02/11/2026

EU – Armenia

Փաշինյանն ամեն օր իր դեմ հարուցվելիք քրեական գործերին նոր հոդվածներ է ավելացնում

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն իրականում պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Խոսքը վարչապետի՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթացի վերաբերյալ հայտարարության մասին է։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմանը, ապա դա կնշանակի, որ դեմ է նաև Ադրբեջանի հետ վերջնական և համապարփակ խաղաղությանը։

«Եթե մենք դրական պատասխանների պայմաններում գնանք նոր Սահմանադրության ընդունման գործընթացով, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրատեղամասեր ու հանրաքվեի ընթացքում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: Եթե պարզվի՝ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացն ու դեմ է արտահայտվում դրան, կնշանակի՝ դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական ու համապարփակ խաղաղությանը»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նաև ներկայացրել է, թե ինչ պետք է անի իշխանական մեծամասնությունը նման իրավիճակում՝ նշելով, որ ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում պետք է ձևավորվի։

Արձագանքելով այս հայտարարություններին՝ Գեղամ Մանուկյանը նշել է, որ Փաշինյանն ամեն օր իր դեմ ապագայում հարուցվելիք քրեական գործերի համար նոր հիմքեր է ստեղծում։ Պատգամավորը հիշեցրել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, երբ վարչապետի կողմնակիցները շրջափակել էին Ազգային ժողովի շենքը։

Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ պատգամավորների նկատմամբ ճնշումների պայմաններում իրականացված քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել։