23/11/2026

EU – Armenia

Մինչև ուղերձդ էլ ժողովուրդը գիտեր փորացավդ․․․

Սրբուհի Գալյանն ասում էր՝ նոր Սահմանադրությունը դեռ չի հրապարակվել, ինչո՞ւ եք դեմ խոսում։

Հրապարակ թերթը գրել է․ Նույն կրկներգն էր կատարում ՔՊ-ական ամբողջ երգչախումբը։ Ասում էին՝ ժողովուրդը չգիտի՝ ինչի՞ն է դեմ, ինչի՞ց է զգուշանում, ինչո՞ւ է իշխանության մտադրությունների մասին դատողություններ անում։

Պարզվեց՝ ժողովուրդը շատ լավ էլ գիտեր իշխանության փորացավը։ ։ Եվ զուր չէր նոր Սահմանադրությունն անվանում ալիևյան սահմանադրություն։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Սահմանադրության նախագծի նախաբանում հանված է Անկախության հռչակագրին հղումը։ Հիշեցման կարիք չկա, որ սա Ադրբեջանի պահանջ – նախապայմաններից է։

Ա՜յ թե ինչու էր ժողովուրդը ստանձնել հիվանդ իշխանության բժշկի դերը և անընդհատ զգուշացնում՝ մի՛ կեր խակ, չճանաչված պտուղը, փորդ կցավա։

Իշխանությունը նախընտրեց ձևացնել, թե ժողովուրդը ոչինչ չգիտի, իսկ իրենք դեռ ոչինչ չեն որոշել։ Այսօր պարզվում է, որ այն, ինչի մասին հասարակությունը զգուշացնում էր, արդեն տեղ է գտել Սահմանադրության նախագծում։

Սա պարզապես մի հղում ջնջելու հարց չէ։ Անկախության հռչակագիրը Հայաստանի պետականության ձևավորման հիմնարար փաստաթուղթն է։ Դրանից հրաժարվելը պարզապես անցյալից հրաժարում չէ, այլ պետականության հիմքերը սասանելու քայլ։

Երբ երկրի հիմնական օրենքի նախաբանից հանում ես անկախ պետականության հիմնարար փաստաթղթին հղումը՝ ո՞ւմ պատկերացրած խաղաղությանն ես հարմարեցնում Հայաստանի պետական ինքնությունը։

Ուղերձ եմ հղելու, հա՜, ուղերձ եմ հղելու․․․

Մինչև ուղերձդ էլ ժողովուրդը գիտեր փորացավդ։ Ալիևի պահանջն է՝ հանել Անկախության հռչակագրի հղումը, իսկ դու դա փաթեթավորում ես որպես Հայաստանի ապագայի սահմանադրական փոփոխություն։

Միայն թե մի՛ փորձիր հետո ժողովրդին համոզել, թե ինքը սխալ էր հասկացել։ Այս անգամ էլ ժողովուրդը ճիշտ էր հասկացել՝ դեռ մինչև ուղերձդ։