ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը շարունակվում է։ Դատարանը չի բավարարել այն դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանում ներկայացրել էր իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջ։ Պաշտպանի հիմնավորումը վերաբերում էր Խաչատուրովի՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակին և այդ պաշտոնից բխող անձեռնմխելիությանը։
Փաստաբանի խոսքով՝ Խաչատուրովը միջազգային կազմակերպության ղեկավար պաշտոն է զբաղեցրել և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակով ունեցել է համապատասխան անձեռնմխելիություն։ Պողոսյանը պնդել է, որ այդ իրավական պաշտպանությունը չէր սահմանափակվում միայն Հայաստանի կողմից տրամադրված երաշխիքներով, քանի որ այն բխում էր միջազգային կազմակերպության անդամ պետությունների կողմից ճանաչված կարգավիճակից։
Պաշտպանական կողմը նաև անդրադարձել է այն հնարավոր տեսակետին, թե Խաչատուրովը, լինելով ՀՀ քաղաքացի և քրեական հետապնդման նախաձեռնման պահին գտնվելով Հայաստանի տարածքում, չէր կարող օգտվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձեռնմխելիությունից։ Փաստաբանը նման մեկնաբանությունը համարել է միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող։
Այնուամենայնիվ, դատարանը չի դադարեցրել Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։


Բաց մի թողեք
Ինչից են խուսափում․ սպառիչ պատասխան Սաբինա Ալիևային. Լուսանկար
Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալ
Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Մեղրի համայնքի ավագանու որոշ անդամների