Նիկոլ Փաշինյանը Կուրուլթայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ հեռախոսազրույց է ունեցել։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները «մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ», Փաշինյանը և Տոկաևը «պայմանավորվել են քննարկումները շարունակել Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում»։
Ղրղըզստանի novosti. kg -ն ֆեյսբուքյան էջում գրել է, որ Փաշինյանը և Տոկաևը քննարկել են «նաև Հայաստանի երկաթուղիների կառավարումը ղազախստանյան կողմին փոխանցելու հնարավորությունը» և ընդգծել․ «Հեռախոսազրույցի արդյունքներով Կասիմ Ժոմարթ Տոկաևը հաստատել է հոկտեմբերին Հայաստան պաշտոնական այց կատարելու մտադրությունը»։
Բավական ուշագրավ է, որ ղրղըզստանյան լրատվամիջոցը TRIPP նախագիծը ներկայացրել է որպես ոչ միայն Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող «տրանսպորտային միջանցք», այլև «ավելի լայն երթուղու մաս, որ կարող է երկաթուղային հաղորդակցություն բացել Պարսից ծոցի տարածաշրջանների և Սև ծովի միջև»։
Արդյոք Բիշքեկը TRIPP նախագծով հետաքրքվա՞ծ է, թե՞ տեղեկատվությունը վերաբերում է միայն Ղազախստան-Հայաստան հարաբերություններին, պարզ չէ։
Էական է այն, որ Ղազաախստանի նախագահը հաստատել է Հայաստան պաշտոնական այցը։ Դա նշանակում է, որ նա մտադիր է վարչապետ Փաշինյանի հետ քննարկել Հայաստանի երկաթուղիների կառավարումը «ղազախստանյան կողմին փոխանցելու հնարավորությունը»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Զուլֆուգարովը կրկին խոսել է երկաթուղու «Մեղրիի հատվածի նկատմամբ գույքային իրավունքի» մասին։
Նրա կարծիքով, Ադրբեջանը «պետք է հասնի այդ իրավունքի ճանաչմանը, ապա հանդես գա որպես ներդրող»։ Զուլֆուգարովը դարձյալ «հիմնավորել» է, որ խորհրդային շրջանում երկաթուղու «Մեղրիի հատվածը ԽՍՀՄ-ը կառավարել է ոչ թե Երևանի, այլ Բաքվի միջոցով»։
Նախկին արտգործնախարարը, հավանական է, արտահայտում է Ադրբեջանի իշխանությունների «խորքային տեսակետը»։ Այդ հարցում Բաքուն կարող է ապավինել միայն Մոսկվայի աջակցությանը․
Ռուսաստանը հանդես է գալիս որպես ԽՍՀՄ իրավահաջորդ։ Կարելի է ենթադրել, որ Բաքվի և Աստանայի միջև որոշակի սառնությունը կապված է Հայաստանի երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից Ղազախստանին փոխանցելու հարցում Տոկաևի դիրքորոշման հետ։ Աստանան այդ խնդիրը Մոսկվայի հետ քննարկո՞ւմ է կամ պատրաստվո՞ւմ է քննարկել, որևէ տեղեկություն հայտնի չէ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Հայաստանի իշխանություններից դժգոհել է, որ երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցը «հրապարակայնացրել» են։ Այդ թեմայով Մոսկվա-Բաքու քննարկումներ կա՞ն։
Զուլֆուգարովը ասել է, որ Հայաստանը «ձգտում է Նախիջևան-Թուրքիա հաղորդակցությունը իրականացնել իր տարածքով՝ TRIPP-ը դարձնելով Եվրամիության ավելի խոշոր ծրագրի մաս»։

Բաց մի թողեք
Մոսկվան Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսների մասին համարում է սադրիչ
Ադրբեջանում նոր հիստերիա է․ ԱԳՆ են կանչել Լեհաստանի դեսպանին
Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»