25/09/2026

EU – Armenia

Ղազախստանում զորավարժությունների ժամանակ զոհվածների թիվը հասել է 14-ի

Ղազախստանի Մանգիստաուի տարածաշրջանում զորավարժությունների ժամանակ զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի։ Այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ Ղազախստանի մերձկասպյան Մանգիստաուի տարածաշրջանի ակիմատը (վարչակազմը) հաղորդագրություն էր տարածել. «Ճշգրիտ տեղեկատվության համաձայն՝ մարտական-ուսումնական խնդիրը կատարելիս օդերևութաբանական պայմանների կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման պատճառով ծովը քշել-տարել է 17 զինծառայողների, որոնցից 12-ը զոհվել են, երեքին հաջողվել է փրկել։ Մնացած երկու զինծառայողների որոնումները շարունակվում են»:

Ղազախստանի ՊՆ-ի տեղեկատվության համաձայն՝ այժմ արդեն Կասպից ծովում որոնողական աշխատանքներն ավարտվել են, և հայտնաբերվել են երկու անհետ կորած զինծառայողների մարմինները։

Համազգային սգի կապակցությամբ Ղազախստանում կառավարական հաստատությունների վրա դրոշները խոնարհվել են, իսկ ժամանցային միջոցառումները հետաձգվել կամ չեղարկվել։