Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իրավիճակը լարվեց, եւ ծեծկռտուք սկսվեց։ Ամեն ինչ սկսվեց ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի սադրիչ ելույթից, որտեղ նա ասաց. «Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում՝ ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին, վերջինս անգամ նախարարություն էր փորձում բացել մեր երկրում։
Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչեւ հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»։ Դրանից հետո տեղից սկսեց ինչ-որ բան բղավել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Չախոյանն արձագանքեց. «Արա-ն ոտքիցդ գլուխ ես»: Ապա իրավիճակը շիկացավ՝ պատգամավորները ոտքի ելան, շարժվեցին դեպի ամբիոն, քաշքշոց սկսվեց։
ՔՊ եւ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների մի մասը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը, բաժանել տաքացած պատգամավորներին։ Բայց մի խումբ էլ եռանդով ծեծում էին իրար, հատկապես ակտիվ էին ԱԺ նորաթուխ պատգամավոր Նարեկ Բաբայանը, Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Ալեքսանյանը, ընդդիմադիրներից՝ Գառնիկ Դավթյանը, Հովհաննես Մնացականյանը, որոնք փորձում էին տակ չմնալ եւ թույլ չտալ, որ Նարեկ Կարապետյանի վրա հարձակվեն։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը նման դեպքերում անմիջապես անվտանգության աշխատակիցներին է դահլիճ հրավիրում, հայտարարեց. «Հատուկ չեմ ընդհատելու նիստը, որ բոլորը տեսնեն այս ամենը։ Նիստը շարունակվելու է։ Դուք կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելու է, թե չի լինելու։ Կամ ցրվեք, նստեք»։ Իրավիճակն էլ ավելի լարվեց․ բռունցքներով իրար էին հարվածում ՔՊ-ից Տարոն Չախոյանն ու «Ուժեղ Հայաստանից» Գառնիկ Դավթյանը։ Դրանից հետո իսկական ծեծկռտուք սկսվեց պատգամավորների միջեւ, եւ արդեն անհասկանալի էր, թե ով ում է հարվածում։ Բազմաթիվ պատգամավորներ վնասվածքներ էին ստացել։ Անգամ լուր տարածվեց, որ շտապօգնություն է ԱԺ ժամանել, բայց աշխատակազմը հետագայում հերքեց այդ լուրը, թե դարպասից ներս մեքենա չի մտել։ Ի վերջո, Ռուբեն Ռուբինյանը ստիպված էր ներս հրավիրել անվտանգության աշխատակիցներին եւ ընդմիջում հայտարարել։ Մինչ որոշ շրջանակներ փորձում են հավասարության նշան դնել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների մեջ, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց. «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ»։ Նրա գրառման տակ ԱԺ «հերոսները» սկսեցին ծաղրել ու սադրել ընդդիմադիրներին, նրանց միացան ֆեյսբուքյան այլ «հերոսներ», բայց շատերն էլ սկսեցին ամոթանք տալ Նիկոլ Փաշինյանին եւ հանդիմանել, որ նորից «սիրտը արյուն է ուզում»:
Նախկին պատգամավոր, ՔՊ խմբակցության նախկին անդամ, ՄԱՍ կուսակցության փոխնախագահ Հակոբ Ասլանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով կատարվածի մասին, ասում է. «Շատ չէ՝ մի յոթ-ութ ամիս առաջ պարոն Ասլանյանն ասել էր, որ Նիկոլը ոչնչացնելու է բոլորին եւ իր համար ստեղծելու է իրեն հարմար ընդդիմություն: Ես վստահ եմ, որ հիմա կատարվողը դրա մասին է: Քաղաքական գործիչը պետք է հասկանա, թե ինչն ինչոց է: Ես այդ կանխատեսումն արել էի դեռ ընտրություններից առաջ: Նիկոլը պատրաստվում է 2031 թվականի ընտրություններին եւ իր համար իրեն հարմար եւ հաճելի ընդդիմություն է սարքում, դրա համար էլ խորհրդարանում այսպիսի իրավիճակներ են ստեղծում: Նիկոլն անցել է պլան ա-ի բ կետին: Նիկոլի նպատակն այս ընդդիմությունից առնվազն յոթ ձայն պոկելն է: Կապ չունի, թե դա ինչ ճանապարհով կարվի: Վախեցնել, շանտաժ անել, առնել, խաբել, համոզել, կապ չունի, թե ինչ ճանապարհով: Նիկոլի նպատակը դա է: Նիկոլի ամենագլխավոր նպատակը հիմա սահմանադրության փոփոխությունն է, իսկ եթե չունենա սահմանադրական մեծամասնություն, չի կարողանա այդ փոփոխությունը կատարել: Նրան անհրաժեշտ է 7-8 մանդատ ընդդիմությունից: Դա է հիմա փորձում անել: Վախի մթնոլորտ է ստեղծում: Բոլորին սպառնում է, ասում է՝ պադվալներում եմ փակելու: Որոշ մարդկանց մոտ վախ կարող է առաջանալ: Նա ունի նաեւ պլան բ, դա արտահերթ ընտրությունների գնալն է: Արտահերթ ընտրությունները ե՛ւ նոր ծախսեր են, ե՛ւ նոր իրավիճակներ, որոնք կարող են անկառավարելի լինել իր համար, այսինքն` նրա համար այդ տարբերակն այնքան էլ ցանկալի չէ, ուզում է ընդդիմությունից մանդատներ գողանալով հասնել իր նպատակին: Խորհրդարանում կան Նիկոլից ավելի նիկոլներ, դա գաղտնիք չէ: Ես ցավում եմ, շատ եմ ցավում, որ 9-րդ գումարման խորհրդարանն այս աստիճան անքաղաքակիրթ է, ավելի անհեռատես ու քաղաքական մտքերից զուրկ: Այն արդեն Ազգային ժողովից վերածվել է ազգային կրկեսի, «Бои без правил» է՝ եթե ԱԺ փոխնախագահը կարող է աթոռ վերցնել ու շպրտել ընդդիմության վրա: Ամոթ է, շատ ամոթ է»:


Բաց մի թողեք
Վարչական միավորները պետք է հոգան միայնակների թաղման ծախսերը. Լուսանկար
Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր…
Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար