Եթե խորհրդարանական ընտրություններին այսօր արդեն ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էր ստանձնել վերահսկող ոստիկանի դերը և հորդորում էր ընտրակաշառքի ու ընտրաճնշումների բոլոր դեպքերով ահազանգել անձամբ իրեն, հիմա էլ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կառավարության ղեկավարն է հանձնառություն ստանձնել բանուգործը թողած՝ ընտրություններին անօրինականորեն միջամտելու բոլոր դեպքերի մասին իրազեկել իր էլեկտրոնային փոստին ուղարկված նամակներով և հանրայնորեն ահազանգել դրանց մասին՝ դեպքերը հիմնավորվելու դեպքում նաև իրավապահներին այդպիսի ահազանգերը վերահանձնելու խոստումով։
Մենք այդպես էլ չիմացանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուբեն Ռուբինյանի՝ ընտրակաշառքների դեպքերով իրեն դիմելու հորդորին որևէ մեկը արձագանքե՞ց, և ահազանգե՞ց արդյոք ընտրակաշառքի այս կամ այն դեպքի մասին։ Բայց իրավապահ համակարգի ոգևորված աշխատանքի շնորհիվ՝ ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու և խոստանալու մեղադրանքով բազմաթիվ գաղտնալսումներ հրապարակվեցին ու գործեր հարուցվեցին, որոնց մեծ մասով դատական լսումները շարունակվում են առայսօր։ Համենայն դեպս, Ռուբեն Ռուբինյանն այդպես էլ չպատմեց որևէ դեպքի մասին, որն իր շնորհիվ էր հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչը վկայում է այդ միջոցով ընտրակաշառքների դեպքերի մասին բարձրաձայնելու մեթոդի անարդյունավետության մասին։
Բայց դա Փաշինյանին չի հուզում, և հիմա էլ նա է ուզում մրցակցել իրավապահների հետ՝ գուցե չվստահելով նրանց ներուժին ու որակին։ Նախօրեին իր սոցիալական ցանցում նա գրառում էր կատարել՝ հորդորելով ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր կենթարկվեն ապօրինի ճնշումների, դիմել ուղիղ իրեն՝ հրապարակված էլեկտրոնային փոստի հասցեով։ Փաշինյանը հրապարակային պարտավորվում է դեպքը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյայի հրապարակային պատժել։
Այսօր արդեն ուղիղ եթերով Փաշինյանը տեղեկացրեց, որ նման բովանդակությամբ երեք նամակ է ստացել, որոնցից մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի ուղարկած՝ սեփական ուղիղ եթերի հղումն է, որում նա ներկայացնում է, թե դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ինչպես են մարդկանց հեռացրել պետական հիմնարկների աշխատանքից միայն այն բանի համար, որ նրանք քաղաքական ընդդիմադիր ուժերին են սատարել, նկարվել նրանց հետ ու հավանել նրանց գրառումները սոցիալական ցանցերում։
Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ փաստերը հանձնել է աշխատանքի տեսչական մարմնին և հանձնարարել անհապաղ զբաղվել այդ ահազանգերով։ Դժվար չէ կռահել, թե ընդդիմադիր որ պատգամավորն է օգտվել Փաշինյանի հորդորից և որոշել անձամբ դիմել նրան՝ անկասկած Փաշինյանին հասկացնելով, որ իր թիմակիցները պակաս ճնշումներ չեն գործադրում մարդկանց նկատմամբ՝ նրանց ընտրություն կատարելու հստակ քայլերի դրդելով, և լավ կլինի, որ նա իր թիմում «մաքրություն» կատարի։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն էր ֆեյսբուքյան տեսաուղերձով այդ մասին փաստեր հրապարակել՝ անձնապես նշելով այն աշխատողների անունները, որոնք ԱԺ ընտրություններից առաջ ազատվել էին աշխատանքից։ Նրանցից մեկը Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանն է, ում ազատել են աշխատանքից Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարը հրապարակելու պատճառով՝ հայտարարելով, թե՝ «ում հետ որ նկարվել ես, թող նա էլ քեզ համար աշխատանք գտնի»։ Պատգամավորը նման մի քանի դեպք է ներկայացրել։
