Բնակարանային գողության դեպք է բացահայտվել թարմ հետքերով։
Փետրվարի 24-ին ոստիկանության Տավուշի բաժին է դիմել Երևանում բնակվող 61-ամյա Շաքար Ե․-ն և հայտնել, որ փետրվար ամսվա առաջին օրերին անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իր տանը չբնակվելու հանգամանքից, մտել են Մովսես գյուղում գտնվող իր տուն և կատարել գողություն։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Տավուշի բաժին բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Արմեն Ա․-ին և 35-ամյա Աշոտ Ա․-ին։
Վերջիններս խոստովանել են, որ իրենք են մտել նշված տուն, տանը կից շինության պատուհանին դրված քարի տակից վերցրել նկուղի բանալիները, ապա մտել առաջին հարկի նկուղ և այնտեղից գողացել տարբեր տարողությամբ շուրջ 230 լիտր օղի, 1 հատ բենզինով աշխատող սղոց, 25 հատ մսի պահածոներ, 1 հատ այրիչ (գարելկա), խոհանոցային դանակների հավաքածու, երկրորդ նկուղից գողացել են տեսաձայնագրման «DVR» համակարգը, բակից գողացել են 1 հատ տեսանկարահանող սարք, ինչպես նաև բանալիով դուռը բացելու միջոցով մուտք են գործել տուն, խառնել տան իրերը և գողացել 1 հատ մազ կտրելու էլեկտրական սարք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած Շաքար Ե․-ին պատճառվել է մոտ 900 հազար դրամի վնաս։
Կասկածյալները ոստիկանության Տավուշի բաժնից ներկայացվել են Բերդի քննչական բաժին:
Բաց մի թողեք
Երկրորդ անգամ նույն խանութը թալանելուց հետո գողերը բռնվել են
Ինչ միջոցառումներ են իրականացվում հանրապետության ճանապարհներին. ՆԳՆ-ն մանրամասնել է. Լուսանկար
ՊՊԳՎ ծառայողը հափշտակել է մոտ 21 հազար լիտր բենզին. կազմված փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն