ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ մատնանշելով, որ վերջինս չի կարողացել հստակ պատասխանել պատգամավորների՝ տնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցերին։
Ղազարյանի խոսքով՝ նախարարը չի պատասխանել խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ պետական բյուջեի և մակրոտնտեսական երկու կարևոր ցուցանիշների վերաբերյալ հարցերին, ինչպես նաև հստակ տեղեկություններ չի ներկայացրել Նոնա Ավետիսյանի՝ ներդրումների վերաբերյալ հարցադրմանը։
«Եթե դուք ֆինանսների նախարար եք ու թվերը չգիտեք, բա ի՞նչը գիտեք»,- դիմելով Վահե Հովհաննիսյանին՝ հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարց ուղղեց՝ կապված Արցախի կառավարությանն ուղղված ֆինանսական հատկացումների և դրանց արդյունքում ստեղծված գույքի հետ։
Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ պետական բյուջեից միլիարդավոր դրամներ է հատկացրել Արցախի կառավարությանը, այդ թվում՝ 2023 թվականին, երբ, ըստ պատգամավորի, 2022-ին Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով՝ այդ միջոցներով Արցախում կառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ և ճանապարհներ։
Պատգամավորը նախարարից պահանջեց ներկայացնել, թե որքան գումար է Հայաստանի կառավարությունը փոխանցել Արցախին, ինչ ծավալի նյութական կորուստներ են արձանագրվել, և արդյոք իշխանությունները գնահատել են այդ կորուստների ընդհանուր չափը։
Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում պատասխանել պատգամավորի հարցին՝ այն անիմաստ համարելով։
«Ինչքա՞ն փող է տրվել Արցախին ու նյութական կորուստն ինչքա՞ն է, որ մեր ժողովուրդն իմանա՝ ի՞նչ չափի թալան եք իրականացրել ձեր պաշտոնավարման շրջանում։ Թալանի չափը գնահատե՞լ եք»,- ասել է նա:


Բաց մի թողեք
Իտալական «Ilva»-ի պողպատաձուլական ճգնաժամը. կա երկու գնորդ, բայց ո՞վ է վճարելու ծախսերը
Որքա՞ն թույլ կտանք մսի և կաթնամթերքի խոշոր արտադրողներին խաթարել կլիման
Հոլանդացիները դեմ են արտահանման վերահսկողությունը խստացնելու ԱՄՆ-ի «անընդունելի» առաջարկին