ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի դեմս Հայաստանի իշխանության, այնպիսի տպավորություն է թողնում, ասես երկու գնացքի տոմս են գնել, երկուսն էլ մեկնում են հակառակ ուղղություններով, իսկ իրենք կանգնել են կայարանում ու սպասում են՝ տեսնեն՝ որն է առաջինը շարժվելու, որ թռչեն մեջը։
Պապոյանը հասկանում է, որ ինչ ուղղությամբ էլ շարժվեն, ոչ ոք իրենց գրկաբաց չի ընդունելու։ Այդ պատճառով երկու տոմսն էլ ձեռքն է առել ու դեռ չի կողմնորոշվում՝ որ գնացքի հետևից վազի։
Եթե խոսքը միայն Պապոյանին կամ Փաշինյանին վերաբերեր, ոչ ոք առանձնապես չէր անհանգստանա։ Խնդիրն այն է, որ խոսքը Հայաստանի ճակատագրի, նրա արտաքին քաղաքական կողմնորոշման ու տնտեսական ապագայի մասին է։ Իսկ այստեղ «երբ պահը գա, կորոշենք» սկզբունքը թանկ հաճույք է։
Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանը հայտարարում է. «Ոչ ԵՄ-ն է համաձայն, որ իր անդամը լինի ԵԱՏՄ անդամ, ոչ էլ հակառակը։ Երբ պահը գա, պիտի որոշենք»։
Հիմա հարց. այդ «պահը» ո՞վ է որոշելու՝ իրե՞նք, թե՞ նրանք, որոնց համաձայնությունն են ակնկալում։ Թե՞ սպասում են, որ երկու միություններն իրար հետ խորհրդակցեն, որոշեն՝ Հայաստանին ով է վերցնելու, հետո էլ մերոնց տեղյակ պահեն, որ ,,հարսանիքը,, սկսեն։
Սա արդեն աշխարհաքաղաքական կողմնորոշում չէ, այլ երկու փեսացուի արանքում հայտնված հարսի վիճակ, երբ երկուսն էլ ասում են՝ կամ ես, կամ նա, իսկ հարսնացուն դեռ մտածում է՝ գուցե երկուսն էլ համաձայնվեն։
Միայն թե միջազգային հարաբերություններում ամեն ինչ մեր իշխանության ցանկությամբ չի որոշվում։ Այնտեղ ոչ ոք պարտավոր չէ սպասել, մինչև Երևանում հասկանան՝ որ կողմն են ուզում գնալ։ Կարելի է մինչև վերջին պահը սպասել, բայց աշխարհաքաղաքականության մեջ պահերը երբեմն գալիս են առանց նախազգուշացման։ Եվ այդ ժամանակ կարող է պարզվել, որ ընտրության իրավունքը մեզնից առաջ ուրիշներն են արել։
Ու այդ ժամանակ ի՞նչ է անելու Պապոյանը։ Կանգնելու է կայարանում, երկու տոմսը ձեռքին, ու հայտարարելու, որ դեռ որոշու՞մ չեն կայացրել։
Միայն թե հանկարծ չպարզվի, որ երկու գնացքներն էլ մեկնել են, իսկ մերոնք դեռ կայարանում սպասում են, որ պահը գա։ Ու այդ ժամանակ Հայաստանը ստիպված կլինի ոչ թե ընտրել գնացքը, այլ ոտքով հասնել իր ապագային։


Բաց մի թողեք
Ալիևի հետ ես պիտի թուղթ ստորագրեմ, միայն ես ու Ալիևը
Ավինյանն անում է այն, ինչ ես ասում էի հինգ տարի առաջ. Տեսանյութ
Փոխվարչապետը «ուրացավ» Սամվել Կարապետյանին․ Տեսանյութ