Ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ քննարկման մեջ նոր փաստարկ է հայտնվել՝ աշխատատեղերը։
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը հայտարարել է, որ Գյումրիից ռազմաբազայի հնարավոր հեռացումը կարող է շուրջ 15 հազար աշխատատեղի կորուստ առաջացնել։
Նրա հաշվարկի ելակետը մոտ 5 հազար զինծառայողն է․ պատգամավորի տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր զինծառայողի ներկայությունը սպասարկման, առևտրի և ծառայությունների ոլորտում ստեղծում է լրացուցիչ զբաղվածություն։
Ռազմաբազայի տնտեսական ազդեցությունը անտեսել չի կարելի։ Հազարավոր զինծառայողների և նրանց ընտանիքների ներկայությունը քաղաքում ստեղծում է կայուն պահանջարկ՝ բնակարաններից ու առևտրից մինչև սնունդ, տրանսպորտ և կենցաղային ծառայություններ։ Այդ ներկայության կտրուկ նվազումը բնականաբար կհարվածի տեղական շրջանառությանը, հատկապես Գյումրիի նման սահմանափակ տնտեսական հնարավորություններ ունեցող քաղաքում։
Բայց հենց այստեղ է առաջանում հիմնական հարցը՝ ինչպե՞ս է ստացվել 15 հազար թիվը։ Եթե բազայի անձնակազմը մոտ 5 հազար է, այդ գնահատականը ենթադրում է, որ յուրաքանչյուր զինծառայողի ներկայությունը Գյումրիում ստեղծում է ևս մոտ երեք աշխատատեղ։ Ֆարմանյանը, սակայն, չի ներկայացրել Շիրակի տնտեսության վրա հիմնված հաշվարկ, տեղական ծախսերի կառուցվածք, զբաղվածության տվյալներ կամ հստակ մեթոդաբանություն, որը կբացատրեր այդ հարաբերակցությունը։
Պետք է պարզել, թե ռազմաբազան տարեկան որքան գումար է ծախսում Շիրակում, անձնակազմի որքան մասն է ապրում ռազմակայանից դուրս, որքան է վճարվում վարձակալության, սննդի, առևտրի ու ծառայությունների համար, քանի ՀՀ քաղաքացի է անմիջականորեն աշխատում ռազմաբազայում, որքան տեղական գնում է կատարում ռազմաբազան և այդ պահանջարկի որ մասն է հնարավոր փոխարինել այլ տնտեսական գործունեությամբ։ Բայց եկեք հարցը դիտարկենք այլ անկյունից ևս՝ եթե տասնյակ հազարավոր մարդկանց եկամուտն իսկապես կախված է օտար պետության ռազմաբազայի գոյությունից, դա նաև Հայաստանի երեքուկես տասնամյակների տնտեսական քաղաքականության նկատմամբ շատ ծանր գնահատական է։
Գյումրու կայունությունն ու ապագան չեն կարող երկարաժամկետ կախված լինել օտարերկրյա զինվորականների սպառողական ներուժից՝ բնակարանների վարձակալություն, սրճարան կամ կենցաղային ծառայությունն և եթե այդ ներկայությունն այսօր իսկապես զգալի տնտեսական ազդեցություն ունի, պետության խնդիրը այդ կախվածությունը պահպանելը չէ, այլ Գյումրիի համար այնպիսի տնտեսություն կառուցելը, որը կդիմանա նաև ռազմաբազայի հնարավոր բացակայությանը։
102-րդ ռազմաբազայի ապագան որոշվելու է անվտանգության, արտաքին քաղաքականության, իրավական պարտավորությունների և Հայաստանի պետական շահերի ամբողջության մեջ։ Աշխատատեղերը այդ հաշվարկի իրական մաս են, բայց չեն կարող լինել որոշիչ կամ դառնալ դրա փոխարինողը։ Գյումրու ապագան պետք է որոշվի քաղաքի տնտեսական ուժով, ոչ թե օտար բանակի ներկայության տևողությամբ։

Բաց մի թողեք
ԵԱՏՄ-ն Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող երկկողմ արտոնությունների համակարգ չէ
Փոշուց անդին. «ՄԼ Մայնինգի» երկար հետքը․ Տեսանյութ
Իլհամ Ալիեւը փորձում է հանդես գալ նոր «բրենդավորմամբ»