«Հրապարակի» զրուցակիցը միջազգայնագետ, «ՀայաՔվե» խորհրդի անդամ Արմեն Մանվելյանն է։
– Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ Հայաստանը մտադիր է առաջիկայում ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնել, ապա այդ հարցով հանրաքվե անցկացնել՝ պնդելով, թե ականջալուր է լինում ԵԱՏՄ գործընկերների հորդորներին։ Մինչդեռ մինչեւ վերջերս զանգում, հանդիպում էր Պուտինին, վստահեցնում, որ նման հարց մեր օրակարգում չկա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Խնդիրն այն է, որ Փաշինյանը պատկերացում չունի, թե ԵՄ-ն ինչ է, եւ իրեն թվում է՝ պետք է հայտ ներկայացնել, ԵՄ-ն էլ այդ հայտը կդիտարկի ու դրական կամ բացասական պատասխան կտա։ Որպես կանոն, Եվրամիությունն ինքն է հրավիրում այս կամ այն երկրին իր համակարգ, բայց նույնիսկ այդ՝ հրավեր ստանալը տարիներ է տեւում, եթե ո՛չ տասնամյակներ, մինչեւ տվյալ երկրին ճանաչեն թեկնածու եւ այլն, եւ այլն։ Նույնիսկ պաշտոնապես թեկնածու ճանաչելուց հետո եւս կարող է անցնել 10-15 տարի, եւ դու այդպես էլ չդառնաս ԵՄ անդամ։ Այսինքն, տասնամյակների մասին է խոսքը։ Ուղղակի մարդիկ, որոնք որոշել են ԵՄ-ի թեկնածու դառնալ, չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։
– Կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս նա ասաց նաեւ, որ Հայաստանն առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ծրագիր չունի, եւ ինքը շատ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը Հայաստանը հեռացնի կառույցից, իր բնորոշմամբ, ազատելով դուրս գալ-չգալու երկընտրանքից։ Արդյո՞ք սա հակառուսական նոր արշավի սկիզբ չէ, թերեւս՝ ավելի լուրջ ու մտահոգիչ։
– Իրենք ընդհանրապես հակառուսական քաղաքականությունը երբեւիցե չեն էլ դադարեցրել, հետեւաբար՝ ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությունը կարելի է եւ գնահատել նորովի, սա էական չէ, սակայն էականն այլ բան է, որ նա ասում է, որ ինքը երկընտրանքի առաջ է կանգնած՝ մնալ-չմնալ, եւ ավելի գոհ կլինի, եթե կառույցից Հայաստանին հեռացնեն։ Սա նորից խոսում է ոչ միայն մարդու անողնաշար լինելու տեսակի, այլեւ նույնիսկ պետության համար գերկարեւոր ուղղություններում որոշումներ ընդունելու անընդունակության մասին, քաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատելու, գնահատական տալու, հասկանալ, թե Հայաստանի շահը որտեղ է, ինչ խնդիրներ դա կարող է առաջացնել եւ այլն, այսինքն՝ այս ամենը գնահատելու, վերլուծելու անընդունակության մասին։ Սա մեր իշխանությունների արտաքին քաղաքականության խղճուկության եւ ողորմելիության եւս մեկ ապացույց է։
– Փաշինյանի մյուս տարակուսելի թեզն էլ այն է, թե ՌԴ-ի տնտեսական սահմանափակումները քաջալերել, խնդրել է ՀՀ ընդդիմությունը։ Փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի իրենից ու իր ձախողակ իշխանախմբից։
