21/10/2026

EU – Armenia

Պահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը

Տեղեկացանք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի անդամների պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քրեական վարույթով իրեղեն ապացույց ճանաչված եւ Հայաստանի ազգային պատկերասրահին պահպանության հանձնված 70 նկարների, կտավների ու սրբապատկերների հանրային ցուցադրությունը:

Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք․ սեպտեմբերի սկզբին Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի բնակության վայրից եւ նրա կնոջը՝ Լաուրա Եփրեմյանին պատկանող հանգստյան տնից առգրավվել է, ընդհանուր առմամբ, արվեստի 70 գործ, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց եւ հանձնվել Ազգային պատկերասրահին՝ պահպանության: Ընդ որում, առգրավվել է նաեւ Գագիկ Խաչատրյանի դիմանկարը:

Հոկտեմբերի 6-ին Հանրային ռադիոն հրապարակել է ռեպորտաժ, որ կտավները «պետականացվել» են եւ փոխանցվել ազգային պատկերասրահին՝ «մշտական պահպանության եւ ցուցադրության նպատակով»: Ռեպորտաժից տեղեկացանք, որ առգրավված, թե պետականացված արվեստի գործերն ըմբոշխնելու են ժամանել ԿԳՄՍ նախարարը, ՔԿ նախագահը, գլխավոր դատախազը, որոնց խմբակային լուսանկարը տարածվեց: Հետո հայտարարվեց, որ Խաչատրյաններին պատկանող կտավները դրվելու են հանրային ցուցադրության` ցանկացողները կարող են այցելել եւ դիտել: Դատարանի ակտ չկա, սեփականության իրավունքի վեճը լուծված չէ, բայց մարդկանց սեփականություն հանդիսացող նկարները հայտնվել են ազգային պատկերասրահի տնօրինության տակ:

Ամրամ Մակինյանն իր միջնորդության մեջ շեշտել է, որ պահպանության հանձնելու արձանագրությունը չի պարունակում առարկաները ցուցադրելու կամ երրորդ անձանց հասանելի դարձնելու թույլտվություն, իսկ գործող իրավակարգավորումներով՝ իրեղեն ապացույցները ծառայողական կամ այլ նպատակներով օգտագործելը խստիվ արգելվում է: Ըստ պաշտպանական կողմի՝ հանրային ցուցադրությունն առաջացնում է լրացուցիչ ռիսկեր (լուսային, ջերմախոնավային ռեժիմի փոփոխություն, ֆիզիկական ներգործություն), ինչը կարող է վնասել կտավները, դրանց մակագրություններն ու խաթարել ապացույցների անփոփոխելիությունը: Ամրամ Մակինյանը քննիչից խնդրել է անհապաղ ստուգել յուրաքանչյուր կտավի ներկայիս վայրն ու ֆիզիկական վիճակը, պատկերասրահից էլ պահանջել է տեղաշարժի ու ցուցադրության բոլոր ներքին ակտերը, ինչպես նաեւ՝ դադարեցնել հանրային ցուցադրությունը՝ արվեստի գործերը տեղափոխելով անվտանգ, ոչ հանրամատչելի պահոցներ:

Նկատենք, որ մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերը մեզանում աննախադեպ չափերի են հասել, եւ դա վերաբերում է ոչ միայն մարդկանց բիզնես օբյեկտների առգրավմանը, այլեւ անձնական սեփականություն հանդիսացող իրերին, անգամ` կենդանիներին, որոնք ապօրինաբար` առանց պատշաճ ընթացակարգերի, խլվում-տեղափոխվում են, մի դեպքում՝ կենդանաբանական այգի, մյուս դեպքում` ազգային պատկերասրահ: