Բազմիցս անդրադարձել ենք Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների լարվածությանը՝ պայմանավորված ադրբեջանական կողմի՝ թուրք գործիչներին ուղղված մեղադրանքների հանգամանքով։
Հիմնական մեղադրանքն այն է, որ թուրք պաշտոնյաներն ու հասարակական գործիչներն իբր հակաադրբեջանական խոսույթով են հանդես գալիս եւ տեղեկատվական արշավ են սկսել նրանց դեմ։ Ալիեւյան ռեժիմի քարոզչակայքերից մեկը՝ Մինվալ․ազ-ը, հերթական հակաթուրքական հոդվածն է հրապարակել։
«Դիվանագիտության մեջ դժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է բարձրագոչ հայտարարություններով: Երբեմն բավական է պաշտոնական ընդունելության ժամանակ ներկայացուցչության մակարդակն իջեցնել կամ անտեսել դաշնակցի խնդրանքը: Նման ժեստերը հատկապես զգայուն են, երբ խոսքը վերաբերում է այն երկրներին, որոնք տասնամյակներ շարունակ հռչակել են «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը: Ի վերջո, եղբայրության մասին խոսքերն անխուսափելիորեն հանգեցնում են այն հարցին, թե որքանով են կողմերը պատրաստ հետեւել դրա կանոններին»,- ասվում է իշխանամերձ կայքի հոդվածում։ Նաեւ հիշատակվում է, որ հոկտեմբերի 29-ին Բաքվում Թուրքիայի դեսպանատանը Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանն Ադրբեջանը ներկայացրել է թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւը: Նախկինում նման միջոցառումներին երկիրը ներկայացրել էր Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան: Ներկայացվածության մակարդակի փոփոխությունը դժվար է չնկատել՝ ասում է հոդվածագիրը։ «Այնուամենայնիվ, Բաքուն առաջինը չէր, որ նման պրակտիկա ներդրեց: Ինչպես նշել է Qafqazinfo-ն, այս տարի Անկարան՝ ինքը խախտեց երկարատեւ ավանդույթը: Մայիսի 28-ին Ադրբեջանի անկախության օրվա տոնակատարություններին Թուրքիան ներկայացված էր ոչ թե խորհրդարանի խոսնակի կամ փոխնախագահի կողմից, ինչպես նախկինում, այլ տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի կողմից։ Բաքուն պարզապես կիրառեց դիվանագիտության մեջ փոխադարձության ընդհանուր ընդունված սկզբունքը։ Անկարան պատասխանեց հենց այն մակարդակով, որը բավարար էր համարում Ադրբեջանի համար։ Սակայն մեկ այլ դրվագ թողեց շատ ավելի տհաճ զգացողություն։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժեց Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ անկախության օրվա առթիվ տեսարժան վայրերը լուսավորել ադրբեջանական դրոշով։ Նման խնդրանքները նախկինում բավարարվել էին։ Այս անգամ մերժման պատճառը մնում է անհայտ։ Եվ սա տրամաբանական հարց է առաջացնում․ եթե Անկարան բացառիկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա ինչո՞ւ են նույնիսկ հարգանքի նման խորհրդանշական արտահայտությունները դառնում դիվանագիտական անհամաձայնության առարկա»։
Այս ֆոնին, ինչպես պնդում է ադրբեջանական կայքը, Միլլի մեջլիսի 53 անկախ եւ ընդդիմադիր պատգամավորների արարքը, որոնք հոկտեմբերի 29-ին Բաքվում ծաղիկներ դրեցին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանին, ստանում է հատուկ նշանակություն․ «Այս ժեստն արժանի է ուշադրության։ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ թուրք ժողովրդի եւ նրանց պատմական ժառանգության նկատմամբ հարգանքը չի նշանակում այսօրվա Անկարայի կողմից կայացված յուրաքանչյուր որոշման անվերապահ հավանություն։ Եղբայրական հարաբերությունները պետություններին չեն ազատում քաղաքական պատշաճության տարրական կանոններից։ Ընդհակառակը՝ դրանք ենթադրում են յուրաքանչյուր խոսքի եւ գործողության համար բարձրացված պատասխանատվություն։ Երբ մի կողմը սկսում է հատուկ վերաբերմունքը որպես ինքնըստինքյան ընդունել, անխուսափելիորեն առաջանում է գայթակղություն՝ անտեսել մյուսի շահերը»։
Բաքուն հրապարակային վեճի մեջ չի մտել կամ բացատրություն չի պահանջել։ Այն ընտրել է Անկարայում լավ հասկանալի լեզու՝ դիվանագիտական արարողակարգի լեզուն՝ պնդում է ադրբեջանական իշխանամերձ կայքը եւ հավելում․ «Եթե թուրքական իշխանություններն իսկապես Ադրբեջանին համարում են եղբայրական պետություն, ապա նրանք պետք է հիշեն. եղբայրությունն իրավունք չի տալիս պահանջել հատուկ վերաբերմունք՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ցուցադրելու»։


Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանին կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը
Իշխանության ամենամոլի աջակիցներն են գիտակցում անգամ, թե իրականում ինչ է կատարվում
Հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին. Ընդդիմադիր ուժերը միավորվել են․ Տեսանյութ