18/11/2026

EU – Armenia

Հինգ տարվա բանտարկություն՝ մորը պաշտպանելու համար

Հայաստանի իրավապահ համակարգը, որը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների բարեփոխումների, տեխնիկական վերազինման եւ միջազգային կապերի ամրապնդման մասին է զեկուցում, գործնականում անզոր է քաղաքացուն պաշտպանելու հարցում։ Արդյունքում հայհոյանքը, պարզ կենցաղային վեճը մարդկանց ողբերգությունների, նույնիսկ մահվան պատճառ են դառնում:

Հրապարակ թերթը գրել է․ Բաղրամյան 25 շենքի բնակիչ Տատյանա Ս․-ի եւ նրա 28-ամյա որդու՝ Գենրիխ Ալավերդյանի պատմությունը դրա ապացույցն է: Լինելով «Կաթնառատ» համատիրության կառավարիչը՝ Տատյանան հրաժարվել է կնքել 14 անգամ դատապարտված համաքաղաքացի Արամ Ն․-ի բանակից զորացրված որդու բնութագիրը, քանի որ վերջինս այդ շենքում հաշվառում չի ունեցել եւ բնակվել է ավտոտնակում։ Տատյանա Ս․-ն պատմում է, որ փաստաթուղթը ստորագրել է, բայց ապօրինի կլիներ կնիք դնելը՝ չի դրել։ «Դու հլը քո հալը կտեսնես»,- սպառնացել է 14 դատվածություն ունեցող տղամարդը, ու սկսվել է կնոջ մղձավանջը։

«Հայհոյում էր, սպառնում էր միշտ։ 2016 թ․ հուլիսին՝ ՊՊԾ գնդի դեպքերի ժամանակ, փողոցում ինձ տեսավ, վազելով եկավ հետեւիցս ու սկսեց հայհոյել։ Էլ չդիմացա, դիմեցի մարմիններին։ Ինձ այստեղից այնտեղ էին տշում՝ ոստիկանությունից դատախազություն, նախագահի նստավայր, թաղայինի մոտ։ Է՛լ Սերժ Սարգսյանին եմ դիմել, է՛լ Վովա Գասպարյանին։ Ոստիկանները ոչինչ չարեցին։ Կանգնում էր դռան մոտ, երբ դուրս էի գալիս, հարձակվում էր, վիրավորում վերջին բառերով, գոռալով հայհոյում էր։ Քաղաքի որ մասում ինձ տեսներ, գոռոցներով, քֆուրներով գալիս էր հետեւիցս»,- պատմում է Տատյանա Ս․-ն։ Պետական բոլոր կառույցները՝ ոստիկանությունից մինչեւ դատախազություն, լուռ հետեւել են, թե ինչպես է 14 անգամ դատապարտված անձը տեռորի ենթարկում միայնակ կնոջը։ Իսկ հանգուցալուծումը վրա է հասել 2019 թ․ մայիսին, երբ Տատյանա Ս․-ի որդին՝ Գենրիխն արդեն զորացրվել է բանակից։

«Մայիսի 15-ին նա դանակով եկավ համատիրություն։ Ես զանգեցի ոստիկանություն, ասացին՝ նա քեզ ոչինչ չի անում, չի ծեծում, չի ջարդում։ Ես ճարահատյալ զանգեցի տղայիս։ Նա լսեց գոռոցները, եկավ, տեսավ դանակով Արամ Ն․-ին, հրեց նրան դուրս, ոստիկանությունը շատ ուշ եկավ։ Մեզ՝ բոլորիս, տարան բաժին, էլի ոչ մի հետեւանք չեղավ»,- հիշում է մայրը։ Ոստիկանության հերթական անգործության հետեւանքով հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, նոր բախում է եղել: Բակում Արամ Ն․-ն կրկին դանակով ու երկաթե ձողով հարձակվել է Գենրիխի եւ նրա մոր վրա։ Երիտասարդը փորձել է պաշտպանել իրեն եւ մորը, հարվածներ է հասցրել հարձակվողին, իսկ երկու օր անց Արամ Ն․-ն մահացել է։ Իրավապահները, որոնք տարիներ շարունակ քնած էին՝ չէին միջամտում վտանգավոր կոնֆլիկտին, միանգամից արթնացել են ու Գենրիխ Ալավերդյանին մեղադրանք առաջադրել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։

