22/09/2026

EU – Armenia

Նոր երկաթուղին Հայաստանի համար կարող է փոխել երկրի տնտեսական աշխարհագրությունը

Հայաստան–Իրան երկաթուղու թեման վերջին օրերին Իրանի օրակարգում նոր կշիռ է ստացել։ Սեպտեմբերի 17-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին առաջարկեց վերականգնել Երասխ–Ջուլֆա երկաթուղային կապը՝ այն դիտարկելով որպես Պարսից ծոցը Հայաստանի միջոցով Սեւ ծովին կապող ուղի։

Մի քանի օր անց իրանական Financial Tribune-ը նույն գաղափարը ներկայացրեց արդեն տնտեսական ռազմավարության տեսանկյունից՝ Հայաստանը դիտարկելով որպես Իրանի համար դեպի Եվրոպա տանող լրացուցիչ երկաթուղային դարպաս։

Տարիներ շարունակ Հայաստան–Իրան երկաթուղին հիմնականում հիշատակվում էր որպես թանկ և դժվար իրագործելի երկկողմ նախագիծ։ Լեռնային տեղանքը պահանջում էր հսկայական ներդրումներ, իսկ բեռնափոխադրումների ապագա ծավալը բավարար տնտեսական հիմնավորում չէր ապահովում։

Տարածաշրջանի նոր հաղորդակցային պատկերը փոխում է հաշվարկը։ Օգոստոսին Փաշինյանը խորհրդարանում ներկայացրեց Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային հնարավոր շղթան՝ Իրան, Նախիջևան, Հայաստան և Վրաստան։ Այդ երթուղին Հայաստանի համար բացում է երկաթուղային կապ Իրանի հետ և հարավային նավահանգիստներին հասնելու նոր հնարավորություն։ Վարչապետը հատուկ ընդգծեց նաև մի կարևոր հանգամանք․ այս ուղղությունը TRIPP-ի մաս չէ, սակայն տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է դրա գործարկման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։

Այստեղ է առաջանում Հայաստանի համար ամենահետաքրքիր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հեռանկարը։ TRIPP-ը ձևավորում է արևելք–արևմուտք շարժման նոր ուղի՝ Կասպից տարածաշրջանից Հայաստանի հարավով դեպի Թուրքիա և ավելի հեռու։ Իրանական ուղղությունը բացում է Պարսից ծոց-Հայաստան–Սև ծով հյուսիսային շղթան։ Այդ երկու ուղղությունների հատումը կարող է Հայաստանը դարձնել տարածաշրջանային բեռնափոխադրումների հանգույց։

Հայաստանի աշխարհագրությունը երկար ժամանակ նկարագրվել է փակ սահմաններով։ Նույն աշխարհագրությունը հիմա կարող է ստանալ լրիվ այլ տնտեսական արժեք։ Սյունիքը այդ պատկերում դառնում է կապող տարածք Կասպից ծովի, Պարսից ծոցի, Սև ծովի և Թուրքիայի ուղղությունների միջև։

Թեհրանի հետաքրքրությունն այստեղ հասկանալի է։ Իրանը տարիներ շարունակ փորձում է ընդլայնել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը և ավելացնել դեպի Եվրոպա տանող երթուղիների քանակը։ Իրանի երկաթուղիների ղեկավարը հենց այդ համատեքստում է ընդգծել Հայաստանի հնարավոր ավելի մեծ մասնակցությունը տարածաշրջանային տարանցմանը։

Հայաստանի համար խնդիրը նույնպես շատ գործնական է։ Ծով չունեցող երկրի տնտեսական անվտանգությունը կախված է հասանելի ճանապարհների քանակից։ Յուրաքանչյուր նոր երկաթուղային ուղղություն նվազեցնում է մեկ շուկայից, մեկ սահմանային անցակետից կամ մեկ տարանցիկ երկրից կախվածությունը։

Այս ֆոնին Financial Tribune-ի հրապարակումը հետաքրքիր է նաև քաղաքական իմաստով։ Իրանական տնտեսական դիսկուրսում TRIPP-ը աստիճանաբար տեղավորվում է ավելի լայն տարածաշրջանային ցանցի մեջ։ Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի դեսպանն իրանական կողմին մանրամասն ներկայացրել էր TRIPP-ի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հայկական իրավազորության սկզբունքները։ Սեպտեմբերի 15-ի երկաթուղային քննարկման ժամանակ նախագիծը կրկին եղել է օրակարգում։

Սա հնարավորություն է տալիս ավելի լայն դիտել ամբողջ գործընթացը։ Հայաստանի շահը որևէ երթուղու բացառիկությունից չի բխում։ Ավելի մեծ արժեք ունի հնարավորինս շատ ուղղությունների հատումը հայկական տարածքում։

Արևելքից արևմուտք շարժվող բեռ, հարավից դեպի Սև ծով գնացող բեռ, Իրանի կապ Եվրոպայի հետ, Կենտրոնական Ասիայի կապ Թուրքիայի հետ․ նման համակարգում Հայաստանը դադարում է լինել ճանապարհի վերջնակետ և ստանում է հանգույցի գործառույթ։

Այս նոր իրավիճակի գլխավոր հնարավորությունը ճանապարհների բազմազանությունն է։ Հայաստանը կարող է աստիճանաբար դուրս գալ շրջափակման տրամաբանությունից և վերածվել տարբեր ուղղությունների հատման կետի՝ տնտեսական արժեք ստանալով հենց այդ բազմակողմ կապակցվածությունից։

Նոր երկաթուղին Հայաստանի համար կարող է փոխել երկրի տնտեսական աշխարհագրությունը՝ բացելով նոր շուկաներ, մեծացնելով տարանցիկ դերը և ուժեղացնելով դիրքերը տարածաշրջանային հաշվարկներում։