Երեկ ԱԺ նիստը վերածվեց մասշտաբային ծեծկռտուքի, որն ուղեկցվում էր դահլիճում թռչող աթոռներով ու շշերով, եւ խորհրդարանի շենքի մոտ շտապօգնության մեքենաներ երեւացին, քանի որ միջադեպն ավարտվել էր պատգամավորների ֆիզիկական վնասվածքներով: Մարտաֆիլմի սկիզբը ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթն էր, որին արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, բայց առանձնահատուկ ուշադրության է արժանի նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կեցվածքը:
Նա անմիջապես ընդմիջում հայտարարելու փոխարեն հորդորեց․ «Թող բոլորը տեսնեն սա»: Այսօրվա խորհրդարանական մշակույթը նախկինի հետ համեմատելով, դիվանագետ, ՀՀՇ հիմնադիր անդամ, 1995-1998 թվականներին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը, որը 1990-ականների Հայաստանի քաղաքական էլիտայի ամենաազդեցիկ դեմքերից էր, Հրապարակ թերթի հետ զրույցում ասում է. «Մենք էլ մի բարի պտուղ չենք եղել, բայց նախագահը կամ վարչապետը խորհրդարանում ծեծկռտուք չեն պատվիրել»:
– Այն ժամանակվա դեպքերից ես հիշում եմ միայն 96 թվականի ընտրություններից հետո եղած միջադեպը:
– Չէ: Այն ժամանակ էլ կար՝ Լեդի Հակոբի, Ալրաղացի Լյովիկի հետ կապված դեպքերը եւ այլն, բայց պառլամենտական պայքարի ու մեթոդների մեջ էր մտնում:
– Այն ժամանակ դրանք հազվադեպ էին, եւ մենք նայում էինք ուրիշ երկրների խորհրդարաններում կատարվող ծեծկռտուքներն ու ծիծաղում: Իսկ հիմա գրեթե ամեն օր պատգամավորներն իրար են ծեծում Ազգային ժողովում: Ի՞նչ է կատարվում:
– Նախ, մեր խորհրդարանի ղեկավարությունը, հավանաբար մտածելով, որ առաջիկայում իրենց պետք կգա, լավ ուսումնասիրել են թուրքական խորհրդարանի փորձը՝ այնտեղ շատ են նման դեպքերը: Այսօրվա, 21 թվականի օգոստոսի, մյուս բոլոր դեպքերն էլ դատապարտելի են: Ես դատապարտում եմ դրանք, որովհետեւ պարզ պատկերացմամբ, միեւնույն է, այդ կռվից հետո բանակցում են, խոսում են, ուրեմն, պետք է շրջանցել դա: Չեմ կարող ասել մյուս երկրների համար, բայց մեր երկրում գործադիրը տեւական ժամանակ է՝ իշխանության մյուս թեւերը վարկաբեկելու, նրանց մեջքը կոտրելու, իրեն ենթարկելու ծրագիր է իրականացնում: Տեղական ինքնակառավարման մարմինները, դատական համակարգը, արդեն քաղհասարակությունն է ամլացրել, կոտրել են դիմադրողականությունը, լրատվամիջոցների նկատմամբ արհամարհական ու տգետ վերաբերմունք կա: ՔՊ ղեկավարն իր կենցաղային մշակույթը, իր ընտանեկան դաստիարակությունը, իր բարոյական սկզբունքներն ու մարդկային հատկանիշները տարածում է իշխանության մարմինների վրա, եւ սա վտանգավոր է:
– Այսօր գրել էր, որ կարծում էր, թե ընդդիմությունը ֆիզիկապես ուժեղ է, բայց, փաստորեն, թույլ է։ Այսինքն՝ խրախուսո՞ւմ է ուժի գործադրումը:
– Ամենաթարմ օրինակը՝ գործադիրի այդպիսի ղեկավարի, Ֆիլիպինների նախագահն էր՝ Ռոդրիգո Դուտերտեն, որին ձերբակալեցին Մանիլայի օդանավակայանում, ինքնաթիռի շարժասանդուղքի վրա, եւ հիմա նա գտնվում է կալանավայրում: Նա խելահեղության աստիճանի ցինիկ էր, մասնակցում էր հանցավոր խմբերի շուրջկալներին, անձամբ գնդակահարում էր թմրանյութ տարածողներին: Բայց պետության մեջ դրա համար կան ընթացակարգեր, օրենքներ, ոչ թե պետության ղեկավարը պետք է թուր ու թվանքը կախի կողքը ու գնա: Հիմա մերն այդ ճանապարհն է ոնց որ բռնել, դե թող շարունակի: Մենք երեւի այս դժոխքի միջով պետք է անցնենք՝ արդեն անցնում ենք, բայց պետք է գնանք մինչեւ վերջ: Նույնիսկ այն, որ իրենից հետո ԱԺ նախագահն ու նրա տեղակալներն արագ արձագանքեցին, իրենք դրանով ցույց են տալիս, որ խորհրդարանում չկա ուրույն կարծիք՝ գոնե ներքին կյանքին վերաբերող հարցերում:
