Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի մի շարք ներկայացուցիչներ այս տարիների ընթացքում այս կամ այն կերպ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ՝ ստանձնելով պետական բարձր պաշտոններ, դառնալով իշխանական թիմի ներկայացուցիչներ կամ ՔՊ-ի պրոպագանդիստներ:
Իհարկե, որոշ նախկին ՀՀԿ-ականներ եւս կան Փաշինյանի թիմում, սակայն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների քանակը մեծ է. Ժիրայր Լիպարիտյան, Գագիկ Ջհանգիրյան, Վահագն Խաչատուրյան:
Այս շարքում կարելի է հիշատակել նաեւ Փաշինյանի նախկին խոսնակ, այժմ Իտալիայում դեսպան Վլադիմիր Կարապետյանին, նախկին դեսպան Հովհաննես Իգիթյանին, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, այլ անձանց։
Նրանցից ոմանք ոչ միայն 90-ականներին էին իշխանության մաս կազմում, այլեւ 2008 թվականին ստեղծված Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամներ կամ համակիրներ են եղել, մասնակցել են առաջին նախագահի եւ ՀԱԿ-ի առաջադրմանը, քաղաքական պայքարին: Նրանցից մի քանիսը Փաշինյանի իշխանության օրոք զբաղեցրել են առանցքային պաշտոններ` Վահագն Խաչատուրյանը դարձել է Հայաստանի նախագահ, Վլադիմիր Կարապետյանը՝ վարչապետի մամուլի խոսնակ, ապա՝ դեսպան, Գագիկ Ջհանգիրյանը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Սասուն Միքայելյանի ընտանիքն ու մերձավորները բազում պաշտոններ են զբաղեցնում, դե, իսկ Ժիրայր Լիպարիտյանն իր հարցազրույցներում ամբողջովին եւ բացահայտորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, արդարացնում նրա բոլոր քայլերը եւ անգամ Ալիեւի կողմից պարտադրված սահմանադրությունը ընդունելն է անհրաժեշտություն համարում: Նախօրեին նա Հ1-ի Պետրոս Ղազարյանի հյուրն էր եւ, մեղմ ասած, զարմացրել է ունկնդրին` «Նիկոլից ավելի Նիկոլ լինելու» իր եռանդով:
ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է ստացվել, որ հիմնադիր նախագահի ամենակարկառուն թիմակիցներն այժմ հայտնվել են Փաշինյանի «ծոցում»: Երբեմն տեսակետներ են հնչում, որ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը գաղափարապես մոտ են իրար, եւ հենց սա է պատճառը, որ վերոնշյալ անձինք Փաշինյանի թիմին են անդամագրվել կամ նրա աջակիցը դարձել:
Արմեն Խաչատրյանն ասաց. «Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ ուր գնալ եւ ինչի համար: Ասել, որ կա գաղափարների նմանություն, եւ այդ մարդիկ դրա համար են անցել Փաշինյանի կողմը, իրականության հետ որեւէ կապ չունի: Ես անգամ հիշում եմ, որ պատերազմից հետո Վահագն Խաչատուրյանը հրապարակավ հայտարարեց, թե իբր ինքը մշտապես եղել է խաղաղության ջատագով եւ այժմ էլ հավատարիմ է մնում իր գաղափարներին: Այստեղ կա մի շատ կարեւոր գիծ, սահման` Տեր-Պետրոսյանը, նրա քաղաքական թիմը երբեք այն կարծիքին չեն եղել, որ հանուն խաղաղության պետք է ամեն ինչ զիջել: Վերջին արհավիրքներից հետո Փաշինյանի թիմը եւ անձամբ Փաշինյանը մեզ մոլեռանդորեն մեղադրում էին: Պնդում էին, որ տարածքների վերադարձի դիմաց խաղաղությունն իրենց համար խիստ անընդունելի է, ավելին՝ ասում էին, որ այն հնարավոր է բացառապես Արցախի ճանաչման դիմաց: Մենք մշտապես ասել ենք, որ դա աբսուրդ է: Աշխարհը դե յուրե չի ճանաչելու Արցախի անկախությունը` առաջիկա տեսանելի ապագայում, եւ պետք էր տարածքների փոխանակման հարցում հասնել դե ֆակտո Արցախի անկախացման: Այսինքն` տարածքների փոխանակումից հետո կնքվելու էր երաշխավորված խաղաղության պայմանագիր, եւ Արցախը դրանից հետո, որպես պետություն, կշարունակեր լինել հայկական: Սրանից հետո Արցախի ժողովուրդը կստանար ճանաչված ինքնավարություն, որը չէր կարող ենթադրել Ադրբեջանի ենթակայություն: Այս տարբերակը 2019 թվականին դրվել է Փաշինյանի սեղանին: Միակ ուժը, որն ի սկզբանե որդեգրել է հենց այս գաղափարախոսությունը` հաստատել խաղաղություն, ապահովելով Արցախի անվտանգ ու խաղաղ գոյությունը, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով, եղել են առաջին նախագահը եւ իր ղեկավարած ուժը: Այն մեր քաղաքական թիմի գաղափարախոսությունն է, որից մենք ոչ մի վայրկյան չենք հրաժարվել»: Այսօրվա պարտված վիճակում եւ նախկին հաղթանակած վիճակում որոշումներ կայացնելը, կոմպրոմիսների գնալը միանգամայն տարբեր բաներ են, մի՞թե Ժիրայր Լիպարիտյանը, որն իրեն դիվանագետ է համարում, պատմաբան է, եւ էլի ուրիշներ չեն ընկալում այս պարզ իրողությունը, թե՞ այլ շահեր ունեն։ «Այդ մարդիկ ամենալավ հասկացողներից են: Չի կարող Վահագն Խաչատուրյանը, լինելով մեր թիմի նախկին կարկառուն ներկայացուցիչը, չհասկանալ դա: Գագիկ Ջհանգիրյանի պարագայում փոքր-ինչ այլ է, նա Տեր-Պետրոսյանի թիմում հայտնվել է 2008 թվականից հետո: Վլադիմիր Կարապետյանը նույնպես 2008-ից հետո է հայտնվել թիմում, բայց կան շատ մարդիկ, ովքեր առաջին նախագահի թիմում են եղել` սկսած Ղարաբաղյան շարժումից: Վահագն Խաչատուրյանը, Ժիրայր Լիպարիտյանը ուղնուծուծով տիրապետում են Ղարաբաղյան շարժմանը, դրա լուծումներին եւ հանգրվանին: Նրանք լավագույնս են իմացել, թե ինչ լուծումներով կարող է հարցը լուծվել: Ժիրայր Լիպարիտյանը Տեր-Պետրոսյանի քաղաքական գծի կերտողներից է եղել, գլխավոր դերակատարներից։ Նրա անվան հետ է կապված պատերազմի օրերին Աֆղանստան կատարած հայտնի այցը…. բազմաթիվ են օրինակներն այն մասին, թե ինչպես է Լիպարիտյանն իր ունակությունները ներդրել, որպեսզի ապահովվի Արցախի անվտանգությունը, հաստատվի խաղաղություն: Վանո Սիրադեղյանի ասած` «Ափսոս էր երեխան»: Ամեն բան այս վակխանալիայի մեջ իրար է խառնվել: Ո՞նց կարող էր Լիպարիտյանը հայտնվել նիկոլիզմի գաղափարների պաշտպանության եւ տարածման գծից այն կողմ»:


Բաց մի թողեք
Ֆիրդուսից մինչև… կանեփի դաշտեր. Մեկ մարդ՝ տարբեր անուններով․ ով է Էդուարդ Մելիքյանը
Երկու անշարժ գույք, LAND ROVER, 12.8 միլիոն դրամ եկամուտ, 158.5 միլիոնի վարկեր․ ինչ ունեցվածք ունի Նորք-Մարաշի ղեկավարը․ Լուսանկար
Ուշագրավ միջադեպ՝ ԱԺ-ի մուտքի մոտ. Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով