Դմիտրո Կուլեբան նաև նշել է, որ Ուկրաինային սպասվում է ամենադժվար ձմեռը, քանի որ Ռուսաստանը թիրախավորում է երկրի ենթակառուցվածքները՝ փորձելով կոտրել դիմադրությունը։
ԿԻԵՎ — Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Եվրոպայի հետ ավելի լայնամասշտաբ առճակատման՝ մայրցամաքի ուղղությամբ Կրեմլի հիբրիդային հարձակումների ակտիվացման ֆոնին․ այս մասին զգուշացրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Դմիտրո Կուլեբան։

Axel Springer Global Reporters Network-ին տված հարցազրույցում Կուլեբան, ով 2020-2024 թվականներին ղեկավարել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից պատերազմին շարունակվող նախապատրաստությունները և հակաեվրոպական քարոզչությունը վկայում են այն մասին, որ Պուտինը ծրագրում է հարձակումներ իրականացնել այլ եվրոպական երկրների վրա։
«Ռուսաստանում հակաեվրոպական հիստերիա է հրահրվում, ինչը ես ընկալում եմ որպես Եվրոպայի մնացած մասի հետ ավելի լայնամասշտաբ հակամարտության նախապատրաստություն», – ասել է Կուլեբան՝ հավելելով․ «Մենք [ուկրաինացիներս] ստիպված չենք լինի ձեզ ներքաշել․ Պուտինն ինքը ձեզ կներքաշի պատերազմի մեջ»։
Եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ վերջին ամիսներին Մոսկվան ակտիվացրել է իր հիբրիդային արշավը մայրցամաքում՝ կիրառելով կիբերհարձակումներ, դիվերսիաներ և ապատեղեկատվություն՝ կենսական նշանակության ենթակառուցվածքները խաթարելու և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը թուլացնելու նպատակով։
Կուլեբան նշել է, որ օգոստոսին Գերմանիայի Լայպցիգի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) իրականացված անհաջող հարձակումը մայրցամաքում հարձակմանն ուղղված «աճող նախապատրաստության» նշան էր։ «Նրանք տեսնում են, թե ինչպես է գործում ձեր հետախուզությունը։ Տեսնում են, թե ինչպես են գործում ձեր անվտանգության ուժերը։ Տեսնում են, թե ինչպես եք արձագանքում, և եզրակացություններ են անում», — հավելել է նա։
Միջադեպից հետո Գերմանիայի կառավարությունը եզրակացրել է, որ հարձակման համար պատասխանատու է Մոսկվան, և կարգադրել է վերանայել անվտանգության միջոցառումները կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների շուրջ։
Այնուամենայնիվ, Կուլեբան, ով 2024 թվականի սեպտեմբերին լքել է Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը, չի կարծում, թե Ռուսաստանը լայնածավալ հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի սահմաններից դուրս։ Նրա կարծիքով՝ ավելի հավանական է, որ Մոսկվան ՆԱՏՕ-ի երկրների դեմ հարձակում իրականացնի՝ օգտագործելով ԱԹՍ-ներ, որոնք կթիրախավորեն կարևորագույն ենթակառուցվածքները՝ այդպիսով փորձության ենթարկելով դաշինքի միասնականությունն ու պատրաստվածությունը։
«Իրականությունն այն է, որ այդ պատերազմը վարելու համար Ռուսաստանին ևս 400 հազար մարդ պետք չէ։ Նրան հինգ ԱԹՍ է պետք», — ասել է նա՝ հավելելով, որ հարձակման դեպքում «[եվրոպացիները] կարող են պահանջել ՆԱՏՕ-ի խորհրդակցություններ… կոչ անել զսպվածություն ցուցաբերել։ Բայց դա միայն կխրախուսի Պուտինին՝ կատարելու հաջորդ քայլը… Նա միշտ էլ կունենա բավարար քանակությամբ ԱԹՍ-ներ և հրթիռներ»։
Կուլեբան այլևս չի հավատում, որ Պուտինին հնարավոր է համոզել դադարեցնել պատերազմը բանակցությունների միջոցով։ «Նա չի փնտրում լուծում կամ դադար, և չի լինի այնպիսի պահ, երբ նա կսկսի դրանք փնտրել», — ասել է նա՝ եզրափակելով. «Պուտինը պատերազմի երաշխիքն է, իսկ Պուտինից հետո եկող ցանկացած ոք խաղաղության հնարավորություն է»։
Ըստ Կուլեբայի՝ Պուտինի հետ բանակցելու կամ խաղաղության հասնելու ցանկացած փորձ ժամանակի կորուստ է։ «Որքան շուտ հաշտվենք իրականության հետ, այնքան ավելի լավ քաղաքականություն կկարողանանք մշակել՝ դրան արձագանքելու համար», – ասել է նա։
Նա նշել է, որ մինչ Եվրոպայի քաղաքական մշակույթը հիմնված է «երկուստեք շահավետ մոտեցման» վրա, որի դեպքում երկու կողմերն էլ կարող են օգուտ քաղել, Պուտինի մոտեցումը խիստ տարբեր է․ «Նրա համար երկու կողմերի համար էլ շահավետ լուծումը լավագույն տարբերակը չէ։ Նրա համար աշխարհը գործում է հաղթանակի և պարտության սկզբունքով․ մի կողմը պետք է հաղթի, իսկ մյուսը՝ պարտվի», – ասել է Կուլեբան։
ԱԳ նախկին նախարարը նաև զգուշացրել է, որ Ուկրաինային սպասվում է երբևէ եղած ամենածանր ձմեռը, քանի որ Մոսկվան ուժգնացնում է քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները՝ նպատակ ունենալով կոտրել նրանց ոգին։
Վերջին ամիսներին ռուսական հարվածները թիրախավորել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներն ու տրանսպորտային հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ Դնեպր գետի վրայի կամուրջները, ինչպես նաև բնակելի տներն ու քաղաքացիական օբյեկտները՝ ավտոբուսի կանգառները, դպրոցները, փոստային պահեստներն ու ինտերնետ-ծառայություններ մատուցող ընկերությունների ենթակառուցվածքները։ Հարձակումները խաթարել են էլեկտրամատակարարումը, տրանսպորտային հաղորդակցությունն ու առօրյա կյանքը՝ ձմռան մոտենալուն զուգընթաց։
Հինգշաբթի օրը Ուկրաինայի Դոնբասի տարածաշրջանի Կրամատորսկ քաղաքում երկու ավտոբուսի ուղղությամբ իրականացված ռուսական հարձակման հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել։
Կուլեբան բացատրել է, թե ինչու է կարծում, որ Մոսկվան կտրուկ ակտիվացրել է օդային հարվածները․ «Քաղաքների ռմբակոծումը ռազմի դաշտում Ուկրաինային հաղթելու հարցում Ռուսաստանի անհաջողության ուղղակի հետևանքն է»։ Նա հավելել է․ «Ռուսական անօդաչուների և հրթիռների հիմնական թիրախը ուկրաինացիների դիմադրելու կամքն է, ինչպես նաև արտերկրում Ուկրաինայի բարեկամների՝ նրան շարունակաբար աջակցելու կամքը»։
Նա հավելեց. «Նրանք չեն ցանկանում պարզապես անջատել լույսն Ուկրաինայում։ Նրանք ցանկանում են կաթվածահար անել երկիրը»։
Կուլեբան Ուկրաինայի համար վատթարագույն սցենարը նկարագրեց որպես «մեծ քաղաքում կյանքը հնարավոր դարձնող համակարգերի՝ էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և կոյուղու ծառայությունների փլուզում»։
Արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է հաջողության հասնել։ «Կարծում եմ՝ Ուկրաինան չափազանց մեծ է, չափազանց ճկուն և հեշտությամբ հարմարվող։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ մենք կհաղթահարենք այս ձմեռը», – ասաց Կուլեբան։
«Դրա գինը շատ ավելի բարձր կլինի, քան անցյալ տարի»։

Բաց մի թողեք
Վաշինգտոնը չի կարող գտնել Պուտինին կանգնեցնելու բանալին․ Զելենսկի
Պատրաստ ենք դադարեցնել հարվածները․ Զելենսկին նշեց նախապայմանը
Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի. Զելենսկի