«Հրապարակի» զրուցակիցը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է։
– Հայաստանի անվտանգային, աշխարհաքաղաքական կողմնորոշումների, Բաքվի եւ Անկարայի հետ հարաբերությունների նոր ֆորմատի, Ռուսաստանի, ինչպես նաեւ այդ երկրի հետ ասոցացվող կառույցների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, մեղմ ասած, ճգնաժամային առնչություններից ո՞րն եք առավել մտահոգիչ համարում։
– Ստեղծված իրավիճակում առավել մտահոգիչ համարում եմ երկու խնդիր: Իրանի շուրջ ձեւավորված իրավիճակը եւ մեր գեոքաղաքական աճող կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից: Մենք հիմա հին անվտանգային համակարգի՝ ՀԱՊԿ-ի հետ չենք համագործակցում, իսկ նոր, որեւէ զգալի համակարգում ընդգրկված չենք: Միայնակ, առանց լուրջ անվտանգային դաշնակիցների շատ բարդ է լինելու ապահովել մեր երկրի արտաքին անվտանգությունը:
– Ժամանակին Դուք եւ Ձեր գլխավորած քաղաքական ուժը դեմ էիք հայ-թուրքական արձանագրություններին, որոնք «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունք էին, եւ ոչ միայն Դուք` շատերն էին դեմ։ Այսօր «գնդակը» կրկին մեր «դաշտո՞ւմ» է։ Օրինակ՝ հայ-թուրքական սահմանի բացումն Անկարան պայմանավորում է Բաքվի հետ Երեւանի կնքելիք վերջնական խաղաղության համաձայնագրով։
– Այո, այն ժամանակ մենք դեմ ենք եղել այդ արձանագրություններին: Մեծ հաշվով, հայ-թուրքական սահմանի բացումը ներկայում ավելի շատ տնտեսական խնդիր է, քան՝ գեոքաղաքական: Հասկանալի է, որ Թուրքիայի իշխանությունները դեռ համաձայնեցնելու են այդ հարցն Ադրբեջանի հետ՝ հարվածի տակ չդնելու իրենց բարեկամական հարաբերությունները: Այդ հարցը գեոքաղաքականի է վերածվում, երբ նայում ես Հարավային Կովկասում այլ գերտերությունների աչքերով: Բաց սահման, «բարեկամական» հարաբերություններ, ազատ առեւտուր եւ… սահմանին ինչո՞ւ պետք է լինեն ռուս սահմանապահներ, 102-րդ ռուսական ռազմական բազան ինչո՞ւ պետք է շարունակի գործել Գյումրիում։ Եթե Հայաստանը դառնում է տարանցիկ երկիր, բաց սահմանների պայմաններում, ապա տրամաբանական է, որ չեզոքություն ապահովելը դառնում է գեոքաղաքականության անկյունաքար։ Բայց դա ճիշտ է, եթե դու ռազմական եւ գեոքաղաքական առումով այնքան ուժ ունես, որ քո շահերի հետ հաշվի են նստում հարեւաններդ… Ունի՞ ներկայիս Հայաստանն այդ հնարավորությունները: Կարծում եմ՝ ոչ։ Այս պարագայում յուրաքանչյուր գեոքաղաքական խժդժություն մեր տարածաշրջանում կարող է բերել մեր նկատմամբ նոր պատերազմների եւ նոր ագրեսիաների:
– ՀԱՊԿ-ը Հայաստանին զրկեց կազմակերպությունում ձայնի, ինչպես նաեւ՝ պատասխանատու պաշտոնում թեկնածուներ առաջադրելու իրավունքից։ Բայց, չնայած սառեցված անդամակցությանը, երկուստեք քայլեր չեն արվում այդ կառույցից մեր երկրի հեռացման ուղղությամբ։ Ո՞վ է պահում ինտրիգը, այս խնդրի հետ կապված ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում։
– Սա այն դասական դեպքն է, երբ հարաբերությունները ՀԱՊԿ-ում մտել են փակուղի: Ռուսաստանը չի ուզում Հայաստանին ՀԱՊԿ-ից վերջնական հեռացնելու հարց բարձրացնել՝ վստահ լինելով, որ իրավիճակը կարող է փոխվել, եւ Հայաստանը կվերադառնա լիիրավ գործունեության։ Հայաստանը հիմա համարյա բոլոր հարցերում, կոպիտ ասած, որդեգրել է «էշ, մի սատկի, գարուն կգա» սկզբունքը։ Այնինչ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը բարդ եւ խորքային են։ Համոզված եմ, որ ապագա իշխանությունները եւս այս խնդրին պատասխաններ պետք է գտնեն:
– Նույնը նաեւ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի ընտրության համատեքստում է․ Կրեմլի վերջնագիրը հստակ է ու անփոփոխ, Փաշինյանի ռեժիմն էլ «սեթեւեթում» է՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց առայժմ մեր օրակարգում չկա։
– Հայաստանի իշխանությունն այս հարցում ճիշտ է` իր օրակարգում այդ հարցը չկա: Բայց այն կա Ռուսաստանի օրակարգում: Շուտով՝ դեկտեմբերի սկզբին, մեկ անգամ եւս դա կտեսնենք, եթե այցը Մոսկվա կայանա, եւ խոսակցությունը կրի սկզբունքային բնույթ:
– Ներքաղաքական առումով նոր իրողություն է ուրվագծվում, Ձեզ հարազատ եզրույթով ասած՝ «նոր ժամանակներ» են կարծես։ Ընդդիմադիր առաջադեմ կամ գոնե առավել ակտիվ ուժերը միասնական օրակարգ են հռչակել՝ համախմբվել դրանից բխող հակաիշխանական պայքարի շուրջ՝ ընդդեմ կամայական կալանավորումների, քաղաքական հետապնդումների, ճնշումների։ Դուք ե՞ւս բաժանում եք այդ օրակարգը։ Հարկ եղած դեպքում միանալո՞ւ եք, հավանություն տալի՞ս եք։
– Իմ՝ համեմատաբար երկար անցած քաղաքական ուղու ճանապարհին ես տասնյակ նման դաշինքների եմ մասնակցել: Փորձս հնարավորություն է տալիս եզրակացնել` վերջում դա դառնում է պայքար իշխանության համար. տրամաբանական է։ Բայց գլխավոր հարցերը դառնում են ոչ միայն այն, թե ովքեր են դաշինքում, այլ՝ ինչ անել եւ ինչպես։ Այդպիսի ծրագրի պայմաններում միայն կարելի է քննարկել միանալու, չմիանալու եւ այլ խնդիրներ։


Բաց մի թողեք
Ֆիրդուսից մինչև… կանեփի դաշտեր. Մեկ մարդ՝ տարբեր անուններով․ ով է Էդուարդ Մելիքյանը
Երկու անշարժ գույք, LAND ROVER, 12.8 միլիոն դրամ եկամուտ, 158.5 միլիոնի վարկեր․ ինչ ունեցվածք ունի Նորք-Մարաշի ղեկավարը․ Լուսանկար
Ուշագրավ միջադեպ՝ ԱԺ-ի մուտքի մոտ. Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով