվում է նաև ծախսերի հիմնավորման մշակույթով։ Հասարակությունը կարող է ընդունել նույնիսկ բարձր վարձատրվող պաշտոնյային, երբ տեսնում է նրա աշխատանքի արդյունքը, մասնագիտական կարողությունը և ընդունած որոշումների համար կրած պատասխանատվությունը։
Հայաստանի պետական համակարգին իսկապես անհրաժեշտ է որակական վերափոխում։ Լավ մասնագետը պետք է արժանապատիվ վարձատրվի, իսկ վատ կառավարումը պետք է հետևանքներ ունենա։ Հակառակ դեպքում բյուջետային լրացուցիչ միլիարդները պարզապես կբարձրացնեն իշխանություն ունենալու նյութական գրավչությունը։
Պետական պաշտոնը հանրային վստահությամբ տրված աշխատանք է։ Դրա վարձատրության բարձրացումը ենթադրում է նույնքան բարձր քաղաքական պատասխանատվություն։ Եվ եթե իշխանությունն արդեն որոշել է իր աշխատանքի նոր գինը, հասարակությունն իրավունք ունի ներկայացնելու այդ աշխատանքի նոր պահանջագիրը։

Բաց մի թողեք
Երկաթուղու յուրաքանչյուր վերականգնված կիլոմետր …
Անցել ենք «չշշկռվելիք» անձի գերագույն հրամանատարությամբ պարտվելու շրջանը
«Սելի փոխարեն սելվորն է ճռռում». ՔՊ-ականները նույնացնում են Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներին