Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շուրջ նոր զարգացումներ են։ Մենք տեղեկացանք, որ թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Լուսինե Սահակյանը Վանաձորի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։ Նա թատրոնի տնօրեն էր նշանակվել՝ Ագնեսա Շահնազարյանի պաշտոնից ազատվելուց հետո։ Ավելի ուշ՝ 2020 թվականի մայիսին, Սահակյանը հաղթել էր թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում։
Նկատենք, որ Լուսինե Սահակյանի պաշտոնավարման ընթացքում թատրոնը հայտնվել է նաև հանրային քննարկումների կենտրոնում։ Մասնավորապես, 2020 թվականին մեծ արձագանք էր ստացել «Թանկարժեք դիակ» ներկայացումը։ Այդ ժամանակ թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը հայտարարել էր, որ ներկայացման հերթական ցուցադրությունը հետաձգվել է։
Ինչպես նշվում էր հրապարակման մեջ, ներկայացումը բազմաթիվ քննարկումների ու քննադատական կարծիքների էր հանգեցրել։ Սոցիալական ցանցերում շատերը պնդում էին, որ ներկայացման մեջ հոգևորականի կերպարը հավասարեցվել է զրոյի, իսկ ներկայացումը հակասում է քրիստոնեական արժեքներին։ Այս ամենից հետո շատերը պահանջում էին թատրոնի գեղարվեստական խորհրդի լուծարումը։
Հիշեցնենք նաև, որ վերջերս մենք գրել էինք, որ Վանաձորի պետական թատրոնի մասնաշենքը քանդելու են, և դրա փոխարեն նոր շենք են կառուցելու: Մենք գրել էինք, որ տնօրեն Լ. Սահակյանը անգան դերասանական կազմին տեղյակ չի պահել, որ պետք է ազատեն շենքը, և անակնկալի է բերել կոլեկտիվին:
Մենք տեղեկացանք, որ թատրոնի տնօրեն է նշանակվելու Սևակ Սարգսյանը, որը Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրենն է եղել: Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել, և նշեց, որ պաշտոնապես կհայտարարի:


Բաց մի թողեք
Լույսերի և մութ ծաղիկների միջև. Հայկ Մելիքյանի հանդիպումը Ալեքսանդր Սկրյաբինի երաժշտական տիեզերքի հետ
Երբ երկինքը սկսեց նվագել Բախի հետ․ Հայկ Մելիքյանի Լիրիկական տեսիլքները անձրևոտ Երևանի գիշերում․ Լուսանկարներ
Հունաստանը փորձում է շահույթ ստանալ «Ոդիսականի» շուրջ առաջացած աղմուկից