Բայց Փաշինյանը դեռ չի շտապում այդ մարդկանց աշխատանքից հեռացրած պաշտոնյաներին հրապարակային պատժել, հիմա էլ այս դեպքը գցեց տեսչական մարմնի գրպանը։ Տեսչական մարմնի հնարամտությանն է մնում, թե ինչ ձևով է այս ահազանգը «քնեցնելու» կամ հայտարարելու, թե աշխատանքից ազատումները որևէ կապ չունեն ընտրությունների հետ։ Ի դեպ, նման դրսևորումների մասին գրել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը խոստացել էր քննել ու հաստատվելու դեպքում աշխատանքից ազատել այն դպրոցի տնօրեններին, որոնք դպրոցի անձնակազմին ու աշակերտներին պարտադրել էին մասնակցել ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ապարանում ՔՊ-ի հավաքին։ Ինչպես նշում է ՀԿ նախագահը, այդ տնօրեններից որևէ մեկը այդպես էլ աշխատանքից չազատվեց՝ չնայած նրան, որ ծառայողական քննությամբ հաստատվել էր դասապրոցեսի հաշվին քարոզարշավին մասնակցելու փաստը։
Դատախազի դեր ստանձնած Փաշինյանին մեկ օրում հասցեագրած ընդամենը երեք նամակները չեն հուսադրում, որ երկրում ամեն ինչ կատարյալ է, ինչպես ինքն է ասում, և քաղաքացիներին հորդորում է ավելի աշխույժ լինել և «գրողի ծոցն ուղարկել թե՛ ՄԻՊ-ին, թե՛ դատախազին, թե՛ ՆԳ նախարարին, թե՛ քննչական կոմիտեի ու ԱԱԾ նախագահներին» և իրեն ողողել ընտրաճնշումների վերաբերյալ բողոքներով ու փաստերով, որպեսզի ինքը, ինչպես ինքն է ձևակերպում, կարողանա կատարել քաղաքացիների իրավունքները պաշտպանելու իր քաղաքական հանձնառությունը։ Եվ եթե չիմանա որևէ փաստի մասին կամ եթե քաղաքացիներն իրենց հերթին այդ փաստի վերաբերյալ հայտնելու «հրավերին չարձագանքեն, այդ դեպքում որը պետք է լինի իշխանությունների գործողությունը։ Ուզում եմ՝ մենք գործելակարգ որդեգրենք, թե ինչ ենք անելու նման դեպքերում»,- իր տեսաուղերձում հարցադրում է անում Փաշինյանը՝ ասելով, թե իր նախաձեռնությունը դեպի ժողովրդավարության հաստատում տանող մեխանիզմ է։
Այսինքն՝ Փաշինյանի տրամաբանությամբ՝ ժողովրդավարության դրսևորում է այն, որ երկրում իրավապահ ոլորտի ինստիտուտները վստահություն չեն վայելում կառավարության ղեկավարի կողմից այն աստիճանի, որ նա իր քաղաքացիներին հորդորում է այդ համակարգի կառույցներին դիմելու փոխարեն իրեն նամակներ գրել ու դրանց ապացույցներ կցել, որպեսզի ինքն անձամբ հրահանգի իրավապահներին գնալու այդ դեպքերի հետևից՝ դրանց մասին հրապարակավ խոսելուց հետո։ Ինչպես սովորաբար անում է։
Իր այսօր կալանքի տակ գտնվող ընդդիմախոսներին պատժելու համար հենց այդ ձեռագրով չի՞ գործել Փաշինյանը. Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ իր հրապարակային սպառնալիքներից հետո նրանք անմիջապես հայտնվեցին ճաղերի հետևում։ Հիմա նույնն ուզում է անել նաև ՏԻՄ ընտրությունների շրջանակում։ Գուցե պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է անձամբ որոշել, թե որ դեպքի հետևից է հարկավոր գնալ և որ դեպքերի վրա աչք փակել, եթե ահազանգը յուրայինի վերաբերի։
Դժվար թե եվրոպական որևէ երկրում պետության ղեկավարը նման նախաձեռնությամբ հանդես գա, չնայած Փաշինյանի դեպքում արդեն սովորել ենք, որ մի առավոտ կարող է արթնանալ ու տարօրինակ առաջարկ անել։ Փաշինյանի ամեն նման տարօրինակ պահվածքից հետո մի դավադրություն է լինում, հիմա պետք է սպասել, թե այս նախաձեռնության հեռահար նպատակը որն է, ինչ նոր դավադրություն է պատրաստել այս մարդը՝ գուցեև ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուների համար։ Հնարավոր սցենար չէ՞ համայնքներից մեկում հաղթած ընդդիմադիր որևէ թեկնածուի դեմ գործ հարուցելու և նրան համայնքը ղեկավարելու հնարավորությունից զրկելու համար իր էլեկտրոնային հասցեին իբրև եկած տեղեկության շուրջ իր ոճով ինչ-որ շոու կազմակերպելը։
Մենք բազմիցս նման ներկայացումների ականատես ենք եղել, և այսօր էլ Հայաստանի խոշոր ու ազդեցիկ համայնքներում հաղթած թեկնածուների դեմ հարուցված քրեական գործերով դատական լսումներն անվերջ շարունակվում են՝ ընդդիմությանը զրկելով երկրի քաղաքական կյանքում գոնե որոշակի կշիռ ունենալու և իշխանության հակահայ ծրագրերը կանխելու հնարավորությունից։

Բաց մի թողեք
Քննիչ հանձնաժողո՞վ կձևավորվի
Ինչ է կատարվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ` ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին. Իոաննիսյան