– Նիստ վարողների կեցվածքի, աշխատանքի կազմակերպման հետ կապված ի՞նչ կասեք, ինչպե՞ս եք գնահատում:
– Պետք է ասեմ, որ ԱԺ նախագահն ու նրա երկու նիստ վարող համակուսակիցները շատ նման են մանկապարտեզի խիստ դաստիարակների, որոնք իրականում այնքան էլ դաստիարակ չեն: Իհարկե, խորհրդարանում կարելի է ե՛ւ գոռալ, ե՛ւ ռեպլիկ անել, կարելի է ոտքի կանգնել ու առանց խոսափողը միացնելու մի բան խոսել: Եթե մեր երեխաներն անգամ տանը իրավունք ունեն մեզ հետ բանավիճել, իրենց ճշմարտությունն առաջ տանել, ուրեմն, պատգամավորներն էլ պետք է իրենց ինչ-ինչ իրավունքներն ունենան:
– Հանդուրժողականություն չկա, նկատե՞լ եք: Եթե ընդդիմադիր պատգամավորները մի բացասական բան են ասում, միանգամից անջատում են խոսափողը, զգուշացնում են, թե՝ ձեր ժամանակն ավարտվեց, իսկ իրենք ամբիոնից վիրավորանքներ են հնչեցնում: Այսինքն՝ «չար դաստիարակները» կարող են վիրավորել, իսկ «երեխաները»՝ ոչ:
– Ինչպես տեսնում եք, սա ավելի խոր խնդիր է՝ իշխանության մյուս ճյուղերը կոտրելու: Խորհրդարանն այսօր Հայաստանում կառավարության շարունակությունն է: Եթե հիշում եք, նա դատարանների նկատմամբ էլ էր նույնն անում, դատարանների դռներն էին փակում, դատավորներին էին ճնշում: Հիմա Հայաստանում, ըստ միջազգային դասակարգման, հիբրիդային վարչախումբ է հաստատվել, ոչ թե ժողովրդավարական, թող չկեղծեն: Եվ ոչ մի նշույլ չկա դեպի ավելի բարձր կարգ տեղափոխվելու, հակառակը՝ իջնում ենք ներքեւ: Հայաստանը լատենտ, թաքնված, թաքուն սողում է դեպի բռնապետություն:
– Վերջին ՏԻՄ ընտրության 80-90 տոկոս ձայները, որ իշխանությունն իր օգտին արձանագրեց, դրա եւս մի ապացույցն են: Եվ Փաշինյանն էլ իբր դժգոհ էր դրանից: Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը նոր ընտրություններ կանցկացնի՞ եւ նույն բռնաճնշումների եղանակով սահմանադրական մեծամասնություն կվերցնի՞ խորհրդարանում:
– Ես չեմ կարծում, թե դա շատ լուրջ հայտարարություն էր: Այդ օրը դա էր պետք ասել՝ ասաց, էլի: Հախուռն, գացմունքներով, բռնկումներով է շարժվում իշխանությունը։ Ժողովուրդը պետք է սովորի դրան, ընտելանա: Աշխարհում էլի կան նման ոչ հավասարակշռված մարդիկ, որոնք հասել են իշխանության: Արգենտինայում կա: Դրանք պոպուլիզմի արդյունքներն են, կողմնակի հետեւանքներն են: Մենք նոր իրողության մեջ ենք գտնվում: Ունենք այսպիսի մի վարչախումբ, որն ամենաշատը, մահու չափ վախենում է իշխանությունը կորցնելուց, որովհետեւ գիտի, որ դրանից հետո պիտի պատասխան տա, ինչպես նախագահի թեկնածու Ֆլավիո Բոլսոնարուն երեկ գիշերը մասնավոր ինքնաթիռ նստեց եւ փախավ Բրազիլիայից:
– Հնարավո՞ր է, որ խորհրդարանում նման կռիվներ, տեսարաններ հրահրելով, բեմադրելով ուզում են շեղել մարդկանց ուշադրությունը ավելի կարեւոր հարցերից, օրինակ՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի վավերացումից կամ այլ:
– Ամենամեծ բանը, որ այսօր Հայաստանի ամեն ընտանիքում տեսնում են, գիտեն՝ գների աճն է ու մարդկանց աղքատացումը: Ամեն ինչ անելու են, որ մարդիկ գներից չխոսեն ու իրենցից չկարողանան պահանջել գործունեության հաշվետվություն: Նույնը լինելու է բյուջեի կատարողականը քննարկելիս, նույնն անելու են հաջորդ տարվա բյուջեն քննարկելուց: Այս իշխանությունը փող շատ է սիրում: Ընդդիմությունը պետք է ձեւ գտնի, ուսումնասիրի ու բացահայտի պետական, հանրային միջոցների օգտագործման օրինականությունը:


Բաց մի թողեք
Վարչական միավորները պետք է հոգան միայնակների թաղման ծախսերը. Լուսանկար
Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր…
Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար