Կան մարդիկ, որոնց հեռանալուց հետո հիշողության մեջ մնում են ոչ միայն նրանց գրքերը, խոսքը կամ անցած ճանապարհը, այլև մի պատկեր, մի ակնթարթ, որը տարիներ անց հանկարծ կենդանանում է՝ իր մեջ ամփոփելով մի ամբողջ ժամանակաշրջան։
Դավիթ Մուրադյանի հետ իմ լրագրողական ճանապարհի առաջին ճամփորդությունն էր դեպի Ջավախք՝ Տերյանական օրերին։ Նա այդ ժամանակ Հայաստանի գրողների միության փոխնախագահներից էր։ Նրա հետ էր նաև ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Լևոն Հախվերդյանը։
1993 թվական, հուլիս։ Եվ ահա մի պատկեր, որ մինչ օրս մնացել է հիշողությանս մեջ՝ կարծես հին ֆիլմի մի կադր։
Վրաստանի խորհրդարանի խոսնակը ժամանում էր ուղղաթիռով։ Ուղղաթիռի պտուտակներից բարձրացած քամին խառնում էր օդը, փոշին ու շուրջբոլորը։ Հյուրին դիմավորելու էին գնում երկու մտավորական՝ բարձրահասակ Դավիթ Մուրադյանն ու ցածրահասակ Լևոն Հախվերդյանը։ Նրանք քայլում էին դեպի ուղղաթիռի քամին՝ մեկը՝ իր բարձրությամբ, մյուսը՝ իր փոքրիկ հասակով, բայց երկուսն էլ՝ իրենց մտավորականի արժանապատվությամբ։
Այդ տեսարանն ինձ այն ժամանակ դոնկիխոտյան թվաց։ Ասես երկու ազնիվ ասպետներ էին գնում ընդառաջ մի ուժի, որի հողմը կարող էր խառնել ամեն ինչ, բայց ոչ՝ նրանց ներքին հավասարակշռությունը։ Հիմա, տարիների հեռվից, այդ պատկերը դարձել է ոչ միայն զավեշտի թեթև երանգով հիշողություն, այլև մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ՝ մտավորականը՝ իր ժամանակի, իր պարտականության ու իր արժանապատվության դիմաց։
Այդ ճամփորդությունն իմ լրագրողական ճանապարհի առաջին քայլերից էր։ Իսկ Դավիթ Մուրադյանն այդ ճանապարհի մարդկանցից մեկը, ում հետ կապված հիշողությունը ժամանակի ընթացքում չի խամրել։ Ընդհակառակը՝ տարիների հեռվից այն ավելի հստակ է դառնում՝ մարդկային ջերմությամբ ու մի փոքր անբացատրելի տխրությամբ։
Այսօր, երբ կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտորը, պրոֆեսորը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը, գրողն ու կինոգետը, իմ հիշողության մեջ նա կրկին քայլում է դեպի ուղղաթիռի հողմը։ Բարձրահասակ, զուսպ, իր տեղում հաստատուն։
Եվ մտածում եմ՝ գուցե հենց այդպիսի պահերին է բացահայտվում մարդու իրական չափը։ Ոչ թե պաշտոնների ու կոչումների մեջ, ոչ թե կենսագրության տողերում, այլ այն պարզ, գրեթե աննկատ քայլի, որով նա գնում է ընդառաջ իր ժամանակին։
Դավիթ Մուրադյանի հեռանալով մի էջ էլ փակվեց մեր մշակութային կյանքի պատմության մեջ։ Բայց իմ անձնական հիշողության մեջ նա կմնա այն ճամփորդության ուղեկիցը, որի հետ սկսվեց լրագրողական ճանապարհս, և այն դոնկիխոտյան պատկերի հերոսը, որ տարիների հեռվից շարունակում է ապրել։
Հրաժեշտ, Դավիթ Մուրադյան։ Թող Ձեր հիշատակը մնա լուսավոր՝ ինչպես այն ճանապարհը, որ անցել եք, և ինչպես այն մարդկային հետքը, որ թողել եք ուրիշների կյանքում։
Սիմոն Սարգսյան

Բաց մի թողեք
Երբ Ապարանի ու Համշենի երգը հանդիպում է ջազին․ «Հովեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի երաժշտական երկխոսությունը
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը
Մհեր Շահինյանի «Հանգստությունը». կաթիլների պոեզիան և վերադարձը սեփական գեղարվեստական ակունքներից մեկին. Լուսանկար