20/10/2026

EU – Armenia

Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու

Հունիսի 7-ի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հանրությանը խոստանում էր կայուն խաղաղություն, հայտարարում էր, որ ինքը խաղաղություն է բերել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ, եւ շուտով այն վերջնականապես կստորագրվի:

Հրապարակ թերթը գրել է․ Սակայն պարզվում է` իրավիճակ է փոխվել, հիմա հայտարարում է, որ խաղաղության վերջնական հաստատման կհասնենք 2031 թվականին։

Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում նա ասել է. «Ես նաեւ ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել եւ կոնկրետ ժամանակացույց՝ մինչեւ 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը։ Բնականաբար, սա նաեւ կառավարության եւ ընդհանրապես մեր քաղաքական թիմի անելիքն է։ Բայց ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, նաեւ իմ անձնական օրակարգի առումով շատ կարեւոր եմ համարում, որ մենք այս խնդիրը մինչեւ 2031 թվականը լուծենք»։

Նաեւ նշել է, որ տեսնում է այդ նպատակին հասնելու հնարավորությունը՝ միաժամանակ երկրորդ պլան չմղելով մյուս ռազմավարական ծրագրերը, եւ հիշատակել է TRIPP նախագիծը, հաղորդակցությունների բացումը, տնտեսական զարգացումը, ինչպես նաեւ՝ հեղափոխության ժամանակ ձեւավորված օրակարգերը։ Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ու վավերացմամբ կամփոփվի Հայաստանի եւ ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մի էական փուլ, եւ կբացվի նորը՝ նոր ուղղություններով ու տրամաբանությամբ։

Այսինքն, խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքումից Փաշինյանը հույսը կտրել է: Թեեւ պարզ չէ, թե ինչ նոր խոչընդոտներ են առաջացել, չէ՞ որ Ալիեւի օգնական Հաջիեւը վերջերս հայտարարել էր, որ խաղաղության փաստաթղթի կնքմանը խանգարում է բացառապես ՀՀ գործող սահմանադրությունը, իսկ հայտնի է, որ նոր սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է, ուրեմն ինչի՞ վրա է ծախսվելու այդ 5 տարին:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նկատում է. «Սահմանադրության փոփոխությունն էլ պարզապես պատրվակ է: Ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ Թուրքիան չեն ուզում խաղաղություն: Իրենց պետք չէ որեւէ խաղաղության գործընթաց: Նրանց խաղաղություն հարկավոր չէ մի պարզ պատճառով՝ Ադրբեջանին եւ Թուրքիային պետք չէ Հայաստան անունով հարեւան: Նրանք ամեն բան անում են Հայաստանը վերացնելու ուղղությամբ, ինչպես վարվեցին Արցախի հետ, իսկ Թուրքիան էլ իր հերթին մի քանի պետություն ուղղակիորեն ոչնչացրեց:

Օրինակ` Սիրիա, Իրաք եւ այլն: Այդ երկրները թեպետ, որպես այդպիսին, դեռ կան քարտեզի վրա, սակայն ոչնչացված են: Տարիների աշխատանքի արդյունքում Թուրքիան հասավ իր ցանկությանը: Նրանց նպատակը նույն բանը Հայաստանի հետ անելն է, եւ իրենք անգամ չեն էլ թաքցնում դա: Այլ հարց է, թե որքանով ենք մենք դա հասկանում եւ որքանով ենք կարողանում եզրակացություններ անել: Բայց որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց հայատյաց նպատակների մասին չեն էլ թաքցնում, դա փաստ է:

Ադրբեջանը ստում է` որեւէ պարագայում խաղաղության պայմանագիր չի կնքելու: Հայաստանին խաղաղությունը ձեռնտու է, այլ հարց է, թե Հայաստանից բացի էլ ում է ձեռնտու: Մենք պետք է իրականության զգացումը չկորցնենք, խաղաղությունը լավ բան է, բայց այս պարագայում իրատեսական չէ»: