Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ կարեւորագույն քաղաքական իրադարձություն, որի ազդեցությունը, առանց չափազանցության, տարածվելու է ոչ միայն ներամերիկյան իրականության, այլ նաեւ գլոբալ առումով՝ ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրի վրա։
Խոսքը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների մասին է։ Այն սահմանեց ամերիկյան քաղաքական համակարգում ուժերի նոր հարաբերակցությունը։ Տեսակետ կա, որ այս միջանկյալ ընտրությունները, ըստ էության, նախագահ Թրամփի վարչակազմի աշխատանքին շարքային ամերիկացիների տված քաղաքական գնահատականն է։ Բացի այդ, ցույց է տալիս ամերիկյան հասարակության քաղաքական տրամադրությունները՝ նախագահական նոր ընտրություններից առաջ։
Ամերիկյան քաղաքական համակարգի յուրահատկությունն այն է, որ նախագահական ընտրությունները տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ, սակայն նախագահի ընտրությունից 2 տարի անց տեղի են ունենում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որով քաղաքացիները հնարավորություն են ստանում բալանսավորել քաղաքական ուժերի հարաբերակցությունը՝ Կոնգրեսի մեկ կամ երկու պալատների հսկողությունը հանձնելով ընդդիմությանը։ Ու հաշվի առնելով Կոնգրեսի լիազորությունները՝ հաճախ այդ ընտրությունները փոխում են երկրի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքական ընթացքը։
Ընտրությունների արդյունքների վերջին տվյալների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունը կարողացել է վերահսկողություն ստանալ Կոնգրեսի 2 պալատների նկատմամբ էլ։ Հանրապետականների համար տհաճ զարգացումներ են արձանագրվել։ Դեմոկրատները կարողացել են սենատորական աթոռներ նվաճել Տեքսասում, Կանզասում, Հարավային Կարոլինայում, Այովայում եւ այլուր։ Իսկ Տեքսասում հանրապետականները կորցրել են նույնիսկ նահանգապետի պաշտոնը։
Ընտրությունների նման արդյունքները ցույց տվեցին, որ շարքային ամերիկացիները դժգոհ են երկրում տիրող տնտեսական վիճակից, բարեկեցության անկումից, ինֆլյացիայի աճից եւ արտաքին քաղաքականության այն ընթացքից, որը որդեգրել է Սպիտակ տունը։ Իհարկե, էական ազդեցություն է ունեցել Իրանի դեմ հակամարտությունը, որի հետեւանքները խոր ազդեցություն թողեցին էներգետիկ եւ վառելիքի շուկաների վրա։ Reuters-ի գնահատմամբ, ամերիկացի 10 ընտրողից 9-ի համար քվեարկության ժամանակ առաջնային է եղել բարեկեցության անկումը, եւ հարցվածների զգալի մասն իրենց «աղքատացման» մեղքը բարդել են նախագահի վրա։ Դեմոկրատների հաղթանակը, ըստ էության, նշանակում է ամերիկյան քաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխություն։ Ստանալով հսկողություն 2 պալատների նկատմամբ՝ դեմոկրատները կկարողանան հսկել նաեւ ոլորտային կոմիտեների աշխատանքները, իրականացնել խորհրդարանական հետաքննություններ, գործադիր իշխանության ներկայացուցիչներին կանչել պառլամենտական լսումների, հսկել ֆեդերալ բյուջեն։ Սենատում մեծամասնությունը նաեւ թույլ կտա արգելափակել կամ նշանակալիորեն ձգձգել առանցքային պետական պաշտոնների համար նախագահի կողմից առաջադրված թեկնածուների հաստատումը։
The Washington Post-ը մանրամասնում է, որ իրենց նոր կարգավիճակով՝ դեմոկրատները կկարողանան հետաքննել նախագահի վարչակազմի, նախագահի շրջապատի եւ կայացված որոշումների առնչությամբ առաջացած հնարավոր շահերի բախման կամ որոշումների հետեւում նախագահի շրջապատի այս կամ այն ներկայացուցչի կամ խմբի ֆինանսական եւ այլ շահերի հնարավոր սպասարկման հետ կապված հարցերը։ Կարող են նաեւ ազդել առանձին արտաքին քաղաքական կամ միգրացիոն որոշումների վրա։ Սակայն Թրամփը պահպանում է «վետո»-ի իրավունքը, շարունակում է հանդես գալ որպես ամերիկյան ԶՈՒ-ների գլխավոր հրամանատար ու նաեւ ունենալ որոշակի գործիքներ՝ իր լիազորություններն իրականացնելու համար։ Սա նշանակում է՝ չի բացառվում, որ առաջիկայում ամերիկյան քաղաքական կյանքում սկսվի դիմակայություն գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ, որը կարող է բերել փակուղային իրավիճակների։


Բաց մի թողեք
Վենսը մարտահրավե՞ր է նետում Թրամփին
Թրամփի ռազմական նախագծերը վտանգի տակ են դեմոկրատների հաղթանակից հետո
Միջանկյալ պարտությունից հետո Թրամփն Իրանի հարցով հիմնականում վատ տարբերակների առջև է կանգնած