ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Տեխասում նախատեսված մահապատժի հեռարձակումը չեղարկելու հարցն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ դատապարտյալը գոտկատեղից ներքև կաթվածահար է։
Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ աղբյուրների՝ Թրամփին նախապես չէին տեղեկացրել, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը որոշել է հրապարակային միջոցառում դարձնել ռազմական հոգեբույժ Նիդալ Հասանի մահապատիժը (դատապարտվել էր «Ֆորտ Հուդ» ռազմաբազայում հրազենով զանգվածային սպանության համար)։
Երբ Հեգսեթը հայտարարել է այդ ծրագրի մասին, Թրամփը հարցրել է իր խորհրդականներին, թե ինչպես է կազմակերպվելու հեռարձակումը։ Այդ քննարկումների ընթացքում ԱՄՆ նախագահը տեղեկացել է, որ Հասանը տեղաշարժվում է անվասայլակով, քանի որ ձերբակալման ժամանակ ստացած հրազենային վնասվածքների հետևանքով կաթվածահար է եղել գոտկատեղից ներքև։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել, որ ահաբեկչական խմբավորումները կարող են օգտագործել գնդակահարության միջոցով իրականացվող հրապարակային մահապատիժը քարոզչական նպատակներով՝ Հասանին որպես նահատակ ներկայացնելու համար։
Մահապատիժը նախատեսված է դեկտեմբերի 3-ին՝ «Ֆորտ Հուդ» ռազմաբազայում։ Սա կլինի զինծառայողի մահապատժի առաջին դեպքը վերջին 65 տարվա ընթացքում շարքային Ջոն Բենեթի մահապատժից հետո (վերջինս կախաղան էր բարձրացվել 11-ամյա աղջկա բռնաբարության և սպանության փորձի համար մեղավոր ճանաչվելուց հետո)։ Սա նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ-ում գնդակահարության միջոցով իրականացվող առաջին մահապատիժը կլինի։
2009 թվականի նոյեմբերի 5-ին Հասանը ատրճանակով կրակ էր բացել իր անզեն ծառայակիցների վրա։ Հարձակումը տեղի էր ունեցել բժշկական մասնաշենքում, որտեղ զինվորները պատրաստվելիս էին եղել մեկնելու մարտական գործողությունների գոտի։ Սպանվել էին 13, վիրավորվել՝ 32 մարդ։ 2013 թվականի օգոստոսին ատենակալների կազմը միաձայն նրան մահապատժի էր դատապարտել։ Դատավարությունն անցկացվել է Ֆորտ Հուդում։ Զինվորն ինքն էր ներկայացրել իր իրավունքներն ու որևէ փորձ չէր արել ապացուցելու իր անմեղությունը։


Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»