Այս գործով քննությունն ու դատական քաշքշուկը ձգվել են շուրջ 7 տարի։ Ընդ որում, գործում առկա են եղել վկայություններ, որ Արամ Ն․-ն դեպքից առաջ այլ կռվի մեջ էլ է եղել, ընկել է շենքի կաթսայատան աստիճաններից, իսկ դատաբժիշկն արձանագրել է, որ նրա մարմնի բազմաթիվ վնասվածքները տարբեր օրերի են հասցվել։ «Վերը նշված բոլոր վնասվածքները պատճառվել են կենդանության օրոք, որոնցից կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի հարկրծոսկրային գծով 7-րդ կողոսկրի մակարդակով տեղակայված եւ աջ սրունք-թաթային հոդի շրջանի արյունազեղումներն ունեն մոտ 4-5 օրվա վաղեմություն, իսկ մնացած վնասվածքները՝ 6-48 ժամվա վաղեմություն, պատճառվել են բութ առարկաների ազդեցությամբ, որոնք, միասին վերցված, կենդանի անձանց մոտ ունեն կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնասի պատճառման հատկանիշներ»,- ասված է առաջին փորձաքննական եզրակացության մեջ։

Փաստորեն, նախաքննական մարմինն ու դատարանները անտեսել են անհրաժեշտ պաշտպանության հանգամանքը։ 2025 թ․ մայիսին առաջին ատյանի դատարանը Գենրիխին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով գործի հանգամանքները, նրա՝ 44-օրյա պատերազմի մասնակից լինելը, պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ Մեղադրող կողմը բողոքարկել է այդ դատավճիռը, եւ 2025-ի դեկտեմբերին վերաքննիչ դատարանը, չխնայելով երիտասարդին, անտեսելով անգամ այն, որ նրա խնամքին 6 ամսական երեխա կա, վերացրել է պայմանական պատիժն ու ուղարկել իրական ազատազրկման։

Ուշագրավ է, որ այս գործով իրավապահների աշխատանքից դժգոհ է նաեւ տուժող կողմը՝ Արամ Ն․-ի իրավահաջորդն ու պաշտպանը: Նրանք եւս պնդում են, որ քննությունն արդյունավետ եւ օբյեկտիվ չի իրականացվել, իսկ դեպքերի օրերին՝ մայիսի 15-16-ին, իրավապահները ժամանակին քրեական հետապնդում չեն հարուցել։ Տուժող կողմը կարծում է, որ մեղադրյալի ցուցմունքներն ու վնասվածքները պատշաճ չեն վերլուծվել, չի քննվել անգամ մինչ այդ Արամ Ն․-ի ավտոտնակում մահճակալն այրելու դրվագը, իսկ տեղի ունեցածը սխալ է որակվել: Ըստ նրանց՝ Գենրիխ Ալավերդյանին պետք է դատեին ոչ թե անզգուշությամբ մահ պատճառելու, այլ դիտավորյալ սպանության հոդվածով՝ նշանակելով 20 տարվա ազատազրկում։ 2026 թ․ հունիսին վճռաբեկը մերժել է երկու կողմի բողոքները՝ ուժի մեջ թողնելով 5 տարվա ազատազրկումը։

Ստացվում է՝ 14 անգամ դատ­ված անձը 4 տարի շարունակ դանակով ու հայհոյանքներով ահաբեկում է կնոջը, ոստիկանությունն ասում է՝ «քեզ ոչինչ չի անում, մեզ մի անհանգստացրու», ու ձեռքերը լվանում է։ Իսկ երբ որդին ստիպված ինքն է պաշտպանում մորը, դատախազությունն ու դատարաններն ամենայն խստությամբ պատժում են նրան՝ ցույց տալով, որ այս երկրում քաղաքացին իրավունք չունի ո՛չ պետությունից պաշտպանություն ակնկալելու, ո՛չ էլ ինքն իրեն պաշտպանելու։