Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատել Հայաստանի սահմանը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։
Բնակիչների պատմելով՝ ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով տանտերերի բացակայությունից։
«Կինն ու երեք երեխաները տանը չեն գիշերել։ Դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ է բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա»,- պատմել է բնակիչը։
Գյուղացիների խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել և դանակով հարվածել ադրբեջանցուն։ Վերջինս փախել և թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։
Հայաստան ապօրինի մուտք գործած ադրբեջանցին ժամկետային զինծառայող Նասիմ Մուսաևն է։ Նա ծառայել է Լաչինի՝ Բերձորի շրջանում տեղակայված զորամասերից մեկում։ Ադրբեջանի դատախազության փոխանցմամբ՝ Մուսաևը սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել էր զորամասը։ Նա երկու ամսով կալանավորվել է։
Արդյո՞ք ադրբեջանցիները պատրաստ չեն խաղաղության, արդյո՞ք պլանավորված է եղել դեպքը, թե՞ ոչ․ այս հարցերը քաղաքացիներն են բարձրացնում համացանցում։ Սակայն ի՞նչ են մտածում քաղաքագետները։ MediaHub-ը զրուցել է քաղաքագետ Կարեն Իգիթյանի հետ։
«Շաքի գյուղում տեղի ունեցածը ցույց է տալիս մի քանի բան։ Առաջինը՝ պետք է հիշենք, որ մինչև 2020 թվականի պատերազմն ադրբեջանական զորքերը Սյունիքի սահմաններից մոտավորապես 120 կիլոմետրի հեռավորության վրա էին գտնվում։ Հիմա արդեն իրենք Սյունիքի տարածքում են, և խոսքը միայն զինվորականի մասին չէ, այլ ընդհանրապես Ադրբեջանի զորքերի։ Գիտենք, որ օկուպացրել են Հայաստանի տարածքները և՛ Սյունիքի հատվածում, և՛ Գեղարքունիքի, և՛ Վայոց ձորի հատվածում։
Պետք է հիշենք, որ վեց տարի է անցել, և Փաշինյանի կառավարությունը չի կահավորել սահմանը։ Ադրբեջանցի զինծառայողը ոչ միայն անցնում է սահմանամերձ գոտում մի քանի հարյուր մետր, այլ անցնում է Սյունիքի խորքը։ Շաքի գյուղն ինքը սահմանից շատ հեռու է, հենց Սյունիքի մեջտեղում է գտնվում։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ իրենք տեղյակ էին, Ադրբեջանը տեղեկացրել էր, որ այս զինվորականը կարող է գտնվել Հայաստանի տարածքում, բայց խնդիրն այն է, որ մենք չենք տեսնում որևէ միջոցառում, որը ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը, կամ բանակը փորձել է իրականացնել, որպեսզի գտնեն այդ մարդուն և ապահովեն հայ քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց Իգիթյանը։
Նրա խոսքով՝ կամ տեղեկացված են եղել և ոչ մի բան չեն արել, առնվազն մարդիկ չեն նկատել, որ մի բան կատարվում է, բնակչությունը չի նկատել, կամ իրենք տեղյակ չեն եղել և հիմա հետին թվով փորձում են արդարացնել իրենց։
«Ինչևէ, սա շատ վատ ցուցանիշ է, որովհետև ցույց է տալիս մի պարզ բան՝ Հայաստանի սահմանները թափանցիկ են։ Ցանկացած ժամանակ Ադրբեջանի հատվածից կարող է զինվորական մտնել, զինվորականների խումբ մտնել, և եթե այս դեպքում հայ կինը վիրավորվել է, եթե պատկերացնենք, որ պատրաստված խումբ լինի, որը նպատակ ունենա մեծ կորուստներ հասցնել հայ բնակչությանը, ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե այսպիսի թափանցիկ են սահմանները։
Եթե մենք ավելի լայն շրջանակով ենք խոսում և ուզում ենք հասկանալ՝ իսկ պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խաղաղության, իրականում մենք կտեսնենք մի կարևոր բան։ Մի կողմից, իհարկե, մակերեսային ամբողջ աշխարհի համար Ալիևը և Արտաքին գործերի նախարարը դուրս են գալիս և ասում են, որ մենք ունենք առևտուր, մենք արդեն կոմունիկացիաները բացում ենք, ունենք ստորագրված փաստաթուղթ, և խաղաղություն փաստացի կա։ Սա է պաշտոնական դիրքորոշումը և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի։
Բայց Ադրբեջանում քարոզչությունը չի դադարում։ Այդ քարոզչությունը հակահայկական է իր խորքում։ Եվ ի՞նչ են իրենք քարոզում՝ և՛ պաշտոնական իրենց էջերում, և՛ իրենց, այսպես կոչված, հասարակական կազմակերպություններում։ Իրենք քարոզում են, որ Հայաստանի մի տարածքը Արևմտյան Ադրբեջանն է։
Գանձասարում այս սադրանքը կազմակերպելուց հետո, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի համայնքը մի քանի հայտարարություն է արդեն տարածել։ Եվ ի՞նչ են իրենք ասում։ Իրենք ասում են, որ իբր թե ունեցել են հազարավոր հուշարձաններ, պատմամշակութային ժառանգությունը պետք է վերականգնեն, և Հայաստանը պետք է իրենց աջակցի այդ հարցում, պետք է թույլ տա և այլն։
Իրենք ստեղծում են մի պատմական կեղծ նարատիվ, որտեղ եղել է մեծ Ադրբեջան, այս տարածքում ոչ մի Հայաստան չի եղել, հայերին ուղղակի բերել, բնակեցրել են։ Բառացի հենց այդպես է գրված իրենց գրքերում։ Սա է իրենց պաշտոնական դիրքորոշումը՝ Հայաստանը ստեղծված է իրենց տարածքի վրա և վերջ»,- ասաց նա։
Ամփոփելով՝ քաղաքագետն ասաց․ «Թուրքիան և Ադրբեջանը չեն ցանկանում ունենալ խաղաղություն և համերաշխություն, իրենք համարում են, որ ունեցել են հաղթանակ։ Սա իրենց հաղթանակների սկիզբն է, և իրենք պետք է մինչև վերջ դեմոնտաժեն Հայաստանը։
Օրինակ՝ Ադրբեջանի նախկին Արտաքին գործերի նախարարն ասում է, որ պետք է դեմոնտաժվի Հայաստանի պատմական նարատիվը, Հայաստանի գաղափարախոսությունը և այլն։ Սա ճանապարհն է դեպի ոչնչացում, և սա է իրենց ծրագիրը։ Իրենք այդ վերջնակետն են ուզում, և այս նոր, նորաստեղծ ու շատ ակտիվ քարոզվող պատմական կեղծ նարատիվը դրա մասին է»։

Բաց մի թողեք
Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի
Ադրբեջանցի զինվորի Հայաստան մտնելը՝ պատերազմի սադրա՞նք
Մի հայ կին մեզ հիշեցրեց՝ ո՛վ ենք մենք