27/08/2026

EU – Armenia

ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև

Այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների 2026 թվականի սեպտեմբերի 27-ի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։

ԿԸՀ–ից հայտնում են, որ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 8-ական,

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք` 4-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք ` 2-ական։

ԿԸՀ որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ են ներկայացվում 2026 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 2-ը` մինչև ժամը 18։00-ն:

ԿԸՀ նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդներին 2026 թվականի սեպտեմբերի 27-ի և հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։