Հոկտեմբերի 14-ին Վեդի համայնքում կայանալիք ավագանու նիստի օրակարգում ուշագրավ հարց են ներառել.
«Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 26-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վեդի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վեդի համայնքի ավագանին որոշում է. Վեդի համայնքի հասարակական կյանքի, քաղաքաշինության, սպորտի, մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած բացառիկ ավանդի համար ՀՀ քաղաքացի՝ Գարիկ Մնացականի Սարգսյանին շնորհել «Վեդի համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում:
Արարատի նախկին մարզպետ, Վեդիի նախկին համայնքապետ, այժմ՝ ԱԺ պատգամավոր Գարիկ Սարգսյանը հանրության շրջանում հայտնի է «կոկորդիլոսագետ» մականունով՝ 2018-2019 թվականներին արած հայտարարությունների պատճառով, որոնք վերաբերում էին մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագրին: Ըստ նրա՝ ինքն ուսումնասիրել է, թե կենդանիների ո՞ր խմբին են դրանք պատկանում. «Ես ավելի շատ կենսաբանի ու կենդանիների ուսումնասիրման մասնագետ եմ դարձել: Կոկորդիլոսն իր ամբողջ օրգան համակարգերով մոտ է թռչուններին: Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»: Իսկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով մարզում կոկորդիլոսաբուծարանի ստեղծման մասին, Սարգսյանը նշել է8, որ կոկորդիլոսի ձվերի ներմուծման մաքսային խնդիրը հարթվել է, ձվերը ներմուծվել են թռչնի ձվի կոդի տակ: Բայց կոկորդիլոսաբուծության ծրագրերը մնացին թղթի վրա՝ հարուստ նյութ տալով հայկական ժամանակակից հումորիստներին։
Օրեր առաջ էլ՝ Գարիկ Սարգսյանին հարց էին տալիս Վեդի եւ Արարատ համայնքներ խոշորացումից, թե՝ Վեդին միանում է Արարատին եւ կձեւավորվի Արարատի խոշորացված համայնք, ինչպես է ինքը, որպես Վեդի համայնքի նախկին ղեկավար, գնահատում դա. «Վեդին չի միանում Արարատին, ոչ էլ՝ Արարատն է միանում Վեդիին, Վեդին եւ Արարատը միանում են իրար: Վեդին ա եղել միշտ մարզկենտրոն, Արարատը, որ դարձավ միավորված կենտրոն, դա չի նշանակում, որ Վեդին միանում է Արարատին, քանի որ Վեդին իր բնակավայրերի թվով եւ իր բնակչությամբ ավելի մեծ է Արարատից», -ասել էր Գարիկ Սարգսյանը:
Եզրակացություն՝ Գարիկ Սարգսյանին ոչ միայն «համայնքի հասարակական կյանքի, քաղաքաշինության, սպորտի, մշակույթի և արվեստի զարգացման գործում ներդրած բացառիկ ավանդի համար» է պետք պատվավոր կոչում շնորհել, այլ՝ «մտքի փայլատակումների» եւ հանրությանը զվարճացնելու մեծ ունակության համար:

Բաց մի թողեք
Շինարարների փողոցում ինչո՞ւ քանդեցին խանութները, ի՞նչ է սպասում դրանց սեփականատերերին
Բացահայտվել է ևս մեկ կարևոր հանգամանք
«Լավ սովորեիր, նիկոլական չէիր լինի». «Նենց դեմք ունես, ոնց որ օբիժնիկ լինես». ՀՀ քաղաքացին Աջափնյակի թաղապետին