ՄՈՒԼՍԱՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՂԾՄԱՆ ՄՈԴԵԼ
Հոկտեմբերի 10-ին Փաշինյանը մեծ պոմպայով ազդարարեց Ամուլսարի գործարկումը՝ որպես «հաջողության պատմություն» և «նոր որակի հանքարդյունաբերության» խորհրդանիշ։
Իրականում Ամուլսարը շատ ավելի մեծ հարց է, քան մեկ հանքի շահագործումը։ Սա Հայաստանի ապագայի մոդելի ընտրության հարց է։ Եվ Փաշինյանն իր ելույթով հռչակեց Հայաստանը աշխարհի տնտեսության հումքային կցորդ դարձնելու ընտրության մասին։ Իսկ ավելի ճիշտ՝ դա ոչ թե ընտրություն էր, այլ իր կառավարման՝ դրսի պարտադրանքին չդիմանալու մասին խոստովանություն, հերթական կապիտուլյացիա։
Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ։ Մենք ուզո՞ւմ ենք Հայաստանը դարձնել երկիր, որը քանդում է իր լեռները, հանում ոսկին ու հումքը և արտահանում դրանք՝ վերածվելով համաշխարհային տնտեսության հումքային կցորդի։
Թե՞ ուզում ենք Հայաստանը դարձնել մաքուր, առողջ, տեխնոլոգիական երկիր՝ գրավիչ զբոսաշրջության, առողջարանային բժշկության, IT-ի, գիտության և բարձրարժեք ներդրումների համար։
Ամուլսարի շահագործումը հատկապես անհեթեթ է նրանով, որ հանքը գտնվում է Ջերմուկի անմիջական տնտեսական ու էկոլոգիական միջավայրում։
Ջերմուկի գլխավոր կապիտալը հանքային ջուրը, մաքուր օդը, բնությունը և առողջարանային համբավն են։ Պատահական չէ, որ Խորհրդային Միությունը նրան շնորհել էր միութենական նշանակության հանգստավայրի կարգավիճակ։ Դա հարյուրամյակների տնտեսական ռեսուրս է, որը Փաշինյանը ձեռքի մեկ շարժումով ոչնչացնում է։
Մեզ ասում են՝ եկեք այդ ռեսուրսի կողքին բաց հանք աշխատեցնենք, իսկ փոխարենը տարեկան հարկեր ստանանք։ Կառավարությունը հպարտանում է մոտ 130 միլիոն դոլար տարեկան հարկերով ու ռոյալթիներով։
Լավ։ Իսկ որտե՞ղ է հաշվարկի մյուս կեսը։
Որքա՞ն է արժենալու առողջապահական հնարավոր վնասը։
Որքա՞ն կարող է արժենալ Ջերմուկի միջազգային առողջարանային բրենդի կորուստը։
Որքա՞ն ներդրում չի արվելու հյուրանոցներում, առողջարաններում, վերականգնողական բժշկության մեջ, եթե Ջերմուկը միջազգային շուկայում սկսի նույնացվել ոչ թե առողջության, այլ աղտածին հանքի հետ։
Այս թվերը կառավարությունը մեզ չի ներկայացնում։
Որովհետև այդ թվերը ներկայացնելու դեպքում կարող է պարզվել, որ «հաջողության պատմության» տնտեսական հաշվեկշիռը լիովին կեղծված է։
2019 թվականին, երբ Ամուլսարի հարցը հասարակական մեծ ճգնաժամ էր առաջացրել, իշխանությունը խոսում էր լրացուցիչ ուսումնասիրությունների, անկախ փորձաքննության, բնապահպանական բոլոր հարցերին պատասխանելու անհրաժեշտության մասին։ ELARD-ի զեկույցը խնդիրներ և թերություններ էր արձանագրում նախկին գնահատականների մեջ։ Այն ժամանակ նույնիսկ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունն էր քննարկվում։
Գիտական կասկածները քաղաքական հայտարարությամբ չեն վերանում։ Իսկ այսօր Փաշինյանը պարզապես հայտարարում է, որ այդ ռիսկերը «տեղ չունեն»՝ չունենալով դրա համար որևէ հիմնավորում կամ նոր հետազոտություն։ Եվ չկան պայքարող «կանաչներ», բնապահպանների ՀԿ-ներ։ Որովհետև մի արվեստ, եթե կա, որում Նիկոլը հմտացել է, դա սեփական ժողովրդին խաբելու և կոտրելու արվեստն է, որի համար էլ իրեն այսօրվա տերերը պահում, գուրգուրում են։
Հայտարարության պահն էլ է ոսկերչական ճշգրտությամբ ընտրված՝ անմիջապես ընտրական կրքերը հանգստանալուց հետո։ Եթե նման բան արվեր ընտրություններից առաջ, ընտրությունները կեղծելը անհամեմատ ավելի դժվար էր լինելու։
Սա իրականում մեկ հանքի պատմություն չէ։ Ընտրություններից առաջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցության հուշագիր։ Ինքնին միջազգային համագործակցությունը խնդիր չէ։ Հարցն այն է, թե Հայաստանը այդ համագործակցության մեջ ինչ դեր է ընտրում իր համար։
Մենք դառնալո՞ւ ենք հումք մատակարարող տարածք, որտեղ ուրիշների արդյունաբերության համար հանքանյութ են հանում՝ սեփական ժողովրդի առողջության հաշվին։
Թե՞ ձգտելու ենք նրան, որ Հայաստանում ստեղծվեն տեխնոլոգիաներ, իսկ տնտեսությունը հենվի վերամշակման, գիտության և վերջնական բարձրարժեք արտադրանքի վրա։
Ոսկու հանքը շահագործումից հետո դադարում է գործել՝ թողնելով ավերածություն ու աղտոտվածություն։
Ջերմուկի ջուրը, օդը և բնությունը, եթե պահպանվեն, կարող են հարստություն ստեղծել հարյուրավոր տարիներ։
Հանքանյութը արտահանում ես մեկ անգամ։
Գիտելիքը, IT-ն, տուրիզմը, առողջարանային բժշկությունը և մաքուր բնությունը կարող են երկիրը կերակրել սերունդներով։
Ուրեմն հարցը շատ պարզ է։
Հայաստանը պիտի դառնա՞ հանք, թե՞ երկիր։
Երկրի ու ժողովրդի շահով առաջնորդվող մարդու պատասխանը հստակ է։
Հայաստանի ապագան մեր ընդերքի մեջ չէ։
Հայաստանի ապագան մեր մարդկանց առողջ լինելու և ստեղծագործելու, մեր բնության մեջ է և այն երկրում, որը մենք թողնելու ենք հաջորդ սերնդին։
Լևոն Զուրաբյան

Բաց մի թողեք
Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները
«Վերջին պահին բերել եք ԱԺ՝ արտահերթով». Մանուկյանը՝ փոխնախարարին
Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար