«Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախագահի սեպտեմբերի 16-ի հրամանագրով Անի Միշայի Բադալյանին շնորհվել է «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան։ Նույն աստիճանը ստացել են նաև ԱԳ նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանն ու ԱԳՆ եվրոպական ինտեգրման վարչության պետի պաշտոնակատար Լենա Թերզիկյանը, իսկ Նելլի Սարոյանին՝ ավելի բարձր՝ «արտակարգ և լիազոր դեսպան» աստիճան։
Այսպիսով՝ հանրությանը հիմնականում որպես ԱԳՆ խոսնակ հայտնի Բադալյանը ստացել է օրենքով բարձրագույնների շարքին դասվող դիվանագիտական աստիճան։ Հենց այս հանգամանքն էլ, ըստ «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների, ԱԳՆ-ում քննարկումների առիթ է դարձել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում Բադալյանի դերակատարությունը նախարարությունում զգալիորեն ընդլայնվել է․ նա ոչ միայն պաշտոնական խոսնակն է, այլև արտաքին քաղաքականության տարբեր հարցերում առանցքային դերակատարում ունի։ Տարբեր ուղղություններով հարցերի ու տեղեկատվության ճշտումների դեպքում աշխատակիցներին հաճախ ուղղորդում են հենց Բադալյանի միջոցով։ Թերևս այդ պատճառով է, որ քննարկման թեմա է դարձել նաև այն, որ մամուլի խոսնակի պաշտոն զբաղեցնող Բադալյանը համեմատաբար արագ ստացել է բարձրագույն դիվանագիտական աստիճաններից մեկը։
Նկատենք, որ Անի Բադալյանն ԱԳՆ համակարգում աշխատում է 2014 թվականից։ 2023-ի հունվարին նշանակվել է ԱԳՆ Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետի պաշտոնակատար, իսկ նույն տարվա մարտին՝ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ։
ԱԳՆ պաշտոնական կայքում նա նշված է նաև որպես Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար։ Վարչությունը պատասխանատու է արտաքին քաղաքականության և ԱԳՆ գործունեության լուսաբանման, նախարարի ու փոխնախարարների մամուլի միջոցառումների կազմակերպման և ԶԼՄ-ների հետ աշխատանքի համար։
Բադալյանը նաև պարբերաբար Արարատ Միրզոյանի կողքին է նրա հրապարակային գործունեության ընթացքում՝ որպես նախարարության տեղեկատվական քաղաքականության պատասխանատու»։

Բաց մի թողեք
Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը
Ուզում են բերանս փակել՝ չի ստացվի․ Լուսանկար
Լավ եմ անում