02/11/2026

EU – Armenia

TRIPP-ն ու խաղաղության պայմանագիրը պետք է խորհրդարան ներկայացվեին միասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ չէ TRIPP նախագծին, սակայն գտնում է, որ դրա քննարկումը պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում։

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ TRIPP ծրագրի և խաղաղության գործընթացի մեկնարկը համընկել է ժամանակային առումով, իսկ գործնականում դրանք ընկալվում են որպես փոխկապակցված գործընթացներ։

Աբրահամյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին մասնակցել և համապատասխան աջակցություն է ստացել՝ խաղաղություն հաստատելու խոստումով։

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Ադրբեջանը բացահայտորեն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, մինչդեռ ՀՀ իշխանությունները նախաձեռնել են նոր Սահմանադրության մշակման գործընթաց՝ պնդելով, որ դա Բաքվի պահանջով չէ։ Աբրահամյանի գնահատմամբ՝ նման քայլերը հերթական զիջումն են Ադրբեջանին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը նաև ընդգծել է, որ խաղաղության պայմանագիրը և TRIPP նախագիծը պետք է խորհրդարան ներկայացվեին միասին։ Նրա համոզմամբ՝ եթե խաղաղության համաձայնագիրն արդեն ստորագրված լիներ և միաժամանակ ներկայացվեր TRIPP ծրագրի հետ, իրենց խմբակցությունը քվեարկության ժամանակ այլ դիրքորոշում կունենար։