02/11/2026

EU – Armenia

Որոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Տիգրան Ենոքյանը:

Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալի պարտականությունները կատարողը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՆԳՆ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», իսկ մեկ ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը: