18/11/2026

EU – Armenia

Բյուջեն 1.3 միլիարդ դոլարի ճեղքվածք ունի

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դժգոհություն է հայտնել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ պետական բյուջեի վերաբերյալ հարցերին տված պատասխաններից՝ նշելով, որ նախարարը չի կարողացել հստակ ներկայացնել մի շարք կարևոր տնտեսական ցուցանիշներ։

ԱԺ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կարապետյանը նախարարին երկու հարց էր ուղղել։ Մասնավորապես, նրան հետաքրքրում էր, թե որքան է ընթացիկ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը դոլարային արտահայտությամբ և նախորդ տարվա համեմատ որքանով է վատթարացել արտաքին առևտրի դեֆիցիտը։

Պատգամավորի հարցերին հստակ պատասխաններ չեն հնչել։ Բյուջեի դեֆիցիտի վերաբերյալ Վահե Հովհաննիսյանը միայն նշել է, որ այն գերազանցում է մեկ միլիարդ դոլարը։

Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Կարապետյանը պարզաբանել է, որ նախարարին ընդամենը մի քանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին է հարցրել՝ ընդգծելով, որ ֆինանսների նախարարն առնվազն պետք է տիրապետի երկրի բյուջեի վերաբերյալ այդ տվյալներին։

Նրա ներկայացմամբ՝ պետական բյուջեի ճեղքվածքը կազմում է շուրջ 1,3 միլիարդ դոլար։ Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ 2027 թվականի պետական բյուջեն, ընդհանուր առմամբ, սպառողական բնույթ ունի։