24/09/2026

EU – Armenia

Եթե լավը դա է…

Պետություն, համակարգ կառավարելը խաղուպար չէ` պադավատը վարպետորեն նստելը, քարտուղարուհուն սահուն հրահանգներ տալը, անգամ սիրուն ճառեր ասելը կառավարման հաջողության գրավականը չեն:

Հրապարակ թերթը գրել է․ Դու կարող ես սիրուն հագնվել, տարբեր կոնֆերանսներում ելույթ ունենալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել ու ընդդիմադիրների «պորտը տեղը դնել», անգամ լուրջ կիքսեր թույլ չտալ քո համակարգում` այնպես, որ թվա, թե շատ լավ նախարար ես, վարչապետ կամ փոխվարչապետ: Բայց մեկ էլ հանկարծ կարող է պարզվել, որ «արքան մերկ է»:

Մեզ թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրերի մեջ լավագույններից մեկը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է` մշտական ժպիտը դեմքին, ակտիվ, աշխատասեր: Ամեն օր ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություններ են գալիս` նախարարը հանդիպեց սրան, այստեղ ելույթ ունեցավ, այսինչ ծրագրի մեկնարկը տվեց, ընդունեց այնինչին: Եվ մեկ էլ հանկարծ մի միջազգային կազմակերպություն (PISA) Հայաստանում ուսումնասիրություն է կատարում եւ պարզում է, որ մեր երեխաները դպրոցում ոչինչ չեն սովորում: Ոչ թե պարզ գիտելիքներ չեն ստանում, այլ մտածելու, ընկալելու, իրենց ապագան պատկերացնելու դժվարություններ ունեն եւ, որ ամենացավալին է` մի քանի անգամ զիջում են հարեւան երկրների իրենց հասակակիցներին:

Բա մեզ էլ թվում էր` այս կառավարությունում ամենալավ աշխատողը Ժաննա Անդրեասյանն է: Եթե մարդու աշխատանքի գլխավոր արդյունքը պետք է լինի մատաղ սերնդի կրթությունը, եւ նա ամբողջությամբ ձախողել է այդ գործը, ո՞ւմ են պետք նրա ճառերը` տարբեր ամբիոններից, հրավիրած խորհրդակցություններն ու արձակած հրամանները:

Նման արդյունքը ենթադրում է կրթական համակարգի ամբողջական վերանայում եւ առաջին հերթին՝ նախարարի հրաժարական, բայց Նիկոլ Փաշինյանը գոհ է Ժաննայի ծառայություններից: