«Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։ Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է»,- նշել է 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատից որդու նկարը հեռացնելուն։
Նա գրել է. «Ես՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, սեպտեմբերի 26-ին հրապարակային գրառում արեցի՝ Հաղթանակ զբոսայգու պատից որդուս հերոսական ու խորհրդանշական նկարը ջնջելու անընդունելի փաստի առթիվ։ Հաջորդեցին բազմաթիվ հարցազրույցներ, բարձրաձայնվեցին հարցեր, հնչեցին մտահոգություններ։

Բայց դրանից հետո՞… Լռությո՛ւն։
Ես որևէ տեղեկություն չունեմ՝ քաղաքապետարանում քննարկում եղե՞լ է, ո՞ւմ մասնակցությամբ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ որոշումներ են կայացվել, թե՞ ընդհանրապես ոչինչ չի արվել։
Այսօր ես գիտեմ ճիշտ այնքան, որքան գիտեք դուք։
Մի՞թե այս երկրի համար իր կյանքը զոհաբերած հերոսի անունը, դեմքն ու հիշատակը պետք է մնան անպատասխան հարցերի ու լռության մեջ։
Ես ոչ արտոնություն եմ խնդրում, ոչ էլ անձնական բարեհաճություն։ Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ։
Հերոսների հիշատակը ջնջելով չէ, որ պատմություն է կերտվում։ Իսկ լռությամբ՝ հարցերը չեն փակվում։
Հ.Գ.
Եվ այսուհետ թող ոչ ոք ինձնից չակնկալի բարեհամբույր վերաբերմունք կամ հանդուրժողականություն այս հարցում։ Երբ խոսքը որդուս՝ Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի պատվի, սխրանքի և հիշատակի մասին է, լռելու, զիջելու կամ անվերջ համբերելու ակնկալիք թող ոչ ոք չունենա։ Իմ համբերությունն անսահման չէ, իսկ որդուս հիշատակի հարցում զիջումներ չեն լինելու։
Հանրային պահանջը կա՛ և կմնա այնքան ժամանակ, մինչև այս հարցը ստանա իր արժանի լուծումը։
Եվ թող ոչ ոք չսխալվի՝ կարծելով, թե հանրությունը, հարգելով իմ խոսքը, համբերատար սպասում է կամ պատրաստ է անվերջ սպասել։
Համբերությունը լռություն չէ, հարգանքը՝ հրաժարում չէ, իսկ ժամանակի ձգձգումը՝ խնդրի լուծում չէ։
Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։
Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է։
Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման։ Հարցը պետք է լուծում ստանա։ Եվ հանրային պահանջը շարունակելու է հնչել այնքան ժամանակ, մինչև դա իրականություն դառնա»։


Բաց մի թողեք
«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել» … մեկ տարի երեք ամիս անց. Լուսանկարներ
Հին Հայաստանին նվիրված Ակրոպոլիսի թանգարանում երկու օրից մեկնարկող աննախադեպ ցուցահանդեսի մասին և ոչ միայն․ Լուսանկարներ
«Պապ, այս երգը քեզ համար է». Վալոդյա Գրիգորյանի դուստրը երգ է նվիրել հորը. Լուսանկար