02/11/2026

EU – Armenia

Մեր շահերից բխո՞ւմ է, որ մեր թշնամիներն իրար միանալու ճանապարհ ունենան

Այսպես կոչված «Թրիփը» գործառութային առումով թուրքերի ձևակերպած և պահանջած «Զանգեզուրի միջանցքն» է։ Ավա՜ղ։

Դեռ մի կողմ թողնելով պատմաքաղաքական ապացուցողական ամբողջ համաշարը՝ թեկուզ միայն օգոստոսի 8-ի տխրահռչակ հռչակագրում հանդիպող «ՀՀ տարածքի վրայով Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապ» ձևակերպումը հիմնավորում է նվաստիս պնդումը։ Երկրորդ կարծիք այս հարցում կարող է լինել միայն ռազմավարական մեծ պատկերի փոխարեն բառային փաթեթավորումների վրա կենտրոնանալու դեպքում։

Բայց նույնիսկ այդ ճանապարհը լավ տեղ չի տանում։ Դիցուք՝ «Թրիփն» իսկապես ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Ե՞վ։ Ի՞նչ է փոխվում դրանից։ Ընդհանրապես Հայաստանի շահերից բխո՞ւմ է, որ մեր ճանապարհները զավթող, մեզնից Արցախը գրաված, մեր մեծամեծերին պատանդառած թշնամիներն առհասարակ իրար միանալու ճանապարհ ունենան, այն էլ՝ մեր իսկ տարածքով…

Մեզ պետք է ոչ թե բառերի ճշգրտում, այլ ռազմավարական մտածողության հեղափոխություն։ Հեղափոխությունը մտածողության, գործունեության և առհասարակ տիրապետող մոդալությունների արմատական կերպափոխումն է։ Սրանով է հեղափոխությունը տարբերվում սովորական փոփոխությունից, որը սոսկ տիրող կարգերի շրջանակներում իրագործվող «թույլատրելի» ճշգրտում է։

2018 թ․ և հատկապես 2020 թ․-ից Հայաստանն զգում է ճշմարիտ հեղափոխության կարիք։ Միայն այդ դեպքում հայկական քաղաքակրթությունը և դրան սպասարկելու կոչված քաղաքական դաշտը հասու կդառնան Հայաստանի իրական շահերին՝ զերծ դրսեկ և օտար խաղացողների ձևավորած «նորմալ ստատուս-քվոյի» թելադրանքներից։

Էդգար Էլբակյան