– Սա առաջին անգամը չէ, որ գործող իշխանական վարչախումբը հրաժարվում է իր վրա որեւիցե պատասխանատվություն վերցնել այն ուղղություններով, որոնցում ինքը ձախողել է՝ սկսած այն բոլոր պատերազմները, որ բերել է ինքը մեր գլխին, բայց հայտարարում է, որ դրա համար պատասխանատու չէ, առավել եւս՝ մեղավոր չէ, վերջացրած Ռուսաստանի հետ իր ձախողված քաղաքականության մեջ ընդդիմությանը կամ ուրիշներին մեղադրելով։ Այսինքն՝ այս մարդկանց մոտ սովորություն է դարձել զավթել, ունենալ իշխանություն, հատկապես՝ վերջին կեղծ ընտրություններից հետո, հարմարավետ նստել այդ աթոռներին, ահռելի չափով փողեր ստանալ, կոռուպցիոն սխեմաների մեջ խրվել, բայց հետո հայտարարել, որ իրենք ոչ մի բանի համար պատասխանատու չեն։ Մեղավորն ընդդիմությունն է, մեղավորը Ռուսաստանն է, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Սա նորից վկայում է անպատասխանատու վարչախմբի մասին, որի պարագլուխն ամենաանպատասխանատու հայտարարություններն է անում այդ ամբիոնից՝ դրանով իսկ հերթական անգամ վնասելով մեր հարաբերությունները տարբեր երկրների հետ, հատկապես՝ նրանց, որոնց հետ ունենք առեւտրատնտեսական երկարատեւ պատմություն։
– Նույն ԱԺ նիստում նա դիմեց Մոսկվային՝ խնդրելով երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ ՌԴ-ի համար ընդունելի 3-րդ երկրի։ Պատճառաբանումը հետեւյալն է՝ որպեսզի հնարավոր լինի խուսափել պատժամիջոցային ռիսկերից եւ Հայաստանը լիարժեքորեն ինտեգրել միջազգային երկաթուղային ցանցին։ Ի՞նչ երկրի մասին է ակնարկում, եւ ի՞նչ վտանգ կա այս պնդման տակ։
– Հստակ կարող եմ ասել՝ ոչ մի երկիր էլ ցանկություն չունի Հայաստանի երկաթուղին կոնցեսիոն կառավարման վերցնել, որովհետեւ կոնցեսիոն կառավարման պայմանները կարող էր կատարել միայն Ռուսաստանը, մյուս երկրները դա չեն անի։ Օրինակի համար՝ այդ պայմանները պահանջում էին, որ երկաթգծում աշխատող 3 հազարից ավելի մարդ չզրկվի աշխատանքից, իսկ ռուսական կողմը միշտ էլ ասել է, որ սրանք բավականին ծանր պայմաններ են․ ներկայում Հայաստանի երկաթգիծը կարիք չունի նման թվով աշխատողների։ Բայց քանի որ դա կոնցեսիոն պայմանագրի կարեւոր մաս էր, նրանք դա կատարում էին։ Ոչ մի այլ երկիր այդ պայմաններով դա չի ստանձնի։ Ավելին, եթե նույնիսկ այդ պայմաններն էլ չդնեն, նրանք կոնցեսիոն կառավարումը չեն վերցնի, որովհետեւ ինքը՝ երկաթգիծը, վնասով աշխատող համակարգ է, հատկապես՝ այս իշխանությունների կառավարման օրոք, երբ, օրինակ, միայն Սոթքի հանքավայրի փակման հետեւանքով երկաթգիծը տարեկան 1,5 մլն տոննայի ապրանքների շարժի պակաս ունի։ Այսինքն՝ ահռելի վնասների մեջ է։ Բացի այդ, պարզ է, որ ռուսական կողմը որոշակիորեն պահանջելու է նաեւ իր ներդրումները, որովհետեւ, ինչպես նրանք են պնդում, իրենք երբեք շահույթ չեն ստացել, իսկ որեւէ ստացած շահույթ ներդրման են վերածել, այլ ոչ թե գումարները տարել Ռուսաստան։ Այսինքն՝ նորից իրավիճակը չհասկանալու, չգնահատելու, տարրական վերլուծություն չանելու եւ Հայաստանի տնտեսական շահերը չհասկանալու արդյունք է մի մարդու վարչախմբի կողմից, որը 8 տարի նստած է իշխանության։


Բաց մի թողեք
Օնլայն խաղերի, թղթախաղերի ու թմրանյութի օգտագործման դեպքեր կան բանակում
Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ
Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչնչացնել իր քաղաքական հակառակորդներին